Եթե ինձ հարցնեն Հայաստանի ամենահետաքրքիր կենդանու մասին, ես առանց հապաղելու կպատասխանեմ՝ Որդան կարմիրը: Եվ իսկապես, Հայաստանի ամենայուրահատուկ միջատը դա անկասկած Արարատյան որդան կարմիրն է, նույն ինքը Porphyrophora hamelii (Armenian cochineal, Ararat scale): Ամեն ինչ իր մոտ արտասովոր է և՛ արտաքին տեսքը, և՛ կենսաբանությունը, և՛ պատմամշակութային նշանակությունը:
Որդանի նկարագրությունը կսկսեմ փոքրիկ պատմական էքսկուրսից:
Միջատի մասին առաջին հիշատակումները կարող ենք գտնել դեռ առաջին հայոց պատմագիրների աշխատանքներում: Այսպես, Մովսես Խորենացին (մ. թ. V դ.) գրում է. "և ունի Այրարատ լերինս և դաշտս, և զամենայն պարարտութիւն և ծովակն Գայլոտոյ, և որդն յարմատոյ սիզոյ առ ի զարդ կարմրութեան գունոյ": Ղազար Փարպեցին (մ. թ. V դ.) իր Պատմության մեջ ևս անդրադառնում է որդանին. "Նաև զարմատս եղեգնասեր բուսոցն ոչ ընդունայն սնուցանէ յինքեան ամենաբաղձ դաշտն Այրարատոյ, այլ և ի նմանէ ծնեալ որդունս, ի զարդ կարմրատեսիլ գունոց, ընծայէ ոգտասիրացն շահս և շքեղութիւնս": Պահպանվել են նաև բազմաթիվ միջնադարյան պատմագիրների վկայությունները, մասնավորապես արաբ պատմագիրների որդանի մասին, սակայն այստեղ բոլորը թվարկել նպատակահարմար չի:
Ժամանակակից գիտական գրականության մեջ որդանը որպես նոր տեսակ նկարագրվել է
Բրանդտի կողմից 1833 թվականին: Բրանդտը տեսակը անվանել է ի պատիվ Համելի: Այդ իսկ պատճառով տեսակի լատիներեն անունը գրվում է Porphyrophora hamelii (Brandt, 1833), իսկ ավելի ճիշտ՝ Porphyrophora hamelii (Brandt in Brandt & Ratzeburg, 1833):
Այստեղ կա նկարագրության սկզբնաղբյուրը:
Իսկ սկսվեց ամեն ինչ նրանից, երբ Էջմիածնի վանքի վարդապետ Սահակ Տեր-Գրիգորյանը (նույն ինքը Սահակ Ծաղկարարը) ուղարկեց Կովկասի կառավարչապետ բարոն
Ռոզենին (ում անունն է ի դեպ կրում Հայաստանի ամենագեղեցիկ
մկնասոխը) որդանի նմուշներ: Ռոզենը նմուշները ուղարկեց Պետերբուրգ, որտեղ նրանց ուսումնասիրությունը հանձնվեց Պետերբուրգի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս
Համելին: Այստեղ փոքր ինչ շեղվեմ և ասեմ, որ երբ 1853 թվականին Համելին գործուղում էին ԱՄՆ իրենից ստորագրություն են վերցնում, որ Ամերիկայում չհամարձակվի ուտել մարդու միս :)) Ինչի հետ է կապված այս հիմար կարգադրությունը, պարզ չԷ: Լավ, անցնենք որդանին: Համելը կատարում է բավականին մեծ աշխատանք պատմական տվյալներ հավաքելով, լեզվաբանական վերլուծություն կատարելով և որդանի կենսաբանության և տարածման վերաբերյալ տվյալներ մշակելով: 1833 թվականին հրատարակում է իր ծավալուն աշխատանքը, որը շատ հետաքրքիր և արժեքավոր աշխատանք է, որը մինչ օրս պահպանում է իր արդիականությունը: Հոդվածը գերմաներեն լեզվով էր, և 1835 թվականին հրատարակվում է ռուսերեն տարբերակը: Երկու տարբերակն էլ ներքևում կան, ում հետաքրքիր է կարող է ներբեռնել և ծանոթանալ:
