Բողոքի ակցիա իրականացնելը կտրականապես արգելվում է

Mar 01, 2011 13:04

Երեկվա թիվ մեկ թեման թերևս քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա իրականացնող մարդկանց և նրանց դեմ բռնություն կիրառած ոստիկանների թեման էր: Միթե քաղաքապետարանի պատասխանատու անձանց համար պարզ չէ, որ ուժի միջոցով բողոքի մասնակիցներին ցրելով հարցը լուծել հանարավոր չէ: Դրանով միայն կարելի է ավելի բորբոքել մարդկանց` կրակի վրա յուղ լցնելով, և եղածների փոխարեն միայն հրահրել նորանոր խմբերի` նոր բողոքի ակցիաներ իրականացնելու համար:


Եվ այս ամենը այն դեպքում, երբ ՀԱԿ-ը արդեն հրապարակավ հայտարարել է նոր ակտիվացման փուլ, այսինքն, նոր հանրահավաքների, երթերի և ցույցերի ալիք սկսելու մասին: Սակայն, որքան էլ զարմանալի է, ՀԱԿ-ի այս գործելաոճը փոխանակ դրդի քաղաքապետարանին և մյուս, ավելի բարձր, օղակներին, ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու, տարբեր խմբերի խնդիրները լուծելու համար նոր առաջարկներ մտածելու, դրա փոխարեն բիրտ ուժ է կիրառում նման խմբերի ներկայացուցիչների հանդեպ: Սրանով, նրանք, փաստորեն, չհասկանալով, ջուր են լցնում ընդդիմության ջրաղացին, նրանց կողմից նախատեսվող հանրահավաքին նորանոր մարդկանց տրամադրելով:
Սա առնվազն անհասկանալի է: Ինչպես կարելի է ոստիկանների միջոցով փետրվարի 27-ին բռնի կերպով ցրել քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներին, երբ ընդամենը 2 օր հետո, մարտի 1-ին կայանալու է ՀԱԿ-ի հանրահավաքը: Մնում է միայն ենթադրել, որ համապատասխան մարմինների մոտ պարզապես բացակայում է ռազմավարական, հեռահար քաղաքական մտածողությունը, իր տեղը զիջելով զուտ կարճաժամկետ, տվյալ պահին շոշափելի արդյունք ստանալու մտածելակերպին:

բողոք, քաղաքապետարան

Previous post Next post
Up