Այսօր Արարատ քաղաքում ընտրություններ են: Է, կասեք՝ հետո ի՞նչ, թող գնան իրենց քաղաքապետին ընտրեն, մեզ ի՞նչ:
Ամբողջ խնդիրն այն է, որ էս ընտրույթունների շուրջ ինտրիգ կար: Պրովինցիալ քաղաքների համար անսովոր բան էր
տեղի ունեցել: Գործող քաղաքապետից բացի՝ որոշվել էր առաջադրվել նաեւ նախորդը ու ոչ միայն առաջադրվել էր, այլ փորձում էր ընտրությունների նկատմամբ հասարակական հնչեղությունը մեծացնել: Դե, եկավ Երեւան ասուլիս տվեց, իր էդ ասուլիսով ստիպեց, որ գործողն էլ թերթերում մի-երկու բան ասի ու այսպես շարունակ:
Մի խոսքով, մրցակցություն կար, իհարկե՝ ոչ քաղաքական, ոչ ծրագրային, այլ՝ տեղային:
Իրական մրցակցություն չէր, որովհետեւ երկուսի հայացքն էլ դեպի արարատցին չէր, այլ՝ իշխանությունը, Սերժը, իրենց մարզի ազդեցիկ պաշտոնյաները:
Իրական մրցակցություն չէր, որովհետեւ թեկնածուները խոսում էին ոչ թե անելիքների, այլ՝ մինյանց «հերոսական» գործունեության մասին:
Բայց ընտրության հնարավորություն կար:
Լավ թեկնածուներ չէին, բայց արարատցին մի թեթեւ ընտրելու հնարավորության ուներ, գոնե՝ չարյաց փոքրագույնի սկզբունքով:
Գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանին եւ նրա մրցակից Հակոբ Թովմասյանին ճանաչում եմ ու երկուսին էլ «ոչ» կասեի, բայց դե՝ դա էլ իմ ընտրությւնը կլիներ:
Ամեն դեպքում, մի թեկնածույով ընտրությունից լավ էր, եթե՝ ոչ էսօրվա, գոնե՝ հեռանկարի իմաստով: Եթե էսօր մրցակցության նմանակում է, վաղը՝ հաջորդ ընտրությանը, գուցե իսկական միցակցություն լիներ:
Բայց նույնիսկ էդ ձեւական մրցակցությունը չեղավ, որովհետեւ Հակոբը՝ վկայակոչելով մրցակցի անազնիվ պահվածքը, ընտրությունից մի քանի ժամ առաջ ինքնաբացարկ հայտարարեց:
Ափրիկը սուրբ չի ու հաստատ քաղաքապետի իր լծակներն օգտագործում է:
Բայց դե՝ Հակոբն էլ էրեկվա միամիտը չի, որ ընտրությունից ընդամենը ժամեր առաջ հասկացավ, որ ընտրությունը չընտրություն է:
Երեւի «վերեւից» օգնել են, որ հասկանա, ու էս դեպքում՝ ընտրողը, նրան հավատացող ընտրողը, նրան այլեւս չի հավատա: Գնայիր, պայքարեիր, ապացուցեիր, որ բեսպրեդելի դեմ ես պայքարում: Թե չէ՝ տպավորություն է, որ «վերեւի» դաբորյի կարոտ մնացիր՝ ընտրությունից զրկելով կողմնակիցներիդ:
Մի խոսքով, էսօր Արարատում չընտրություն է, մարդիկ ընտրություն են կատարելու Ափրիկի եւ Ափրիկի միջեւ: Ու այստեղ խնդիրը նրա անձը չէ: Խնդիրը՝ մեր մենթալիտետն է, բարքերը, մրցակցություն չհանդուրժող մեր բնավորությունը: