Այպիսի բաներ

Sep 22, 2010 10:36


ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը երեկ, տևական ընդմիջումից հետո, կրկին Ջավախքում էր: Վրացական իշխանությունները զղջացել են իրենց կատարած քայլի համար և ներողություն են հայցել պատգամավորից: Վերջիններս միաժամանակ պատրաստվում են Ջավախքում արմատական փոփոխության ենթարկել կրթության բնագավառում իրենց որդեգրած քաղաքական կուրսը. նման երևույթի ի հայտ գալն են ապացուցում վերջին օրերին Ջավախքի կրթական ոլորտում տեղի ունեցող, մինչ օրս «անիրականանալի» թվացող ռեֆորմներ: Վրաստանի խորհրդարանում արդեն քննարկվում են Ջավախքում հայոց լեզվին իրավական կարգավիճակ տալու, տեղաշրջանային լեզուների մասին եվրոպական կոնվենցիան վավերացնելու հարցերը: Նախնական տվյալներով, իշխող կուսակցությունը կողմ է այս հարցերի վավերացմանը: Իսկ, ինչպես հայտնի է, իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը Վրաստանի խորհրդարանում ունի ձայների մեծամասնություն:
Վրաստանի վարչապետն օրերս հանձնարարականներ է տվել կրթության նախարարին, որպեսզի վերջինս կարճ ժամանակում նախապատրաստի և հայկական կողմի նույն գերատեսչության հետ կնքի մի շարք պայմանագրեր, այդ թվում` Ջավախքի դպրոցներում հայոց պատմության ուսուցումը միջպետական ծրագրերով ֆինանսավորելու մասին պայմանագիրը (հայկական կողմից ֆինանսական միջոցների չտրամադրման դեպքում վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել վերոհիշյալ դպրոցներում հայոց պատմության, հայ եկեղեցու պատմության և Հայաստանի պատմական աշխարհագրության առարկաների ուսուցումը կազմակերպել պետական կամ դոնոր կազմակերպությունների միջոցներով):
ՀՀ-Վրաստան “Նինոծմինդա” մաքսային - անձնագրային անցակետում Ջավախքի քաղաքացիները ենթարկվում են պարզեցված կարգով ստուգումների (կարելի է ասել, այդ ստուգումները շատ դեպքերում կրում են ձևական բնույթ): Վրաստանի ղեկավարությունն այս քայլը բացատրում է երկրի օրենսդրությունը եվրոպական մի շարք կոնվենցիաների տառին ու ոգուն համապատասխանեցնելուն ուղղված համալիր միջոցառումներով: Ավելին` «Նինոծմինդա» մաքսային վերահսկողության աշխատակիցները օրերս հայտարարել են, որ բոլոր այն ջավախահայերը, ում ձեռքից ժամանակին խլվել են գրքեր, թերթեր, քարտեզներ և մշակութային այլևայլ իրեր, կարող են ներկայանալ մաքսատուն և նշված իրերն անարգել անցկացնել Ջավախք:


Հայոց լեզուն Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում պետական լեզու հռչակելուն ուղղված վրացական իշխանությունների քայլերը մեծ արձագանք են գտել ջավախահայության շրջանում: Մեծ ոգևորություն է ապրում հատկապես երիտասարդությունը, որը մինչ այդ փաստացիորեն մեկուսացված էր երկրի հասարակական-քաղաքական կյանքից: Տարածաշրջանի վարչական բոլոր ոլորտներում արդեն վրացերենի կողքին իրավաբանորեն գործածական է հայերենը: Այդ նշանակալի իրադարձության շնորհիվ ջավախահայության շրջանում տիրում է Վրաստան պետության նկատմամբ հարգանքի և վստահության մթնոլորտ: Շատերի մոտ այդ մթնոլորտն այնքան է «շիկացած», որ վերջիններս անգամ ցանկանում են ծառայել վրացական բանակում և առանց հորդորանքների ու լրացուցիչ մեթոդների կիրառմամբ սովորել վրացերենը:
Վրաստանի պաշտպանության նախարարության կայքէջում դրված նյութից տեղեկանում ենք, որ նշված գերատեսչությունը պատրաստվում է պաշտոնապես դիմել Վրաստանի խորհրդարան, որպեսզի վերջինս վավերացնի «Ջավախքի նախկին ռուսական 62-րդ ռազմաբազայի տեղում հայկական զինված ուժերի ստորաբաժնման տեղակայման մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Վրաստանի ՊՆ-ն իր այս քայլը բացատրում է հայկական բանակի հանդեպ տածած անսահման վստահությամբ և հարևանական փոխադարձ սիրով:
Ինչպես հաղորդվում է Վրաստանի Քվեմո Քարթլի նահանգի մամլո ծառայությունից, ներկայումս նահանգապետարանը Վրաստանի նախագահի հանձնարարականով մշակում է Հյուսիսային Լոռու հայկական գյուղերի (Վրաստանի Քվեմո Քարթլի նահանգի հարավային մասեր)` ՀՀ-ին զիջման ծրագրային փաթեթը: Վրաստանի նախագահն իր այս քայլը բացատրում է ինչպես նշված գյուղերում մշտապես առկա լարվածությամբ, այնպես էլ դրանք մինչ 1930-ական թվականները Խորհրդային Հայաստանի կազմում գտնվելու հանգամանքով:
Վերադառնալով Ջավախքին` պատմենք, որ օրերս Ախալցխայում, նախկին պրոֆտեխուսումնարանի` 1991թ. փակված հայկական լեզվով ուսուցմամբ հաշվապահական ֆակուլտետի շենքի տեղում, տեղի ունեցավ ԵՊՀ Ախալցխայի մասնաճյուղի հիմնարկեքի արարողությունը: ՀՀ-ից այդ առթիվ ժամանած հյուրերի թվում էին նաև ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը և այլք: Միջոցառմանն իրենց ելույթով հանդես եկան նաև «Կարին» ազգագրական երգի պարի համույթի սաները:

Առօրյա կյանքում Ջավախքի քաղաքական անցուդարձերով ապրող ջավախքցի Ազատ պապիկի պատմած երազը գրի առավ Վահե ՍԱՐԳՍՅԱՆԸ` 2010թ. սեպտեմբերին:

Հ.Գ. Երազի կատարման կամ չկատարման շուրջ տարբեր մեկնություններից խուսափելու համար չենք նշում շաբաթվա օրը:

Times.am

Վրաստան, Հայաստան, Ջավախք

Previous post Next post
Up