Այսօր չգիտեմ որտեղից մի էպիզոդ հիշեցի մոտ 27 տարի առաջվա վաղեմության։ Լրիվ աննշան մի բան, բայց դե բլոգս էլ հենց այդ նշանակությամբ basics անունն է կրում․ այստեղ հենց փոքր ու աննշան, բայց հիմնային բաներն են գրանցվում։
Ուրեմն, ուսանողական տարիներիս հնարավորություն ընձեռնվեց ուսանողական մեծ խմբով մեկնելու Ծաղկաձոր՝ հանգստանալու։ Հանգիստը կազմակերպել էր Երևանում Ֆրանսիական դեսպանատունը՝ ֆրանկոֆոնիայի ինչ-որ ծրագրի շրջանակներում, ու մեր համալսարանի (Ճարտարագիտական) տարբեր կուրսերից ընտրել էին ֆրանսերեն քիչ թե շատ իմացողների՝ ընդգրկվելու այդ հանգստի ծրագրում (հետագայում պարզվեց, որ ես իմ սկսնակ ու անվստահ ֆրանսերենով միակն էի, որ ինչ-որ չափով գլուխ էի հանում այդ լեզվից․ մնացածները բարև-բարլուսից էն կողմ ոչինչ չգիտեին)։
Եթե չեմ սխալվում, ահագին էլ երկար մնացինք, երևի մոտ մի ամիս, լիքը իրադարձություններ, դեպքեր ու դեմքեր (ուսանող էինք, վերջին հաշվով), ու նախավերջին օրվանից մի այսպիսի դրվագ եմ հիշում․ բացատ, հանգստի ողջ կազմով (կլինեինք մոտ 50 հոգի, կարծում եմ) նստած ենք խոտերին, ու մի աղջիկ, որին բավական հետաքրքիր էի համարել այդ հանգստի ողջ ընթացքում, բայց առանձնապես չէի շփվել, գիթառ էր նվագում ու երգում Ժաք Բրելի "Ինձ մի լքիր"-ը ֆրանսերեն։ Աղջիկը թեև ֆրանսերեն համարյա չգիտեր (դա հասցրել էի իմանալ), երգում էր վստահ, մի տեսակ խորքային, փափուկ ձայնով, ու բերանը արտահայտիչ կլորացնելով։ Բավական հետաքրքիր արտաքին ուներ, որը հենց մեր հանգստի առաջին օրն էի նկատել․ կարճ կտրած մազեր,մաքուր դեմք՝ առանց որևէ դիմահարդարման /հատկապես 90-ականներին/, գեղեցիկ, արտահայտիչ, հավաք շուրթեր, թեթևակի ընդգծված կոպերով խոշոր աչքեր, բրոնզագույն-մարմարյա այտոսկրեր, և դեմքի գեղեցիկ օվալ, որը հատկապես ընդգծվում էր իրեն շատ սազող կարճ մազերի շրջանակում։ Ինչ-որ ազնվական և միևնույն ժամանակ բոհեմյան բան կար այդ աղջկա արտաքինի մեջ, որով նա տարբերվում էր այդ ժամանակվա սովորական [հայ] աղջիկներից։
Ես չգիտեի, որ ընդհանրապես գիթառ նվագել ու երգել գիտեր, քանի որ հանգտսի ողջ ընթացքում երբևէ ցույց չէր տվել, թեև գիթառն ու ելույթները մեր առօրյայից անպակաս էին։
Ընդհանրապես, ինչպես և ամենուր է, հանգստացողների մեր մեծ խմբում հենց առաջին օրվանից ենթախմբային բաժանումներ ձևավորվեցին, և այդ աղջիկը ինչ-որ աղջիկների 3-4 հոգիանոց մի խմբի հետ էր հիմնականում․ թե՛ նույն սեղանի շուրջ՝ ճաշելիս, թե՛ հավանաբար նույն սենյակում էին քնում, և թե՛ օրն առհասարակ միասին էին անցկացնում։
