Ո՞րն է ի վերջո Հայաստանի քաղաքական դաշտի գերծանրքաշային ուժը

Apr 13, 2011 17:04

Ապրիլի 11-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի մշտական անդամ Լի Չանչունի գլխավորած պատվիրակության անդամներին, որի ժամանակ ընդգծվեցին երկու երկրների միջև դարավոր բարեկամությունը և երկկողմանի հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:
Այնուհետև չինական պատվիրակության անդամներին ընդունեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որի ժամանակ նշվեց Երեւան եւ Պեկին քաղաքների միջեւ քույր-քաղաքներ հարաբերությունների, ինչպես նաեւ Հայաստանի Լոռի մարզի եւ Չինաստանի Շանսի նահանգի միջեւ համագործակցության հաստատման վերաբերյալ: Նույն օրը կայացավ հայ-չինական գործարար համաժողովը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Այս պաշտոնական ընդունելությունների և միջացառումների ֆոնին, որոնք, բնականաբար նախօրոք ծրագրված և ընդգրկված էին չինական պատվիրակության օրակարգի մեջ, բավականին հետաքրքիր երևաց Գագիկ Ծառուկյանի հանդիպումը չինական պատվիրակության անդամների հետ: Այսինքն, չինական պատվիրակությունը հանդիպեց ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի և Գագիկ Ծառուկյանի հետ, ինչը ինքնին խոսուն փաստ է: Ինչպես նշում է ԲՀԿ-ի կայքէջը, հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին էլ ավելի խորացնել ԲՀԿ-ի և Չինաստանի Կոմկուսի միջև հարաբերությունները, իսկ, որ ամենաուշագրավն է, չինական պատվիրակության ղեկավար Լի Չանչունը Գագիկ Ծառուկյանին հրավիրեց պատասխան պաշտոնական այցով հյուրընկալվել Չինաստանում:
Իսկ հիմա հարցին նայենք ըստ էության: Նախ հիշեցնենք, որ Լի Չանչունի գլխավորած պատվիրակությունը Հայաստան էր ժամանել ՀՀԿ-ի հրավերով: Սակայն նույն ՀՀԿ-ի մասով որևէ պատասխան հրավեր` այցելելու Չինաստան, չի եղել: Այնինչ, նման հրավեր եղել է ԲՀԿ-ի դեպքում: Ավելին, բոլորն էլ գիտեն, որ թե' ՀՀ նախագահը, թե' ԱԺ նախագահը և թե' վարչապետը ՀՀԿ անդամներ են, սակայն այս դեպքում նրանք բոլորը հանդիպել են չինական պատվիրակության անդամների հետ ոչ թե որպես ՀՀԿ-ի ներկայացուցւիչներ, այլ որպես Հայաստանի Հանրապետության պետական գործիչներ, ներկայացնելով պետությունը և ոչ թե Հանրապետական կուսակցությունը:
Այս դեպքում հարց է առաջանում. Իսկ ինչու չինական պատվիրակությանը չընդունեց ՀՀԿ-ն, որպես կուսակցություն, օրինակ Գալուստ Սահակյանի, Ռազմիկ Զոհրաբյանի կամ որևէ այլ մեկի միջոցով: Չէ որ այս պատվիրակությունը Հայաստան էր ժամանել հենց իրենց հրավերով (ի դեպ, օդանակավակայանում չինական պատվիրակությանը դիմավորել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը): Այնինչ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Լի Չանչունի հետ:
Եվ, թերևս, հենց դրա համար էլ չինական պատվիրակությունը ԲՀԿ-ին առաջարկեց պատասխան այցով այցելե Չինաստան, այնինչ ՀՀԿ-ն, որպես հրավիրող կուսակցություն, մոռացության մատնվեց: Իսկ թե ինչի մասին է սա խոսում, և ինչ հետևություններ կարելիէ անել ՀՀ “թիվ 1 կուսակցության” վարկանիշի և ակտիվության մասին, թողնում ենք ընթերցողի դատողությանը: Ի վերջո, նման իրադարձությունների ֆոնին ակամայից հարց է առաջանում. “Որն է ի վերջո Հայաստանյան քաղաքական դաշտի գերծանրքաշային ուժը”: Իներցիայով իր անունը պահպանած, բայց որպես կուսակցություն վաղուց արդեն պասիվ փուլում գտնվող ՀՀԿ՞-ն, թե՞ մշտապես, տարբեր ակցիաներով և միջոցառումներով ակտիվ գործունեության փուլում գտնվող ԲՀԿ-ն: Վերջին իրադարձությունը ցույց տվեց, որ պատասխանը ամենևին էլ ՀՀԿ-ի օգտին չէ: Իզուր չեն ասում, որ ՀՀԿ-ից վաղուց արդեն մնացել է միայն անունը:

ՀՀԿ, Գագիկ Ծառուկյան, ԲՀԿ

Previous post Next post
Up