Բնության հուշարձան "Գոմշասար լեռնագագաթ"

Dec 03, 2013 19:43

Գոմշասարը (հանդիպում են նաև Գոմեշ, Կեամուշ, Գյամիշ անունները) հանդիսանում է Մռավի լեռնաշղթայի բարձրագույն կետը։ Գագաթի բարձրությունը` 3724 մետր է։ Ներկայումս Մռավի լեռնաշղթան համարվում է Հայաստանում բարձրությամբ երրորդ շղթան, թերևս մեկ-մեկ հանդիպում է հնացած տեղեկատվություն Գեղամա լեռնաշղթայի մասին, որպես երրորդ շղթայի։ Պարզաբանեմ, թե ինչու :)
Ուղիղ 20 տարի առաջ, 1993 թվականի դեկտեմբերի վերջին, սկսվեց Արցախյան պատերազմի ամենաարյունոտ ճակատամարտերից մեկը` Օմարի ճակատամարտը։ Թշնամու զորքերը անցնելով Օմարի լեռնանցքով (որն ի դեպ գտնվում է Գոմշասարից 7 կմ հեռավորության վրա) գրեթե մոտեցան ազատագրված Քարվաճառին, սակայն հետ շպրտվեցին մեր զորքերի կողմից։ Այս ճակատամարտը ավարտվեց 1994-ի փետրվարին թշնամու ջախջախիչ պարտությամբ և ճակատի գծի կայունացմամբ Մռավի լեռնաշղթայի կատարային մասով։ Ներկայումս Մռավի շղթայի ամենակարևոր կետերը գտնվում են Արցախի զինված ուժերի վերահսկողության տակ (Գոմշասարի և Օմարի լեռնանցքներ, Գոմշասար, Օմար, Մռավ լեռնագագաթներ)։ Ադրբեջանական զորքերը վերահսկում են Մեծ Հինալ (3367 մ) և Քյոռողլուդագ (3462 մ) գագաթները։ Այսպիսով, զինադադարից հետո Մռավի լեռնաշղթան դարձավ Հայաստանում երրորդ ամենաբարձր շղթան։ Առաջին տեղում է Արագածի հրաբխային զանգվածը (ամենաբարձր կետ` Արագած, 4095 մ), երկրորդ տեղում` Զանգեզուրի լեռնաշղթան (իր Կապուտջուղ գագաթով` 3905 մ), երրորդում` Մռավի լեռնաշղթան, չորրորդում` Ծռասարի ((Դալիդագի), իր Ծռասար գագաթով` 3616 մ), հինգերորդ տեղում` Գեղամա հրաբխային զանգվածը իր ամենաբարձր կետով` Աժդահակով (3597 մ)։
Ներկայացնեմ Գոմշասարի մի քանի բացառիկ լուսանկարներ։ Եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում պաշտպանության նախարար Ս. Օհանյանին աջակցության համար։
Ներքևում տեսնում եք Գոմշասար լեռը նկարահանված նույնանուն լեռնանցքից (հեռավորությունը` 0,8 կմ)։



Այստեղ Գոմշասարի գագաթն է 200 մետր հեռավորությունից։


Եռանկյունաչափ կետը գագաթին։


Անորակ համայնապատկեր` նկարված գագաթից։


Անորակ է որովհետև տեսախցիկս սիրողական է և շատ հին։ Էլ չեմ ասում որ ձեռքերս դողում էին` հեշտ բան չի նկարել, երբ գիտես, որ թշնամու դիպուկահարները քնած չեն և շատ հնարավոր է, որ ուշադիր հետևում են քեզ :)
Գոմշասարի մայրամուտային նկարը։ Գագաթը շատ հաջող հակադրվել էր փայտից սարքած պարզունակ խաչի հետ։


Եվ վերջում Գոմշասարի նկարը արված Սոտքի լեռնանցքից` 35 կիլոմետր հեռավորությունից։




Արցախ, բնության հուշարձաններ, Հայաստանի լեռները, Հայաստանի բնություն

Previous post Next post
Up