Ինչևէ, վերադառնամ բացատ։ Ուրեմն երգում էր այդ աղջիկը (որի անունը, ցավոք, արդեն չեմ հիշում), ու մեկ էլ նկատեցի, որ այդ օրը մեզ ճանապարհելու եկած ֆրանսիացիներից մեկը՝ մի երիտասարդ, շատ համակրելի, ես կասեի՝ սուպեր-քուլ արտաքինով մոտ 27-28 տարեկան, բարձրահասակ, բարետես մի տղա, ով բավական լուռ ու հանդարտ մարդ էր երևում՝ որքան հասցրել էի նկատել, խոտերին նստած, դեմքն անթաքույց դեպի աղջիկը բարձր պարզած, հմայված ու անշարժ՝ ասես արձան, նայում էր աղջկան, ողջ ընթացքում անթարթ։ Աղջիկը, տարված իր երգով, երիտասարդին ակնհայտորեն չէր էլ նկատում (ոչ մի անգամ նրա կողմ չնայեց)։
Դա ցերեկն էր։ Իսկ գիշերը, որը մեր վերջին գիշերն էր, և ամբոխը, որ հանգստյան տան ընդհանուր սրահում ինչ գժություն ասես, որ չէին արել՝ երգ ու պարին ինչ ասես խառնած, և արդեն բավական ուշ ժամին, երբ հոգնած այս ու այն կողմ էին ցվրվել, մի պատի տակ՝ անկյունում, նկատեցի այն աղջկան ու ֆրանսիացի տղային՝ կողք-կողքի նստած՝ հենված պատին, խոսում էին ինչ-որ (թեև աղջիկը ֆրանսերեն չգիտեր - բայց դե զրուցողը միշտ էլ մի ձև կգտնի :)։ Սիրուն էին․ սազում էին իրար մի ձև, ու հիշում եմ՝ մտածեցի, որ տղաներն, ամեն դեպքում, ընտրում են արտաքինով իրենց համապատասխան։ Հետո, երբ ավելի ուշ գիշեր էր, և վերջին մնացածներն էլ կամաց-կամաց անցան իրենց սենյակները, բոհեմուհին ու ֆրանսիացին դեռ պատի տակ նստած զրուցում էին՝ անհաղորդ շրջապատի անցուդարձին։
Առավոտյան, երբ ավտոբուսներն արդեն եկել ու մեզ էին սպասում, մենք էլ ճամպրուկներս էինք քարշ տալիս՝ տեղավորվելու, տեսա այդ աղջկան ավտոբուսի մեջ ու․․․ աչքերիս չհավատացի․ առաջին անգամ, ինչ հանգստանում էինք Ծաղկաձորի այդ հանգստյան տանը, նա շպարվել էր, ոչ միայն շպարվել, այլև թունդ շպարվել, ոչ միայն թունդ, այլև ինչ-որ տարօրինակ, մեծ ու ճոճվող, պլաստիկ ականջօղեր էր կախել և հագել ինչ-որ զիզի զգեստ։ Այնպիսի տպավորություն էր, թե բնության մի մաքուր, կուսական գեղեցկություն վարել ու հերկել ու տնկոտել էին արհեստական վուլգար բույսուծաղկով՝ գրոտեսք դեկորներով ծանրացրած։ Նախկին բոհեմից, որի հմայքը հենց նրանումն է, որ երբեք չի մտածում դուր գալու մասին, հետք էլ չէր մնացել, փոխարենը ՝ ստանդարտ մի աղջիկ էր՝ շրխկոցով իրեն ցած շպրտած ստանդարտ մակարդակի, այն է՝ դուր գալ արուին։ Ու ես ապշած էի․ ախր չէ՞ որ դու նրան արդե՛ն դուր էիր եկել։ Այ դա՛ չէի հասկանում․ վա՞խն էր, թե՞ ինչը, որ դրդել էր նրան գնալու այդ էժան քայլին՝ to secure what she had already got.
Սա իմ հազվադեպ հիասթափություններից էր։ Եվ չլուծված տարակուսանք՝ մինչև օրս։
Մի ուրիշի մասին շատ վաղուց պատմել եմ։