Մենք ենք, մեր այգին ու մեղուները

Jul 06, 2012 23:40


Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք, մեր սարերը»-ն եմ սկսել վերընթերցել: Վարպետի հանճարեղ մտքերից:

...Իսկ ձորում, գետի ափերով վար՝ մինչև ներքևի գյուղի այգիները և ափերով վեր՝ մինչև ուր հասնում է քաղցրացնող շոգը, նեղ շերտով գնում է Անտառամեջի այգին: Այդտեղ, զովի և շոգի սահմանագլխին, գետը ծունկ է տալիս: Այդ ծունկը սեղանի պես հարթ ու բարձր մի տափարակ է, անունը Աթոռիկ, սևահողի վրա կուշտ ու փարթամ ծփացող կանաչով, որի մեջ շախմատաձև շարված են մեղվանոցի կապույտ փեթակները՝ թվակալած մեկից մինչև հինգ հարյուր երեսուն: Յոթ վերստ շառավղով կանգնած է մեղվանոցի թանձր գվվոցը, մեկ վերստ շառավղով կանգնած ծփում է մեղրի տաք բույրը: Երևի արջերը ժայռի տակ, գետի մյուս ափին պպզում են ու նայում վեր, և երևի ժայռի գլխին ժպտում է ծերունի մեղվապահը՝ ակնոցը քթին.- Արի¯, արի¯...
- Իհա՜րկե Անտառամեջն օրինա՛կ կբերեք,- շրջանային խորհրդակցություններում փնթփնթում են ուրիշ գյուղերի ղեկավարները: -Անտառամեջն իմ գյուղը լինե՜ր... Նրանց մեղվանոցը... Աստված տվել է ու չի խնայել:
Ազնիվ խոսք, աստված բոլորին է տվել: Միայն թե աստված, գետի մեջ խրված Աթոռիկ տալով, մեղվանոցը շախմատաձև չի շարել վրան: Այդքանը թողել է մարդկանց: Եթե մարդիկ հակված չեն Երկիր մոլորակի իրենց տեղամասը պարտեզ դարձնելու, ապա կամ տափարակը չեն գտնի, կամ կգտնեն՝ նրա գլխին չի լինի սաժենանոց սևահող, կամ, ով գիտե, պակաս կլինի մի ուրիշ բան:

Չեք համաձայնի՞:

Հրանտ Մաթևոսյան, գրադարան, մեր մեծերը, գրականություն

Previous post Next post
Up