Ճանապարհորդություն Կալիֆորնիայով, օր առաջին

Aug 24, 2020 22:49

Այս ամռանը պետք է գնաինք Հայաստան, բայց այս գրիպի հիմար պատմության պատճառով գնալը չեղարկվեց: Ես առանց երկար մտածելու որոշեցի գնալ Կալիֆորնիայի հեռավոր մասերը տեսնել: Քանի որ Կալիֆորնիայի զբոսաշրջիկային կարգախոսն է "Երազիր մեծ"(California Dream Big) որոշեցի վերջապես այցելել տեղեր որոնց մասին երկար ժամանակ է որ երազում էի՝ Տահո լիճը, Լասեն հրաբուխը, մայրաքաղաք Սակրամենտոն, և նույնիսկ Սեվաստոպոլը, այո-այո, Սեվաստոպոլը: Եվ քանի որ ճանապարհորդության մեծ մասը պետք է մեքենայում անցկացնեի պլանավորել էի գնալ մենակով: Բայց տղաս իմանալով հրաբուխի մասին ուզեց ինքն էլ գա, հետո համոզեց քույրիկին, հետո երկուսով համոզեցին մայրիկին, և վերջում գնացինք չորս հոգով :)
Ճանապարհորդությունը պլանավորել էի վեց օրով և հինգ գիշերակացով:
Օր առաջին (Glendale - Red Rock Canyon State Park -Patriarch Grove- Mammoth Hot Springs - French Camp).
Դուրս եկանք Գլենդեյլից առավոտյան ժամը 9:00: Երկու ժամ մեքենա վարելուց հետո առաջին կանգառը եղավ Ռեդ Ռոք Քանյոնը (Red Rock Canyon SP):



Շատ գեղեցիկ վայր է, համարյա մեր Երանոսի լեռների նման գեղատեսիլ :)


Զմայլվեցինք գեղեցկությամբ, հանգստացանք և շարունակեցինք ճանապարհը:
Երեք ժամից հասանք մեր երկրորդ կանգառին՝ Փաթրիարք Գրուվին, որը գտնվում է Վայթ Մաունթայն (White Mountain) սարի լանջին:.



Այստեղ աճում են բուսական աշխարհի պատրիարքները, որոնց թվում է նաև երկրագնդի ամենահին կենդանի օրգանիզմը՝ Մեթուսելան ով համարյա 5000 տարեկան է: Մեթուսելայի գտնվելու ճշգրիտ վայրը գիտնականները թաքցնում են: Մեթուսելայի մյուս բարեկամները որ պակաս տպավորիչ են:


Այստեղ ևս մի քիչ հանգստացանք, հաց կերանք, և շարունակեցինք ճանապարհը: Հա, ի դեպ, Վայթ սարի գագաթը (4344 մ) ես բարձրացել եմ 2017 թվականին:
Երրորդ կանգառը Մամըթի տաք ջրերն էին (Mammoth Hot Springs): Այս տարածքում գտնվում են բազմաթիվ աղբյուրներ որոնք 700,000 տարի առաջ տեղի ունեցած հրաբխային ժայթքման արձագանքն են: Աղբյուրները համարյա մեր Հանքավանի տաք ջրի նման հաճելի են և օգտակար :)


Ուզում էինք լողանալ աղբյուրներից մեկում (Crab Cooker Hot Springs), բայց պարզվեց որ Կովիդից մեր կյանքը փրկելու համար այն փակել էին: Ոչինչ, կարևորը մենք փրկված էինք:
Մի քիչ ման եկանք և գնացինք գիշերակացի վայրը որը կրում էր Ֆրենչ Քամփ (French Camp) անունը:



Բավականին լավ վայր եր գետակի հարևանությամբ: Խփեցինք վրանը, հաց կերանք և պարկեցինք քնելու:  

բնության հուշարձաններ, Կալիֆորնիայի բնությունը

Previous post Next post
Up