Բեզոարյան այծերն ու մուֆլոնները մարդու հետ հանդիպելուց առաջ և հետո

May 24, 2010 08:55




Սպանված մուֆլոնի մնացորտներ: Մուֆլոն Հայաստանում մնացել է մոտ 200 հատ: Մուֆլոնը, խոյը Հայաստանում նախկինում եղել է սուրբ կենդանի և առկա է նախաքրիստոնեական շատ «վիշապաքարերի» ու հետքրիստոնեական այլ քանդակների վրա:




Բեզոարյան այծ: Բեզոարյան այծը նույնպես քարայծների դասից է: Բեզոարների թիվը Հայաստանում մի քիչ ավելի շատ է, բայց այն նույնպես կարմիր գրքից է: Բնապահպանության նախարարությունն ունի մոտ 20 տեսուչ, որոնք պետք է վերահսկեն ողջ Հայաստանի տարածքը:




Բեզոարյան այծ: Հայերենում խոյ բառից է առաջացել հոյակապ (խոյակապ), խոյակ բառերը, ինչն ինքնին ցուցադրում է, թե հայերն ինչ վերաբերմունք են ունեցել խոյին:




Մեկ սպանված բեզոարյան այծի կամ մուֆլոնի դիմաց տուգանքը 3 միլիոն դրամ է: Անցյալ տարի , ողջ տարվա ընթացքում ապօրինի որսի դիմաց բնապահպանության նախարարությունը տուգանել է մոտ 10 միլիոն դրամ: Հիշեցնեմ, որ բացի քարայծներից, Հայաստանում կան արգելված, սպանելու դեպքում տուգանքին արժանի շատ այլ կենդանիներ:




Պատմում են, որ վերջերս մի շատ հայտնի մարդ (ոչ մեկ չասաց թե ով) մի հղի այծյամ է խփում ու երբ անտառապահն ասում է, թե գոնե հղիին մի խփեք, սա էլ թեքվում ու առանց բառ ասելու կրակում է անտառապահի փորին: Հետո վիրավորին բերում քցում է հիվանդանոցի հայաթը: Այս պատմությունը լսել եմ տարբեր մարդկանցից, բայց ոչ ոք չասաց, թե ով է եղել: Միայն ասացին, որ բոլորս էլ ճանաչում ենք իրեն:




Արտասահմանցիներն են շատ սիրում հայկական մուֆլոն խփել. որովհետև էնդեմիկ տեսակ է ու կա միայն Հայաստանում: Մի քանի տարի առաջ Խոսրովի արգելոցից Ուրցասարի լեռնանցքը օտարվել է ու 99 տարով տրվել է Սաֆարի Ինթերնեյշնլ ընկերությանը, որը արտասահմանցիներ է բերում Հայաստան որսի: Ուրցասարը մուֆլոնների ու բեզոարների հիմնական բնակատեղերից է: Բնապահպան կազմակերպությունները ոչինչ չեն կարողանում անել Սաֆարի Ինթերնեյշնլի հետ, իսկ Բնապահպանության նախարարությունն ասում է, որ արտասահմանցիները գալիս են Հայստան լորի որսի ու ամեն ինչ նորմալ է:




Մուֆլոնների հոտ: Բնապահպան կազմակերպություններն ասում են, որ մենք գիտենք, թե երբ են արտասահմանցիները գալիս, որտեղ են մնում, երբ են գնում որսի, բայց ոչինչ անել չենք կարող, որովհետև սեփականաշնորհված տարածքներում են որսում և մեզ ուղղակի չեն թույլատրում մտնել:




Վերջերս արտասահմանցիների համար հայկական խոյեր խփելու գները Սաֆարին թանկացրել է ու մեկ մուֆլոնի կամ բեզոարի համար վերցնում է մոտ 15 հազար եվրո:




Փաստորեն երեք միլիոն տուգանքը ներառված է գնի մեջ ու որսասերները կարող են հանգիստ սպանել կարմիրգրքային կենդանիներին ու տուգանքը մուծելով հեռանալ:

Նկարները` WWF Armenia

Բեզոարյան այծ, Մուֆլոն, Որսագողություն, Հայաստան, Հայրենիք

Previous post Next post
Up