Ներքևի նկարում ռուսական հոդվածի միջի պատկերազարդումն է: Տեսնում ենք որդան կարմրի առաջին գիտական պատկերը, ի դեպ բավականին բարձր որակով:
Մի փոքր էլ շեղվեմ և ներկայացնեմ Ալիշանի Այրարատ (1890) գրքից որդանի նկարը, որը իրականում մեր որդանը չէ, այլ հավանաբար մեքսիկական որդանն է (Coccus cacti)՝ լրիվ ուրիշ ցեղից: Դե հասկանալի է, որ հեռավոր 1890 թվականին Ալիշանը հեռավոր Ս. Ղազարում հնարավորություն չի ունեցել ծանոթանալու մեր արարատյան որդանի հետ :)
Արարատյան որդան կարմիրը մտնում է Հսկա որդանների, կամ Մարգարոդիդների (Margarodidae) ընտանիքի, Կոկցիդների (Coccoidea) վերնաընտանիքի, Հավասարաթևավորների (Homoptera) կարգի մեջ: Հսկա և կարմինատու որդանների ընտանիքը կազմված է ըստ տարբեր տվյալների 10-ից մինչև 70 ցեղերից: Porphyrophora ցեղը ևս ըստ տարբեր աղբյուրների բաղկացած է 30-ից մինչև 50 տեսակներից: Հայաստանում հանդիպում են ցեղի երեք ներկայացուցիչ՝ Համելի որդանը (Porphyrophora hamelii, Brandt), ցորենի որդանը (Porphyrophora tritici, Bodenheimer) և լեռնային որդանը (Porphyrophora monticola, Borchsenius): Արժե նշել, որ ցեղը և ընտանիքը Հայաստանում գրեթե ուսումնասիրված չեն: Սովետական ժամանակաշրջանում կատարվում էին բավականին լայնածավալ աշխատանքներ, բայց անկախությունից հետո մեծածավալ հետազոտություններ չեն կատարվել:
Տարածվածությունը: Ամբողջ երկրագնդի վրա Որդան կարմրին կարելի է գտնել միայն Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի և Թուրքիայի ու Իրանի հայաստանամերձ շրջաններում: Հայաստանում այն տարածված է հիմնականում Արարատյան դաշտավայրում, շատ ցրված առանձնյակներով: Այն ապրում է հատուկ քիմիական կազմ ունեցող աղուտներում, ծովի մակերեսից 800-900 մետր բարձրության վրա:
Ահա աղուտի տիպիկ տեսքը, որտեղ բնակվում է որդան կարմիրը:
Որդան կարմիրը սնվում է միայն երկու տեսակ բույսերի վրա՝ որդանախոտի (Aeluropus littoralis) և եղեգի (Phragmites australis):
Ներքևում որդանխոտն է մոտիկից:
Aeluropus littoralis
Միջատների բոլոր մասերը պարունակում են բոսորագույն ներկ Կարմինաթթու (քիմիական բանաձևը՝ C22H20O13), որից ստանում են Կարմին ներկը: Կա ենթադրություն, որ Կարմինաթթուն արտադրվում է միջատների կողմից որպես պաշտպանիչ միջոց, բայց մի շարք կենդանիներ ուտում եմ որդանին առանց վնասի, ուստի այդ ենթադրությունը վիճելի է:
Որդանի կարմրածիրանի գույնը իրոք յուրահատուկ է: Ափսոս, որ նկարները չեն կարող լիովին փոխանցել միջատի գույնի նուրբ երանգները:
