(Untitled)

Mar 04, 2016 12:37

Մի բան փնտրելիս պատահաբար ընկա այստեղ։ Հետաքրքրեց՝ որքան է ճիշտ իմ հայերենը։ Ինքնաստուգումը ցույց տվեց, որ խոսքումս առկա են հետևյալ սխալները (որոնցից որոշները հատկապես անսպասելի էին, օրինակ՝ «գլխիս պտտվում է»)։
Եվ այսպես՝

Ես գտնում եմ որ... - սխալ է։ Ճիշտը - Կարծում եմ
ինձ հետաքրքիր է   - սխալ է։ Ճիշտը - ինձ համար հետաքրքիր է
ինձ հաճելի է - ( Read more... )

բացահայտումներ, լեզու, խորհուրդներ, ես

Leave a comment

deghin March 8 2016, 01:43:30 UTC
Ան, Արտաշեսի նշածներն իրոք սխալ ուղղումներ են, բայց դրանք միակը չեն, էլի կան անկապություններ։ Հա, որպես բարբառային/խոսակցական՝ «սառա» ձևը կարելի ա ընդունելի համարել, բայց ճիշտը «սառեցի»-ն ա։ Այ, «սառչեցի»-ին իրոք սխալ ա։

«Գլխիս պտտվում է»-ն ընդհանրապես առաջին անգամ եմ լսում... Երբեք չեմ հանդիպել ո՛չ որևէ մասնագետի կողմից օգտագործված, ո՛չ որևէ գրավոր խոսքում։

Շնորհակալ եմ քեզնից/քեզ. երկու ձևերն էլ ճիշտ են համարվում։ Էս հարցն, ի դեպ, բազմիցս բարձրացվել ա Ֆեյսբուքի «Մայրենի լեզվի դասեր» խմբում, իսկ էնտեղ քննարկումներին մասնակցողների մեջ ահագին լուրջ ու հայտնի մասնագետներ կան, որոնց մի մասն, ի դեպ, էն լեզվական գրքերի՝ ուղեցույցների ու տեղեկատուների հեղինակներն են, որոնց միջոցով ես ահագին բան եմ սովորել տարիներ առաջ։ Ու էս հարցի մասին էնտեղ ասել են, որ երկուս տարբերակներն էլ ճիշտ են, թեև շատ են կարծիքները, որ դրանցից մեկն ա ճիշտ, մյուսը՝ սխալ։

Իմաստալից-ն էլ սխալ չի հաստատ, նույնիսկ եթե իմաստալի-ն էլ ա ճիշտ, ինչում համոզված չեմ, այսինքն՝ բառակազմական առումով լրիվ հանգիստ կարող ա ճիշտ լինել, իհարկե, բայց կարծում եմ՝ գործածական չի, որովհետև չեմ հիշում, որ հանդիպած լինեմ, կամ եթե նույնիսկ հանդիպել եմ, ապա շատ հազվադեպ։

«Ճաշ պատրաստե՞լն» ինչի ա սխալ, չեմ հասկանում։ Լրիվ նորմալ արտահայտություն ա, ինչի՞ հիման վրա պիտի սխալ համարենք։ Ինչո՞վ չի համապատասխանում «պատրաստել» բառի մեզ հայտնի իմաստին։ Մի խոսքով՝ սա էլ եմ ապուշություն համարում։ Համ էլ, ի վերջո, պատրաստելը միշտ չի, որ հենց եփել ա նշանակում, չէ՞։

Իսկ «Ինձ հետաքրքիր է/հաճելի է» սխալ ձևերի մասին ես էլ եմ գրել տարբեր առիթներով, էդ թվում և բլոգումս, իմ գրածը չէր տպավորվել, հա՞։ :P :D

Ի դեպ, որ ասում ես՝ իսկ եթե մասնագետնե՞րն են ասում։ Իսկ ինչի՞ց ենթադրեցիր, որ մասնագետների ասածներ են էս բոլորը։ Վիքիպեդիայում ցանկացած մարդ կարող ա հոդված գրել։

