Apr 13, 2021 03:46
13-04-21 3:05AM
Շաբաթ-կիրակի տնից ընդհանրապես դուրս չեկա։ Գրասեղանիս մոտից էլ համարյա չհեռացա։ Քննական առաջադրանքիս վրա էի աշխատում, կիրակի որոշեցի նույնիսկ հեռախոսիս ձեռք չտալ՝ մի քանի րոպե ցրվելու, որովհետև ամեն րոպեն թանկ էր։
Նախորդ օրը՝ ուրբաթ երեկոյան, աշխատանքից հետո բարեկամիս հետ պանդոկ էի գնացել (սովորաբար գնում ենք ուրբաթ երեկո), այնպես որ համարյա ոչինչ չհասցրի անել այդ օրը, ամբողջ ծանրությունն ընկավ շաբաթ-կիրակիի վրա։ Պանդոկում բարեկամս հարցնում է․ նայիր շուրջդ, ինչպես ես գնահատում այս մարդկանց։ Մենք նստած էինք թոնրի պես կլոր օջախի մոտ, որի մեջ մի քանի արհեստական փայտեր էին "վառվում"` տեսքի համար․ կրակն իրականում գազով էր։ Պանդոկը լիքն էր՝ ամեն տարիքի, ավստրալիական տիպիկ կոնտինգենտ․ անգույն սպիտակ ռասա, հասարակ, պարզ, թե պարզունակ (գուցե երկուսն էլ), ոչ մի արտառոց կամ հետաքրքիր բան։ Ինչպես եմ գնահատու՞մ, չգիտեմ։ Կի՞րթ են, հարցնում է։ Կիրթ են, պատասխանում եմ։ Պանդոկներում սովորաբար կիրթ չի մասսան, նկատում է։ Այս թաղամասում կիրթ են, ասում եմ, ու մտածում, թե որ թաղամասերում կիրթ չեն լինի։ Շաբաթ երեկոյան ամուսինս զանգեց ու ասաց, որ հյուրեր է բերում 40 րոպեից։ Ես միշտ ուրախ եմ հյուրերին, սիրում եմ շփվել, զրուցել, հյուրասիրել, բայց այս շաբաթ, երբ ամեն րոպես հաշված էր, կարկամեցի։ Բրնձով ու մսով փլավ ունեի և թաբուլե, ուրիշ ոչինչ, սառնարանս դատարկ էր։ Խնձորով ու ընկույզով կարկանդակ պատրաստեցի արագ, դրեցի ջեռոյցը, հյուրերը եկան։ Երիտասարդ ամուսիններ, երեքամյա բալիկ։ Ամուսինը [կարելի է ասել] հայ չի, կինը՝ բալետի պարուհի։ Սիրում եմ երկուսին էլ։ Ասացի՝ ճիշտն ասած, չէի սպասում, մեր տան առօրյա, սովորական ճաշ ունեմ։ Տղան ասաց՝ I look forward to ordinary dinner. Ճաշեցինք իմ համեստ ընթրիքով, ի զարմանս (և հաճույք) ինձ՝ հավեսով կերան։ Հիմա փորձում եմ գրել նրանց մասին, գրում եմ ու ջնջում․ չի գրվում, երևի այդպես է պետք։ Շաբաթ-կիրակի առավոտյան 4-5-ին եմ պառկել քնելու՝ մի քանի ժամ։ Տարօրինակ զգացողություններ ես ունենում խախտված քնի ժամանակ․ սկզբում չի ստացվում քնել, ուղեղդ եփվում է, քաոսային, անկառավարելի պատկերներից, մտքերից։ Ու երազներս էլ տարօրինակ են։ Այս երկու օրը ճամփորդում էի երազումս: Հիշում եմ առաջինը. Վանում էի (ուր երբեք չեմ եղել), իննուկես ժամ պիտի մնայի մինչև հաջորդ թռիչքս, բայց այդպես էլ չի հաջողվում դուրս գալ օդանավակայանից․ խառը վիճակներ էին՝ հյուրանոց, հետո մի ուրիշ ինքնաթիռ է ժամանում՝ իմ համակուրսեցիներով (չգիտեմ ինչու հառնեցին երեսուն տարիների շերտի տակից), ու ես բաց եմ թողնում իմ հաջորդ թռիչքը՝ մնալով Վանում։ Այսօր՝ երկուշաբթի, մի քիչ ուշոտ վեր կացա, չգնացի գործի, նստեցի շարունակելու առաջադրանքս, երկուսի մոտ գնացի հիվանդանոց՝ թեևս ստուգելու օրն էր։ Սպասասրահում սպասեցրին ավելի քան երկու ժամ՝ երկու րոպեանոց ստուգման համար․ մի քանի տասնյակ մարդ էր սպասում, մարմնի տարբեր մասերը գիպսերի մեջ։ Այնտեղից՝ ուղիղ աշխատանքի, մի երկու ժամով, մի երկու շտապ գործ կար, հետո՝ տուն ու առաջադրանք, մինչև այս ժամը՝ 3։37AM արդեն։ Վաղը ցերեկը կհանձնեմ առաջադրանքս ու կհանգստանամ մի երկու օր՝ մինչ սկսելը հաջորդ առաջադրանքս։ Քնել։
առօրյա,
մարդիկ,
երազներ