Հավանաբար հենց գույնով էր առաջնորդվում Բրանդտը, երբ որ միջատի անունն էր որոշում, քանի որ Porphyrophora անունը թարգմանաբար նշանակում է պորփյուր, արքայական ծիրանի տվող: Միջատից ստացվող ներկը դեռ վաղ ժամանակներից համարվում էր թանկարժեք ներկ, որով ներկում էին միայն թագավորների զգեստները: Ներկը հետագայում սկսեցին օգտագործել նաև գորգեր, կտորներ ներկելու, նկարչական ներկեր ստանալու համար: Տեղեկություններ կան նաև որդան կարմրի ներկը բժշկական նպատակներով օգտագործելու մասին: Այժմ էլ կարմինը բավականին հաճախ օգտագործում են որպես սննդային ներկ, հատկապես ասում են թե Կոկա Կոլայի ամենագաղտնի և կարևոր բաղկացուցիչներից մեկը հենց կարմինն է: Հետաքրքիր է, որ բնական պոպուլյացիաներում շատ հազվադեպ (1:100000 հաճախականությամբ) հանդիպում են բաձարձակ սպիտակ միջատներ, այսպես կոչված ալբինոսներ (աղբյուրը՝: Մկրտչյան Լ. Պ., Սարկիսով Ռ. Ն. (1985)):
Porphyrophora hamelii (female)
Միջատների կենսական շղթան և ձևաբանությունը:
Արարատյան որդան կարմիրը բնորոշվում է խիստ արտահայտված սեռական երկձևությամբ: Բացի այդ, միջատները անցնում են զարգացման մի քանի փուլ, և սկզբնային փուլերում արուներն ու էգերը նման են իրար: Կա ենթադրություն, որ որդանի էգերը հանդիսանում են կենդանիների այսպես կոչված նեոտենիկ ձևը, այսինքն էվոլյուցիայի ընթացքում էգերը կանգ են առել թրթուրային փուլի վրա:
Գրեթե ողջ կյանքը որդանը անց է կացնում հողի մեջ: Միայն աշնանը, հասուն միջատները դուրս են գալիս գետնի տակից մեկ օրով զուգավորվելու համար: Բեղմնավորումից հետո էգերը անցնում են հողի մեջ, ձու դնում և սատկում. Արուները սատկում են ավելի շուտ, մի քանի ժամից։ Չբեղմնավորված էգերը նույնպես մտնում են հողի տակ, բայց հաջորդ օրը կրկին դուրս են գալիս զուգավորվելու համար: Որդանի համար բնորոշ են բազմանալու ինչպես երկսեռ, այնպես էլ կուսածին տարբերակները, այսինքն չբեղմնավորված էգերը ևս կարող են ձու դնել, որոնցից դուրս կգան նույնպես էգեր։ Էգերի քրոմոսոմների թիվը հավասար է 14, իսկ արուներինը՝ 13: Սեռական տարբերման ձևը՝ XX-X0:
Որդան կարմրի ձվերը երկարավուն օվալաձև են, մուգ կարմիր, 0.4-0.7 մմ երկարությամբ, 0.2-0.3 մմ լայնությամբ: Գտնվում են թավշոտ ձվապարկի մեջ: Միջինը մեկ պարկում պարունակվում է մոտ 500 ձու: Ձմեռում են ձվերը:
Porphyrophora hamelii (оvorum saccum)
Գարնանը, ապրիլի վերջ-մայիսի սկզբին ձվերից դուրս են գալիս առաջին փուլի թրթուրները, կամ թափառողները, որոնք բարձրանում են հողի մակերես, գտնում են կերակրային բույսը և կպնում դրա արմատին: Իրենց մարմինը երկարավուն է, առաջնային մասում նեղացած, հետևի մասում լայնացած և կլորացած, մուգ կարմի գույնի, 0.2-0.8 մմ երկարությամբ և 0.2 մմ լայնությամբ: Մարմինը հատվածավորված է: Աչքերը պարզ են, գտնվում են դիմացի ոտքերի արանքում: Բեղիկները 6 հատվածանի են: Փորիկից դուրս է գալիս մի զույգ երկար թելիկներ: Թրթուրները կպնում են բույսին, սկսում են աճել և մարնմի ձևը փոխում են օվալաձևից տանձաձև:
