Ազատամարտի եղբայրություն, Ղարաբաղի պատերազմի վետերաններ, Դաշտային հրամանատարների խորհուրդ

Feb 08, 2010 16:23

Հայտարարություն

Պատերազմի ավարտից մինչ օրս Հայաստանի Հանրապետության իշխանությունները դիվանագիտական ճակատում շարունակում են հանցագործ շռայլությամբ վատնել այն, ինչը Արցախյան մարտադաշտերում ձեռք է բերվել հազարավոր անձնուրաց հայորդիների կյանքի գնով: Այսօր կարող ենք փաստել, որ գնալով անհասանելի է դառնում պատերազմում տարած փայլուն հաղթանակին համապատասխանող հաշտության պայմանագրի կնքումը Ադրբեջանի հետ:

ՀՀ պատմության այս հորձանուտում մենք մեզ հեռու ենք պահել հայրենի սրբությունների առք ու վաճառքի անբարո գործընթացից, սակայն այսօր երկիրը կործանման վտանգից փրկելու համար, ինչպես ազգային զարթոնքի շարժման արշալույսին, մեզ պարտավորված ենք զգում նախ ահազանգել հասարակայնությանը, ապա եւ ըստ ամենայնի ընդդիմանալ հայրենի երկրի անկմանը:

Հաշվի առնելով, որ այսօր քաղաքական դաշտի տարբեր կողմերից ահազանգեր են հնչում հայ-թուրքական հարաբերությունների ՙջերմացման՚ ....ճակատագրական հետևանքների մասին, եւ առաջնորդվելով Հայաստանի հասարակության միասնականության բարձրագույն գիտակցմամբ` Հայաստանի իշխանություններից
պահանջում ենք `

ա. գաղտնազերծել ՙճանապարհային քարտեզ՚ կոչված փաստաթղթի բովանդակությունը կետ առ կետ

բ.  Թուրքիայի հետ սկիզբ առած բանակցային գործընթացում հասարակությանը տեղյակ պահել Արցախի հիմնահարցի հետ առնչվող բոլոր պայմանավորվածությունների մասին

գ. ապահովել Թուրքիայի հետ ընթացող բանակցությունների թափանցիկությունը, իսկ բանակցային գործընթացի արդյունք հանդիսացող վերջնական փաստաթղթի վավերացումը իրականացնել արդարացի համաժողովրդական հանրաքվեից հետո միայն:

դ. գաղտնազերծել ու հրապարակել Մադրիդյան սկզբունքները, ինչպես եւ լայն հասարակայնության առջեւ հանդես գալ Արցախյան հարցի շուրջ բանակցությունների ներկա հանգրվանի  նկարագրով:

Գտնում ենք, որ վերը նշված պահանջները ՀՀ իշխանությունները պետք է բավարարեն 21 օրվա ընթացքում, որպեսզի մեր ազգի ճակատագրի համար վճռորոշ նշանակություն ունեցող այս հարցերի կապակցությամբ թե` քաղաքական ուժերը, թե` հասարակական կազմակերպությունները եւ թե` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կողմնորոշվելու հնարավորություն ունենան:

Հայ-ադրբեջանական հակամարտություն, Հայ-թուրքական գաղտագողի բանակցություններ

Previous post Next post
Up