Նախագահն արձագանքեց մեր նամակին: Արձագանքը շատ վերացական է և առանձնապես փոփոխությունների հույս չի տալիս (որովհետև Հանրային խորհուրդը սրանից առաջ շատ է քննարկել ու առանց արդյունք), բայց չշտապեմ եզրակացություններ անել ու սպասեմ մինչև քննարկումների սկիզբը: Քննարկումների սկզբից կհասկանանք, թե քննարկումները հարցը թաղելու, թե խնդիրը լուծելու համար են արվում:
Եթե հարցը թաղելու համար են, ապա կարձագանքենք համապատասխան ձևով ու կշարունակենք մեր պայքարը:
»ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, որի ժամանակ առաջարկել է Հանրային խորհրդի հովանու ներքո քննարկումներ սկսել Հանրային հեռուստաընկերության և մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականության առանձին ուղղությունների վերաբերյալ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը՝ մեր խնդրանքով անդրադառնալով հեռուստաընկերությունների եթերային քաղաքականության վերաբերյալ Սերժ Սարգսյանին մի խումբ մտավորականների և հասարակական գործիչների ուղղած
բաց նամակին:
«Ոլորտի բարեփոխումների առաջարկներ ձևավորելու և այդ գործընթացին հնարավորին լայն մասնակցություն ապահովելու նպատակով Հանրային խորհուրդն առաջիկայում մի շարք հանդիպումներ կկազմակերպի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, հեռուստաընկերությունների ղեկավարների, խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների և մտավորականների մասնակցությամբ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նախագահի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ 5 օր առաջ մի շարք հայտնի մտավորականներ, երիտասարդական կազմակերպություններ և կառույցներ
բաց նամակ էին հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում իրենց անհանգստությունն էին հայտնել այն առիթով, որ հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունների եթերը լցված է ագրեսիվ, քրեական և քրեածին, հակասոցիալական սերիալներով և այսպես ասած` «հումորային» ծրագրերով, որոնք իրենց բացասական ազդեցությունն են ունենում հասարակության վրա:«