Տանձաձև թրթուրները կոչվում են երկրորդ փուլի թրթուրներ: Իրենց մարմինը նեղացած է առջևում, և լայնացած է հետևի հատվածում ինչը տալիս է նրանց տանձի ձև: Երկրորդ հասակի թրթուրների երկարությունը 0.7-1.2 մմ է, լայնությունը՝ 0.3-0.8 մմ: Աչքերը պարզ են, գտնվում են բեղիկների առաջին հատվածի կողքերում: Բեղիկները 6 հատվածանի են: Տանձաձև թրթուրի մոտ մարմինը հատվածավորված չէ, ինչով նա տարբերվում է առաջին փուլի թրթուրից: Այդ երկու փուլի թրթուրների նկարները ես դեռ չունեմ:
Մայիսի վերջում սկսվում է մաշկափոխությունը, որի ընթացքում թրթուրները կորցնում են վերջույթները և սկսում են թաղանթապատվել (ցիստավորվել):
Երրորդ փուլի թրթուրն ունի թաղանթապատ ձվաձև մարմին՝ 1-3 մմ երկարությամբ և 1-2 մմ լայնությամբ: Աչքերը պարզ են: Բեղիկներ և ոտքեր չունեն: Ցիստաները արտաքինից կերաբույսի արմատների վրա երևում են որպես անհարթ գնդիկներ:
Porphyrophora hamelii (larval cysta)
Չորրորդ փուլի էգերի թրթուրները նույնպես ցիստայի ձևով են, նման են երրորդ փուլի թրթուրներին, սակայն ավելի խոշոր են: Մարմինը ձվաձև է, 3-7 մմ երկարությամբ, 3-5 մմ լայնությամբ:
Ներքևում էգի ցիստան է:
Porphyrophora hamelii (larval cysta)
Օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբներին ցիստաների մի մասից դուրս են գալիս արուների չորրորդ փուլի թրթուրները:
Արուների չորրորդ փուլի թրթուրները ունեն 2-5 մմ երկարություն և 1-3 մմ լայնություն: Մարմինը հատվածավորված է, ծածկույթը՝ առաձգական: Աչքերը պարզ են: Բեղիկները 11-12 հատվածանի: Ինչպես երևում է նկարագրությունից արուի 4-րդ փուլի թրթուրը խիստ տարբերվում է նույն հասակի էգի թրթուրից, սակայն համարյա չի տարբերվում հասուն էգից: Արուի թրթուրի հիմնական տարբերությունը հասուն էգից դա ավելի փոքր չափսերն են և ավելի տափակ, երկարավուն և նեղացող դեպի հետևի հատվածը մարմինը: Բա, տեսնում եք ինչպիսի հետաքրքիր կենսաբանական առանձնահատկություններ ունի մեր որդանը...
Դուրս գալուց մի քանի օր հետո արուների թրթուրները նորից անցնում են հողի մեջ և ձևավորվում են նիմֆեր:
Նիմֆը ունի երկարավուն մարմին, արտահայտված գլուխ, կուրծք և փորիկ, և չձևավորված թևեր և ոտքեր:
Այն ընթացքում, երբ որ արուների 4-րդ փուլի հասակի թրթուրները դուրս են գալիս հողից, էգերը մնում են ցիստերի մեջ շարունակելով սնումը և աճը:
Սեպտեմբերի առաջին կիսամյակից սկսած հասուն էգերն ու արուները դուրս են գալիս հողի մակերես: Միջատները ի հայտ են գալիս վաղ առավոտյան՝ արևի առաջին շողերի հետ:
Հասուն էգերը օվալ, անթև, դանդաղաշարժ, մուգ կարիր գույնի միջատներ են: Մարմինը հատվածավորված է, սակայն չունի հստակ բաժանում գլխի, կրծքի և փորիկի (ինչը բնորոշ է միջատների մեծամասնությանը)։ Մարմնի ծածկույթը առաձգական է: Բերանային ապարատը հետ զարգացած է, ինչի պատճառով նրանք հասուն վիճակում չեն սնվում: Աչքերը պարզ են, ուռուցիկ: Բեղիկները 11-12 հատվածանի են: Մարմնի երկարությունը 2-12 մմ է, լայնությունը՝ 1-6 մմ: Էգի միջին քաշն է 27 մգ:
Porphyrophora hamelii (female), ventral and dorsal view
