Հիշողության բեկորներ․ ծխախոտի հոտով ճնշված մանկությունը

Aug 20, 2021 17:55

Մինչ այս գրառումս անելը մի բան պարզաբանեմ թեթևակի :)

deghin֊ը սկսել է մի շատ հետաքրքիր գրառումների շարք՝ իր վերջին տարվա դպրոցական կյանքի մասին հուշագրություններ, որոնք ներառում են նաև իր ընկալումներն իր դասընկերների մասին՝ նկարագրական բնութագիր֊ակնարկներով։
Ասեմ, որ (և սա իրեն էլ չեմ ասել :P), բավական հաջողված և շատ հետաքրքիր կարդացվող շարք է, որն ինձ հիշեցնում է Նարինե Աբգարյանի նմանատիպ փորձառությունը, երբ Նարինեն, դեռ ընդամենը բլոգեր, սկսեց իր բլոգում դնել իր մանկության հուշերից առանձին փոքրիկ պատմություններ, որոնք հետագայում հանգեցրին իր հռչակավոր "Մանունյա" գրքին։
Ես, իհարկե, չգիտեմ, թե deghin֊ի այս շարքն ինչի կհանգեցնի ի վերջո, կամ կհանգեցնի որևէ բանի, թե ոչ (դա կախված է բազմաթիվ հանգամանքներից), բայց ես, որպես իր՝ առայժմ միակ ընթերցող (իր այդ գրառումները տեսանելի են միայն ինձ), վայելում եմ ընթերցանությունս, մեկնաբանություններ թողնում, որի ընթացքում բովանդակալից դիսկուրսներ ենք ծավալում երբեմն (նմանապես միայն մեզ՝ երկուսիս տեսանելի)։ Deghin-ն էլ չի շտապում, օրը մեկ կամ երկու գրառում է ավելացնում՝ հընթացս գրելով :)
Գրառումների այս շարքը հատկապես ուշագրավ է որպես այդ ժամանակների, ես կասեի՝ արդեն փակված դարաշրջանի տարեգրություն, և թեև ու քանի որ deghin֊ն ինձնից մոտ կես դպրոցական ավարտաշրջանային սերունդ ավելի երիտասարդ է, ինձ համար հետաքրքիր է դիտարկել ընդհանրությունները, ու նաև՝ ծանոթանալ տարբերություններին` համեմատ իմ դպրոցական ժամանակների։
Վերջին գրառումը իրենց դասարանի Արմենի մասին էր, որը սկսվում է այսպես․ "Արմենը մեր դասարանի ամենաաննկատ տղաներից էր, եթե ոչ հենց ամենաաննկատը:" Մնացածն, իհարկե, չեմ պատմի, բայց քանի որ վերջերս հեղինակի հետ զրուցում էինք կերպարների նկարագրության տեխնիկայի մասին՝ թե ինչպես ամբողջացնել կերպարն այնպես, որ պատկերացնելի, հիշելի դառնա, որոշ դեպքերում՝ նույնիսկ հարազատանա, ես կարծիք հայտնեցի, որ թերևս պիտի ինչ֊որ գործողություն, թեկուզ էպիզոդիկ, ներկայացվի սույն կերպարի հետ կամ շուրջ՝ այն ավելի շոշափելի ներկայացնելու նպատակով։ Իսկ հետո հավեսս տվեց, ու որպես մեկնաբանություն որոշեցի այդ գրառման տակ դնել մեր դասարանի համանման մի աշակերտի նկարագրությունը, ու քանի որ ահագին ծավալուն մեկնաբանություն ստացվեց, ու ինձ համար էլ՝ հուշագրություն է, որոշեցի գրանցել այն սեփական բլոգումս :)

Եվ այսպես․․․

Կարծում եմ՝ աշխարհի յուրաքանչյուր դասարան ունի իր աննկատ, կամ արևմտյան լեզվով ասած՝ «ոչ պոպուլյար» անդամները, ովքեր այդ ստատուսը ձեռք են բերել ոչ միայն իրենց արտաքին, վարքուբարքային, ուսումնական և այլ տեսակի առաջադիմությունների տիպային աչքիչընկողությամբ, այլև նրանով նույնիսկ, թե ինչպես են իրենց կոչել իրենց ծնողները :)
Իհարկե, վստահ ու միանշանակ չի կարելի պնդել, որ անվան հարցում կա ընդգծված օրինաչափություն՝ հիմքում ունենալով որոշակի հոգեբանություն, բայց այնպես էլ չի, կարծում եմ, որ հեչ ոչինչ չկա :)