Լսի՜, նոր նայեցի, թե էդ հոդվածը գրելիս ինչ աղբյուրներից են օգտվել, ու ի՞նչ պարզվեց. ահավոր խառը աղբյուրներ, էդ թվում և մեկ ֆորում և մեկ բլոգ, ու գուշակի, թե բլոգն ումն ա։ :D Ճիշտն ասած՝ որ տեսա՝ բլոգ ա գրված ու հղում ա. մտքովս անցավ, որ կարող ա իմ բլոգը լինի, որովհետև ես գրել եմ նման թեմաներով, մտա, պարզվեց՝ իրոք իմն ա։ :D Դե, ես էնտեղի լրիվ օրինակները չկարդացի, բայց էդ «ինձ համար հաճելի/հետաքրքիր է» օրինակն ամենայն հավանականությամբ իմ մոտից են վերցրել, ու երևի էլի ուրիշ բաներ։ Բայց էստեղ ի՞նչն ա կարևոր, Ան. ես, իհարկե, շատ շոյված եմ, որ վիքիպեդիայի հոդվածը որպես աղբյուր հղվում ա նաև իմ բլոգին, բայց օբյեկտիվորեն որ նայես, բլոգը՝ անկախ նրանից, թե ում ա պատկանում, մի՞թե տենց վստահելի աղբյուր ա, որ հալած յուղի տեղ ընդունես։ Ի՞նչ իմանաս, թե տվյալ բլոգի հեղինակն ինչ գիտելիքների տեր ա. եթե գրել ա, էդ դեռ հիմք չի, չէ՞, համոզված լինելու, որ հաստատ ամեն ինչը ճիշտ ա գրել։ Նույնն էլ ֆորումը։ Ով ասես՝ կարող ա իր իմացած «ճիշտը» էնտեղ գրել, բայց ի՞նչ իմանաս՝ իրոք ճիշտ ա, թե ընդամենը իրա սխալ իմացածն ա գրել։

Հ.Գ Ինչ էլ երկար գրեցի... Մի ամբողջ հոդված։ :D

Reply

urish March 8 2016, 02:40:20 UTC
Չգիտեմ, ենթադրում եմ, որ ներկայումս հայերենի իսկական, խորը մասնագետներ համարյա չեն մնացել, ու նորեր էլ թերևս չեն առաջանում, դրա համար լեզվական գրաքննություն, առավել ևս օնլայն աղբյուրներ չկան, երբեմնի լավագույն մասնագետների աշխատանքները սովետական տպագիր գրքերում են, իսկ հայկական վիկին երևի հիմնականում օգտվում է ինտերնետային աղբյուրներից, որոնք պատահական են և, բնականաբար, չճշտված։
Չգիտեմ, թե այս իրավիճակի հետևանքով լեզուն ինչ հետադիմում ու աղավաղում կապրի /և ապրում է/...

Ի դեպ, ես, այնուամենայնիվ, կուզենայի լսել գլուխը պտտվելու և սառելու վերաբերյալ վերոհիշյալ ուղղման հեղինակի մեկնաբանությունը։

Ինչ վերաբերում է շնորհակալ լինելուն, բառի իմաստից ելնելով՝ կարծում եմ, որ, այնուամենայնիվ, ճիշտը ինչ-որ մեկից շնորհակալ լինելն է, որովհետև շնորհը կալում ես, վերցնում ես, որը պահանջում է բացառական հոլով։

Իսկ "ինձ հաճելի է/հետաքրքիր է" ինձ մի տեսակ ճիշտ է թվում. համար-ը կարծես դուրս է մղվում, սղվում է, որից տվյալ դարձվածքը դառնում է ավելի հղկված։

Reply

deghin March 8 2016, 03:20:50 UTC
Ան, «շնորհակալ լինելու» հետ կապված համաձայն եմ, ես ինքս էլ եմ տենց ընկալում, ու ինձ համար էլ ա -ից-ով ձևն ավելի ճիշտ, բայց փաստն էն ա, որ ներկայումս երկու ձևերն էլ ճիշտ են համարվում պաշտոնապես։ Ու որ խորանաս, -ին-ով ձևն էլ իրա բացատրությունն ունի՝ կարծես ոչ պակաս տրամաբանական։ Օրինակ՝ «շնորհակալ» բառը եթե փոխարինենք «երախտապարտ» բառով, որը լրիվ նույն իմաստը կարտահայտի, կասենք՝ երախտապարտ եմ էսինչին, չէ՞, ոչ թե էսինչից։ Կամ, ասենք, «պարտական» բառը եթե վերցնենք, կլինի պարտական եմ էսինչին, ոչ թե էսինչից։ Էդ առումով եթե շնորհակալ բառի ոչ թե կազմության մեջ խորանանք, այլ վերցնենք որպես վերաբերմունք էսինչի նկատմամբ, կստացվի, որ -ին-ով ձևն էլ ա նույնքան ընդունելի։

