Սերժ Սարգսյանը՝ Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի մասին

Dec 19, 2010 03:19

«Մենք հպարտ ենք, որ մեր կուսակցությունը տարբեր տարիների ղեկավարել են հայ ժողովրդի այնպիսի արժանավոր զավակներ, ինչպիսիք են Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանը և Անդրանիկ Մարգարյանը: Նրանց առաջնորդությամբ մեր կուսակցությունը կայացել է, ստացել ժողովրդի վստահությունը և ստանձնել առանցքային դերակատարություն երկրի կառավարման գործում։
Աշոտ Նավասարդյանը հույսի, հույզի և էներգիայի մարմնացում էր: Այն ժամանակ, երբ շատերն
անգամ հոգու խորքում չէին կարող փայփայել անկախ պետականություն ունենալու հույսը, նա բաց քարոզում էր այդ վեհ նպատակը: Նա ընդդիմացավ մի համակարգի, որը համարվում էր ահազդու և անխաթար: Աշոտ Նավասարդյանն ուներ երազանք և ուներ նպատակ. նպատակ, որն այսօր իրականություն է` Հայաստանի անկախ պետականության վերականգնումը: Հանուն այդ նպատակի նա վտանգեց իր բարեկեցությունը, զոհաբերեց իր ընտանիքի հանգիստը, կրթություն ստանալու իր հնարավորությունը: Նրա ու նրա զինակիցների շնորհիվ է նաև, որ պահպանվեց հայոց ազատատենչ ոգին, և մենք հնարավորություն ունեցանք հաստատելու Հայաստանի երրորդ Հանրապետությունը:

Վազգեն Սարգսյանը հայոց նորագույն պատմության ամենավառ կերպարներից էր: Նա չխուսափեց պատասխանատվությունից ամենածանր պահերին` առաջ գալով և ցուցաբերելով իսկական առաջնորդի հատկանիշներ: Վազգենն այն մարդն էր, ով չընդունեց մեր հայրենիքի անքակտելի մասը` Արցախը, կրկին Ադրբեջանի իշխանությունների կամայականությունների պատանդ դարձնելու հավանականությունը: Այդ ժամանակ առկա տարբերակների ընտրությունը շատ հստակ էր, և Վազգենը կայացրեց իր միանշանակ ու վճռական որոշումը: Այսօր մենք պատասխանատվություն ենք կրում Վազգենի հիշատակի առաջ: Այսօր մենք պատասխանատվություն ենք կրում մեր պատմության ճակատագրական պահերին նրա և մեր բոլորի կատարած ընտրության համար:
Մեր կազմակերպության համար երրո՛րդ նվիրական անունը պետք է տամ` վարչապետ
Անդրանիկ Մարգարյանին հիշելով: Նա համաձայնություն կերտելու, դժվարությունները հարթելու և ազգային նպատակներն առաջ մղելու գործում Հայաստանի ամենանվիրյալ հայրենասերներից էր: Նրա մղումներն ազնիվ էին, նրա շուրջ տիրում էր համաձայնություն, քանի որ Անդրանիկ Մարգարյանը բոլորին վարակում էր իր մարդասիրությամբ և հայրենասիրությամբ: Չի եղել որևէ դեպք, որ իր հետ փորձեն կիսվել գաղափարով կամ նախաձեռնությամբ, և նա չարձագանքի, չփորձի հասկանալ ու գնահատել, օժանդակել այն իրականացնելու գործին: Անդրանիկ Մարգարյանը պետական գործիչ էր՝ բառի բուն իմաստով և իր գործունեությամբ կարողացավ դառնալ այն հենասյունը, որի շուրջ ամրանում էր պետական մտածողությունն ու պետականամետ գործելաոճը:
Մեր երեք առաջնորդների կորուստը ծանր է եղել բոլորիս համար: Նրանք երազում էին հաղթանակած Հայաստան ու տեր էին կանգնում իրենց երազանքին: Այսօր արդեն մե՛նք պետք է իրականություն դարձնենք նրանց երազած հաջողությունների Հայաստանը, նրանց երազած բարեկեցիկ Հայաստանը, նրանց երազած հզոր ու խաղաղ Հայաստանը: Եվ, անշուշտ, դարձնելու ենք»:

Մեծեր, Վազգեն Սարգսյան, Աշոտ Նավասարդյան, Անդրանիկ Մարգարյան

Previous post Next post
Up