Ինչևէ։ Մի այդպիսի արմեն էլ մենք ունեինք դասարանում, այսինքն՝ մեկը չէ, մի քանիսը, որոնք, իհարկե, տարբեր բնավորությամբ անձիք էին՝ իրենց տարբեր անձնային հատկություններով (և տարբեր՝ այսպես կոչված ստանդարտ անուններով), բայց նրանց բոլորին կարելի էր միավորել, ավելի ճիշտ՝ նրանց բոլորին կարելի էր հավաքել մեկ լայն՝ «արտաքին, վարքուբարքային, ուսումնական և այլ տեսակի առաջադիմությունների տիպային աչքիչընկողության» հովանոցի տակ :)

Ես կպատմեմ մեր այն արմենի մասին, ավելի ճիշտ՝ կփորձեմ ներկայացնել այն արմենին, որը հենց կրում էլ էր այդ տիպային անունը՝ Արմեն :)
Մեր դասարանի Մխիթարյան Արմենը, որին Մխո էին ասում, դասարանի ամենապասիվ դեմքերից էր։ Նշելով, որ Մխո էին ասում, պետք է նաև նշեմ, որ իր անունը՝ որևէ ձևով, դասարանում հազվադեպ էր հնչում, քանի որ իրեն առհասարակ հիշում էլ էին հազվադեպ, միայն կոնկրետ, հիմնականում կարճատև առիթների դեպքում․ այսպես֊հպանցիկ հիշատակում։ Իրականում, Մխո էին կանչում միայն այն մի քանի տղաները, որոնք ինչ֊որ չափով շփվում էին Արմենի հետ՝ իրենք էլ գտնվելով նույն՝ նշածս հովանոցի ներքո։ Իսկ մնացածը, Արմենին հղում անելիս (քանի որ ուղիղ երկխոսությունների չէին էլ բռնվում հետը երբևէ), կոչում էին ամբողջական անուն֊ազգանունով՝ Մխիթարյան֊Արմեն, որն իր մեջ մարմնավորում էր ոչ թե կոնկրետ մարդ֊անձին, այլ ավելի շուտ՝ անհաջողակ, անհետաքրքիր դեմք՝ մխիթարյանարմեն հասարակ անուն։ Եվ վերաբերմունքն էլ, նրան հղում անելիս, մեծ մասամբ միանշանակ էր՝ կիսաարհամարհական, կիսածաղրական, որոշակի տհաճություն արտահայտող։ Վերջինս՝ տհաճությունը, կոնկրետ արտաքին պատճառներ ուներ, որոնցից մեկն Արմենի վրայից, նրա պայուսակից, հանած վերարկուից ու առհասարակ իր շուրջը երկու մետր շառավղով օդային տարածքից եկող անֆիլտր, էժանագին ծխախոտի ուժեղ, սուր ու անդուր հոտն էր։ Չէ, Արմենը չէր ծխում․ պարզապես իր մայրը՝ փոքրամարմին, խեղճ ու անշուք մի կին, աշխատում էր ծխախոտի գործարանում։

Արմենն արտաքինով նման էր մորը․ փոքրամարմին, անշուք, մի քիչ երկարուկ, թուխ դեմքով ու մուգ֊սև, կոշտ մազերով։ Արմենն առաջիններից էր, ում քթի տակ հայտնվեց առաջին գորշ աղվամազը, բայց, եթե չեմ սխալվում, այն նույնիսկ ցածր դասարաններում էլ էր նկատելի իր մոտ՝ թեև մանկական, բայց քթի տակի որոշակիորեն մգացած երանգով, ինչը մի տեսակ է՛լ ավելի ոչ համակրելի էր դարձնում տղայի արտաքինը։
Ճիշտն ասած, չեմ հիշում Արմենին երբևէ ժպտալիս։ Նա միշտ անժպիտ֊լուռ էր, բերանը թույլ կիսաբաց (քիչ ծանրոտ, բայց համարյա աննկատ շնչառությամբ), ու մի տեսակ վախեցած֊լարված դեմք ուներ․ կարծես հենց նոր մի լավ ծեծ էին տվել, ու ինքն էլ ամեն րոպե լարված սպասում էր, թե մի նոր քոթակ էլ կարող է հասցնեն։

