Հում մտքեր

Apr 15, 2021 01:33

14 ապրիլի 2021, չորեքշաբթի 4։37PM

Այսօր իմ լավ ծանոթներից մեկը մի զրույցի ընթացքում ասաց, որ ես ու այն մարդը (որից խոսում էինք), տարբեր անհատականություններ ենք, դրա համար իմ մտածածը չի աշխատի նրա համար․ մասնավորապես՝ ես բավարարվածություն եմ գտնում մի բանի մեջ, նա՝ ուրիշ, դու, ասաց՝ կրթության մեջ օրինակ, իսկ նա, ասաց՝ ուշադրության։ Մարդը, որից խոսում էինք, արտիստ է, և այդ պահին մի տեսակ հաճելի եղավ գիտակցել, որ ես արտիստ չեմ ու ստիպված չեմ բավարարվածություն գտնել ուշադրության մեջ։

Մի հում միտք ծնվեց ու սկսեց զարգանալ այսօր։
Վերջերս deghin-ը երկար մի գրառում էր արել ինքն իրեն սիրելու մասին, ու որ վերջինս որքան խնդիրներ է լուծում։ Դրա մասին artashes98-ն էլ է բազմից նշել տարբեր ժամանակներում։ Ու էլի մարդիկ, որոնց կարծիքն ինձ համար էական է։ Բայց նման հայտարարություններն ընդամենը խնդրի պատասխան են, ոչ լուծման բանաձև։ Հեշտ է ասել, թե ինչ պիտի անել, իսկ թե ինչպես՝ դա է իրական խնդիրը։
Ես բազմիցս մտածել եմ ինքդ քեզ սիրելուն հասնելու մասին, բայց ապարդյուն․ չեմ տեսել ճանապարհը։ Խոսելը նպատակակետի մասին, առանց ցույց տալու ճանապարհը, անիմաստ զբաղմունք է, որևէ տեղ չտանող ամուլ խոսք։
Իսկ այսօր մի հետաքրքիր բան հայտնաբերեցի, թեև դեռևս անորոշ հում-մտային մակարդակում, բայց թվաց ճշմարտացի ու շոշափելի։
ինքդ քեզ սիրելու համար պետք է ինքդ քո մեջ սիրելու բան տեսնես, իսկ եթե չես տեսնում, աշխատես ստեղծել այդ սիրելու բանը։ Ստեղծիր քո ճաշակով, այսինքն, ստեղծիր այն, ինչը կոնկրետ սիրելի է քեզ, ինչի համար դու կհարգեիր քեզ (հարգում ես ուրիշներին) ու որով հպարտ կլինեիր՝ ներքին, հանդարտ, ինքնաբավ, ուրիշների հետ ոչ կիսելիք հպարտությամբ։ Այ այստեղ հենց առաջ է գալիս ինքնաճանաչման հարցը․ փորձիր ուղիղ լինել ինքդ քեզ հետ՝ ճանաչելու, թե ինչն ես դու իրականում սիրում մարդու մեջ, առհասարակ, ապա աշխատիր, տքնաջան աշխատիր ստեղծելու այդ բանը ինքդ քո մեջ, եթե չունես կամ թույլ է զարգացած։ Եվ նկատի ունեցիր՝ տարբեր մարդիկ սիրում ու մարդկանց մեջ գնահատում են տարբեր բաներ, ու դու պիտի գտնես, թե որն է քոնը՝ քո սիրածն ու գնահատածը, սոսկ ճաշակի հարց, ու որ ինքդ համապատասխանես սեփական ճաշակիդ։
Ու այսպես, ինքդ քեզ սիրելու բանաձևը գուցե հենց սրա մեջ է․ տեսնես քո մեջ այն, ինչը սիրում ես ուրիշների մեջ, իսկ եթե չես տեսնում, (որովհետև չունես այդ բանը, որը սիրում ես ուրիշների մեջ), ապա՝ ստեղծես (որ ունենաս):
Ու կա դրա հակառակ պատկերը, որը մարդուն դարձնում է կեղծ․ երբ տեսնում է իր մեջ այն, ինչը չի սիրում ուրիշների մեջ, և փորձում  կեղծել ինքն իրեն՝ թաքցնելու այն, ինչը չի սիրում ուրիշների մեջ։

բացահայտումներ, մտազբաղումներ, ես;, խորհուրդներ

Previous post Next post
Up