Ոտքերը կարճ են, թույլ զարգացած։ Ոտքերի առաջին զույգն ունի ճանկեր, որոնք անհրաժեշտ են հողը փորելու և հողի մեջ մտնելու համար:
Porphyrophora hamelii (female), clow
Հասուն արուները չափերով շատ ավելի փոքր է էգից, մարմնի երկարությունը` 2-4 մմ, լայնությունը ՝ 0.5-1 մմ: Քաշը միջինը` 2 մգ: Մարմինը հստակ բաժանված է գլխի, կրծքի և փորիկի: Ոտքերն երկար են, հարմարված համեմատաբար արագ տեղաշարժվելու համար: Ունեն մեկ զույգ թափանցիկ թևեր՝ մուգ կարմիր առաջնային եզրով: Բերանային համակարգը թերզարգացած է, չունեն կնճիթիկ, դրա համար էլ չեն սնվում և իրենց կյանքի տևողությունը սահմանափակված է մի քանի ժամով: Աչքերը խոշոր են, բարդ, ֆասետային: Բեղիկները 13 հատվածանի են: Մարմինը մուգ կարմիր գույնի է, փորիկի նախավերջին հատվածից դուրս է գալիս արծաթագույն թելերից կազմված փունջ:
Porphyrophora hamelii (male)
Ինչպես ասացի, հասուն միջատները դուրս են գալիս մակերես վաղ առավոտյան և արդեն կեսօրին բոլոր էգերը նորից անցած են լինում հողի մեջ: Էգերը դուրս գալուց հետո ընդունում են բնորոշ դիրք՝ առաջնային և հետևի մասը ձգած մարմնի տակ, կոր մեջքով: Էգին գտնելուց հետո արուն տեղավորվում է մեջքի հետևի մասում: Էգը ուղղում է իր մարմինը և սկսում շարժվել: Շարժվելու ընթացքում տեղի է ունենում բեղմնավորումը:
Զուգավորման ունիկալ նկարները:
Porphyrophora hamelii (in copula)
Porphyrophora hamelii (in copula)
Զուզավորման ոչ պակաս ունիկալ տեսանյութը:
Click to view
Զուգավորվելուց հետո արուն գնում է ուրիշ էգի մոտ, իսկ բեղմնավորած էգը սկսում է մտնել հողի մեջ:
Հողի մեջ մտնելուց հետո միջատը պատրաստում է թավշոտ ձվապարկը, որի մեջ ձվադրում է և սատկում:
Որդանի ձվապարկը:
Porphyrophora hamelii (оvorum saccum)
Այդպիսով ավարտվում է որդանի զարգացման ամենամյա փուլը:
Մի երկու խոսք որդանի բնական թշնամիների մասին: Մարդուց բացի որդանի համար վնասատու են որոշ տիզեր (Tyrophagus putrescentiae), բզեզներ (Nephus bipunctatus, Lithophilus bipustulatus, Sepedophilus bipustulatus), մրջյուններ (Tapinoma erraticum, Messor sp., Pheidole pallidula) և թռչուններ (սարյակ, արտույտ): Ներքևի նկարներում պատկերված են որդանի հիմնական թշնամիները՝ մրջյունները:
Միջատը գրանցված է Հայաստանի և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքերում CR (Կրիտիկական վիճակում գտնվող) կարգավիճակով և պահպանման խիստ կարիք ունի:
Վերջում ևս մեկ ունիկալ տեսանյութ մեր արքայական ծիրանի տվող միջատի, նույն ինքը որդան կարմրի, մասնակցությամբ:
Click to view
Տեղեկատվության մեծ մասը վերցված է հետևյալ աղբյուրներից. Մկրտչյան Լ. Պ., Սարկիսով Ռ. Ն. (1985) Արարատյան որդան կարմրի կենսաբանությունը և բազմացումը, Երևան (ռուսերենով) և Տեր-Գրիգորյան Մ. Ա. (1976) Արարատյան որդան կարմրի Porphyrophora hamelii ձևաբանությունը, Հայաստանի կենսաբանական հանդես, հ. XXIX, 3 (ռուսերենով):
Գրականությունը.