Կարծում եմ՝ հասկանալի է, որ Արմենի ուսումնական առաջադիմությունը ծայրահեղ վատ էր․ երբևէ չեմ հիշում նրան դաս պատասխանելիս կամ տնային աշխատանքը կատարած։ Ուսուցչի հարցմանը՝ դաս պատասխանելու, նա անվստահ ոտքի էր կանգնում (ինչն առանձնապես չէր երևում իր փոքր հասակի հետևանքով) ու խիստ վախեցած, համարյա անլսելի ձայնով ասում, որ պատրաստ չի, կամ էլ լուռ կախում էր գլուխը, ինչը և հասկանալի պատասխանն էր։ Ու այդ պահին, եթե նայեիր Արմենին դեմքին, կնկատեիր այն ամբողջ տագնապն ու ապրումները, որ տղան ապրում էր, և ապա՝ թեթևությունը, երբ դնելով հերթական երկուսը՝ մոռանում էին նրա մասին։

Մի տարի, ի մեծ տհաճություն ինձ, Արմենին իմ կողքն էին նստեցրել ռուսերենի դասաժամին, ու ես դասերի ողջ ընթացքում խեղդվում էի Արմենի ամեն պարագայի վրայից փչող ծխախոտի ծանր, անտանելի հոտից․ տետրերը, պայուսակը, ու հատկապես՝ Արմենի կոշտ, մուգ֊սև, անմաքուր, թեփոտ մազերը ասես ներծծված լինեին այդ հոտով։ Մյուս կողմից էլ, սակայն, Արմենի ֆիզիկական հարևանությունն ինձ հնարավորություն էր տալիս նկատելու, թե ընդհանուր առմամբ անաղմուկ ու աննկատ Արմենն ինչպես էր երբեմն մի֊փոքր "թուլանում" և փորձում զվարճանալ իր համար ակնհայտորեն տաժանավայր հանդիսացող, դպրոց կոչվող այդ հաստատությունում։ Ինչպես նշեցի վերևում, այն պասիվ, աննկատ շփումները, որ Արմենն ուներ դասարանում, իր նման մի քանի այլ ոչ֊պոպուլյար ու վատ սովորող տղաների հետ էին, որոնցից մեկն Արմենակն էր։ Արմենակը լաքայոտ, դարչնագույն դեմքով ու գոնչո գլխով, մի տեսակ տձև, խիստ հակախարիզմատիկ դեմք էր, համարվում էր դասարանի ամենավատ սովորողը, ավելի ճիշտ՝ ամենավատ սովորողի՝ այսպես ասած դասագրքային օրինակ էր, որ մարմնավորում էր ամենաանցանկալի աշակերտի կերպարը՝ այդ առումով թիրախ հանդիսանալով ուսուցիչների համար։ Ի տարբերություն Արմենի, որն իր համեստության, ավելի ճիշտ՝ ճնշվածության ու պասիվության շնորհիվ, կարողանում էր լուծվել շրջապատի մեջ ու մնալ հիմնականում աննկատ, Արմենակը նաև «չար» աշակերտ էր՝ հանդուգն ու լկտի։ Ռուսերենի դասերին Արմենակը նստում էր մեր առջևի նստարանին, և մի անգամ նկատեցի, որ Արմենն իր տետրի վերջին էջի վրա ջանասիրաբար մի բեռնատար էր նկարում՝ ամուր սեղմելով մուգ֊կապույտ, թանաքոտ գրիչը (ի դեպ, լավ էլ ստացվել էր նկարը)․ մեքենայի վրա ռուսերեն տառերով մեծ գրել էր՝ ХАЦ։ Այդ նկարի համար Արմենակը րոպեն մեկ շրջվում էր ու փորձում ճանկել նկարը՝ ոչնչացնելու միտումով, մինչդեռ Արմենը քթի տակ խնդմնդում ու փախցնում էր թուղթը՝ շարունակելով խնամքով մգացնել բեռնատարի վրայի առանց այդ էլ լավ ընդգծված ХАЦ֊ը։ Հարցիս, թե ինչու՞ է Արմենակը տենց բորբոքվել, պատասխանեց (ու դա երևի առաջին անգամ էր, որ խոսեցինք, եթե դա կարելի է զրույց անվանել), որ Արմենակի հայրը հացի մեքենա է քշում։ :))
Չգիտեմ ինչու՝ այդ ХАЦ֊ն ինձ այդ ժամանակ շատ զվարճալի թվաց, ու մտածեցի, որ Արմենը հումորի զգացում ունի։

Երբ Արմենը 8֊ից դուրս եկավ դպրոցից (հանեցին՝ ավելի ճիշտ), կարծեմ ոչ ոք նրա բացակայությունը և չնկատեց։

մարդիկ, հիշողություններ

Previous post Next post
Up