Ինչ վերաբերում ա հայերենի ներկայիս մասնագետներին, ապա մասնագետներ շատ կան, ուղղակի նրանց տեսակետները հաճախ են հակասում իրար։ Օրինակ, կարող են տարբեր մարդիկ նույն լեզվական իրողության մասին լրիվ հակառակ տեսակետներ արտահայտել իրենց գրքերում, դե արի ու հասկացի՝ որ մեկինն ա ճիշտ։ Բայց դրա համար գոյություն ունի Լեզվի պետական տեսչության տեղեկատուն, որն, ի տարբերություն մյուս գրքերի, որոնք ցանկացած մարդ համապատասխան ֆինանսական միջոցներ ունենալու դեպքում կարող ա տպագրել, պաշտոնապես հաստատված ու ընդունված ա։ Ուրիշ բան, որ կարելի ա խիստ կասկածի ենթարկել էն, թե ինչի հիման վրա են ի վերջո ճիշտ համարել էս, ոչ թե էն ձևը։ Էդ ասպարեզում էլ, ինչպես Հայաստանում ցանկացած ասպարեզում, հաղթում ա ոչ թե լավն ու ճիշտը, այլ ավելի շատ փող ու իշխանություն ունեցողը։

Հետո սենց մի հարց էլ կա. ընդհանրապես հայոց լեզվի ոլորտում նենց կաղապարվածություն ա տիրում համատարած. հայերենի մասնագետները, որպես կանոն, նենց հնին կառչած, փոփոխությունների նկատմամբ անընկալունակ ու կտրուկ մերժողական են, իսկ լեզուն՝ որպես երևույթ, դինամիկ ա շատ ու ժամանակի ընթացքում լիքը փոփոխությունների ա ենթարկվում բնականորեն. բազմաթիվ ձևեր, որ նախկինում սխալ էին համարվում, սկսում են ընկալվել որպես ճիշտ՝ կորցնելով նախնական իմաստն ու կիրառությունը, կամ ուղղակի զարգանում են՝ լրացուցիչ իմաստներ ստանալով, ու դա ավելի քան բնական երևույթ ա, բոլոր լեզուներում էլ առկա ու անխուսափելի։ Բայց մեր մասնագետները մի տեսակ շատ ծանր են տանում ցանկացած փոփոխություն, նորամուծություններին էլ վերաբերվում են թշնամաբար, մերժում են հնին սպառնացող ցանկացած բան՝ անկախ նրանից, թե ինչ ա ու ինչպիսին։ Այլ կերպ ասած՝ ավանդապաշտության հիվանդագին դրսևորումներից էս ոլորտում էլ զերծ չենք մնացել։ Ազգային բնորոշ գիծ ա, էլի։

Reply

urish March 8 2016, 03:31:45 UTC
Շնորհակալի հետ համաձայն չեմ։ Այո, երախտապարտ լինել ինչ-որ մեկին, բայց դա չի նշանակում որ շնորհակալը պիտի իր կաշին փոխի ու ինքն էլ դառնա "պարտքի տեր" :)) Ինձ թվում ա, հենց էս դեպքում ոչ թե լեզուն ենթարկվում ա ճիշտ կա բնականոն տրանսֆորմացիայի, այլ աննկատ աղավաղվում ա, ավելի ճիշտ՝ կարծրանում է լեզվական ակնհայտ սխալ՛

Ինչ վերաբերում ա տարբեր տեսակետներին, եթե տվյալ տեսակետը տրամաբանական բացատրություն ունի, ես այն հակված եմ ընդունելու։

Reply


Leave a comment

Up