- Brandt J. F. (1833) Zur Naturgeschichte der Cochenille. Ueber die Cochenille Armeniens. In Brandt J. F., Ratzeburg J. T. C. (1833) Medizinische Zoologie, pp. 355-356.
- Нерсес Архиепископ (1833) Об Араратской кошенили. Собрание актов, относящихся к обозрению истории армянского народа, ч. 2, 1838.
- Hamel J. (1835) Über Cochenille am Ararat und über Wurzelcochenille im Allgemeinen. In Mémoires de l'Académie impériale des sciences de St.-Pétersbourg. sér. 6, pp. 9-64.
- Гамель И. Х. (1835) Об араратской кошенили; Извлечение из сочинения акад. Гамеля, напеч. в Записках Императорской Академии наук.
- Гамель И. Х. (1838) Об араратской кошенили. Собрание актов, относящихся к обозрению истории армянского народа, ч. 2, 1838.
- Кошениль. В кн. Шопен И. (1852) Историческій памятникъ состоянія Армянской области.
- Ալիշան Ղ. (1890) Որդն կարմրոյ ի Մասիս. Այրարատ.
- Porphyrophora hameli. In: Blanchard R. (1883) Les Coccides Utiles. In Bulletin de la Societe Zoologique de France.
- Բեկհովսեփյան Լ. (1932) Արարատյան վորդան կարմիրը յեվ նրա արդյունաբերական ոգտագործման հնարավորությունները. Սոցիալիստական ագրոնոմիա. Գիրք առաջին.
- Аветян А. С. (1940) К вопросу о кошенили в Армении. В жур. Изв. Арм. Фил. АН СССР, № 4-5.
- Porphyrophora. В кн. Борхсениус Н.С. (1950) Червецы и щитовки СССР. (Coccoidea).
- Ավդալբեգյան Ս. Թ. (1962) Որդան Կարմիրը և նրա տարածման վայրերը Արարատյան դաշտավայրում. ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր բիոլոգիական գիտությունների , 15 (7). pp. 89-94.
- Ter-Grigoryan M. A. (1976) The morphology of Ararat cochineal Porphyrophora hamelii. In: Biological Journal of Armenia, v. XXIX, 3 (in Russian)
- Mkrtchyan, L. P. Sarkisov, R. N. 1985. The biology and reproduction of the Ararat cochineal Porphyrophora hamelii Brandt (Homoptera, Coccinea, Margarodidae). Inst. Zool., AN Armyanskoi SSR, Yerevan, USSR, 157 pp. (in Russian)
- Սարկիսով Ռ. Ն. ուրիշ. (1991) Արարատյան որդան կարմիրը և նրա բազմացումը արհեստական պայմաններում /Սարկիսով Ռ. Ն., Մկրտչյան Լ. Պ., Զախարյան Վ. Ա., Եր.։ Հայաստանի ԳԱ հրատ., 81 էջ.
- Ben-Dov Y (1993) A Systematic Catalogue of the Soft Scale Insects of the World (Homoptera: Coccoidea: Coccidae). Sandhill Crane Press, Gainesville, FL, 536 pp.
- Vahedi H. A. (2002) A Revision of the Genus Porphyrophora (Hemiptera: Coccoidea: Margarodidae) with Particular Reference to the Middle East and with a Discussion on the Relationships of the Hypogaeic Margarodids. Ph.D. thesis. Department of Agricultural Sciences, Imperial College at Wye, Wye, Ashford, Kent, UK, 358 pp.
- Foldi I. (2005) A generic revision of Margarodidae. In: Annales de la Société Entomologique de France (Nouvelle série).
- Porphyrophora hamelii In: García Morales M., Denno B. D., Miller D. R., Miller G. L., Ben-Dov Y., Hardy N.B. (2016) ScaleNet: A literature-based model of scale insect biology and systematics. Database. doi: 10.1093/database/bav118. http://scalenet.info.