Հեռուստատեսության ազդեցության հնարավորությունները

Feb 17, 2010 00:54


Հեռուստատեսության առաջացրած խնդիրներից է նաև բռնություն կիրառելու ցանկության առաջացումը: Օրինակ` 1980-ականների սկզբին ԱՄՆ-ում հարցված դատապարտյալների 63%-ը հայտարարել է, որ հանցագործությունը կատարել է` կրկնելով հեռուստատեսային հերոսներին, իսկ 22%-ը հանցագործության տեխնիկան վերցրել է հեռուստատեսությունից [1]: Ռուսաստանում դեռահասների հանցագործությունների բարձր տոկոսի պատճառը նույնպես որոշ մասնագետներ կապում են մարտաֆիլմերի առատության հետ [2]: Ըստ հաշվարկների` մինչև 15 տարեկանը պատանին ականատես է լինում միջինը 13 հազար հեռուստատեսային սպանությունների, ինչը հսկայական ազդեցություն է թողնում նրա աշխարհայացքի, հոգեբանության և բնավորության ձևավորման վրա [3]:

Բնականաբար, կոմերցիոն հեռուստատեսությունն ունի նաև իր պաշտպանները, որոնք պնդում են, թե հեռուստատեսությունը որևէ ազդեցություն չունի: Մեդիայի և հաղորդակցության տեսաբան Ջեյմս Հալորանը, չնկատելով կամ չցանկանալով նկատել հսկայական քանակի վերլուծությունները և ապացույցները, մեդիայի և բռնության միջև փոխկապակցվածության մասին գրում է. «Դեռևս չկա բավարար վկայություն, որը կհաստատեր ուղղագիծ, պատճառահետևանքային կապեր հեռուստապաստառին պատկերվածի և սոցիալական վարքի միջև` ո´չ դրական, ո´չ բացասական առումով» [4]: Նման փորձագետների կարծիքների վրա են հիմնվում հեռուստատեսությունների կոմերցիոնացման կողմնակիցների փաստարկները և պնդումները:


Հոգեբան Ալբերտ Նալչաջյանի կարծիքով` հեռուստատեսությունն անշուշտ ավելացնում է մարդկանց ագրեսիվությունը, սակայն ավելի շատ այն դեպքերում, երբ նախկինում արդեն կային ագրեսիվ վարքի դրսևորումներ, կամ էլ եթե ընտանիքը խրախուսում է անհատի նման վարքը [5]:

1990-ականների սկզբներին մի խումբ սոցիալական հոգոբաններ հեռուստահաղորդումների դիտումը տեղափոխեցին լաբորատորիա, ինչը նրանց թույլ տվեց հսկել բռնության քանակը հեռուստատեսությամբ: Փորձերին մասնակցող  տարական դասարանների երեխաներին բաժանեցին երկու խմբի. մի խմբին ցուցադրեցին դաժանություն պարունակող, մյուսին` առանց դաժանության հեռուստանյութեր: Այն երեխաներն, ովքեր միայն մեկ դրվագ էին դիտել այն ժամանակների համար ԱՄՆ-ում հայտնի` «Անհաղթահարելի ռեյնջերներ» մանկական հաղորդաշարից (այստեղ կային բռնության դրվագներ), դիտումից հետո երկու րոպեների ընթացքում ցուցադրեցին յոթ անգամ ավելի շատ ագրեսիվ պահվածք, քան այն երեխաներն, ովքեր չէին դիտել այդ հաղորդումը [6]:

«Էկրանային դաժանությունները կարող են սկզբում` ենթագիտակցական, հետագայում` նաև գիտակցական մակարդակում էքստրեմիստական, ֆանատիկ, դաժան արարքների ձևավորողները լինել, որոնց հիմքը հանդիսանում է սոցիալական արդարության սեփական ըմբռնումը» [7]:

Քանի որ ընդօրինակումը ուսուցողական հիմնական ձևերից է, հեռուստատեսությունը դարձել է այս ոլորտի առաջատարներից մեկը, եթե ոչ` առաջատարը: Մարդկանց վրա ընդօրինակման միջոցով սովորեցնելու փորձեր է իրականացրել հոգեբան Ա. Բանդուրան: Գիտափորձերից մեկի ժամանակ նա երեխաներին տեսանյութ է ցուցադրել, որտեղ մեծահասակը մուրճով խփում է տիկնիկի գլխին: Երբ դրանից հետո երեխաներին տիկնիկների հետ խաղալու հնարավորություն են տվել, նրանք շատ առումներով նույնանման վարքագիծ են ցուցաբերել [8]: Դիտումն ու ընդօրինակումը ամենաարդյունավետ ուսուցման մեխանիզմներից են. և այդ պատճառով, արժե լուրջ մտածել, թե մեր փոքրիկները ի՞նչ համակարգչային խաղեր են խաղում, ի՞նչ մուլտֆիլմեր և հաղորդումներ են դիտում:

Հեռուստատեսությունը առաջացնում է նաև կախվածություն:

Այսօր մարդկանց կախվածությունը հեռուստատեսությունից կրում է գրեթե համընդհանուր բնույթ: Հանրության որոշ շերտերի մոտ (երեխաներ և դեռահասներ) այդ կախվածությունը հասնում է ֆիզիկական առողջությանը վնաս պատճառելու աստիճանի: Այս առումով, վերջին տասնամյակում հեռուստատեսությանը գումարվել է նաև համացանցը:

[1]С. Г. Кара-Мурза, “Власть манипуляции”, Москва, “Академический проект”, 2007г. С. 348

[2]С. А. Зелинский, “Информационно-психологическое воздействие на массовое сознание”. Санкт-Петербург, 2008г. С. 145

[3]Аронсон Э., Пратканис Э. Р, “Эпоха пропаганды: Механизмы убеждения, повседневное использование и злоупотребление”, http://lib.rus.ec/b/132715/read

[4]Հրաչ Բայադյան, «Գովազդ եւ մշակութային արժեքներ», 2009/06/30. «Հետաքննող լրոգրողների ընկերակցության» կայք` http://hetq.am/am/society/govazd-2/

[5]А. Налчаджян, “Агресивность человека”, “Питер” 2007г. С. 301

[6]Дейвид Майерс, “Социальная психология”, Москва, “Питер”, 2009г. С. 39

[7]В. Д. Попов, “Тайны информационной политики” (социокоммуникативный психоанализ информационнйх процесов). РАГС, Москва, 2009г. С. 58

[8]Ալբերտ Նալչաջյան, «Հոգեբանության հիմունքներ»: «Հոգեբան», Երևան 1997թ. Էջ 228

Քարոզչություն, Տեղեկատվա-հոգեբանական ազդեցություն

Previous post Next post
Up