Դարձյալ՝ քաղբանտարկյալների մասին

May 29, 2011 23:41

Այն օրը, երբ պաշտոնապես հայտարարվեց համաներման մասին՝ ՀԱԿ-ը հայտարարում էր, որ երկրում կա վեց քաղկալանավոր:
Նրանցից հինգը՝ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արա Հովհաննիսյանը, Շմավոն Գալստյանն, Սարգիս Հացպանյանն ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն Մարտի 1-ի գործի հետ:
Մուրադ Բոջոլյանը՝ թեեւ ազատազրկված է հայրենիքի դավաճանության մեղադրանքով, բայց ընդդիմության կողմից դարձյալ ներառված է քաղկալանավորների ցանկում:
«Ժառանգություն» կուսակցությունը քաղբանտարկյալ է համարում նաեւ Զարուհի Փոստանջյանի եղբորը՝ Տիգրանին, ով ազատազրկված է թաղապետարանի իր գործունեությն հետ կապված մի դրվագին առնչվող պատմության պատճառով:
Համաներման առաջին օրը ազատ են արձակվել Սասունը, Նիկոլը, Արան:
Հացպանյանն առայժմ անազատության մեջ է, բայց համաներումը ստույգ տարածվում է նաեւ նրա վրա եւ, հավանաբար, հենց վաղը նա ազատության մեջ կլինի:
Շմավոն Գալստյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարած ազդեցիկ երկրապահ, նախկին պատգամավոր Հակոբ
Հակոբյանի ընկերն է, նրան պատկանող «Անուշ» հյուրանոցի տնօրենը: Նա ձերբակալվել է կավատության մեղադրանքով: Նրա մասին ժամանակին խոսել է անգամ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: «Կոնկրետ մեկը դատապարտվել է պոռնկանոց ստեղծելու համար, պոռնիկներին, մարմնավաճառներին հավաքագրելու եւ շահույթ ստանալու համար, ինչը մենք կոչում ենք թրաֆիքինգ եւ որի դեմ շատ ակտիվ պայքար ենք տանում»,-ասել է նա: Տրամագծորեն հակառակ կարծիքն ունի Գալստյանի փաստաբանը: «Ավելի քան ակնհայտ է, որ Շմավոն Գալստյանի դեմ ներկայացված մեղադրանքը շինծու մեղադրանք էր: Նախաքննության հենց սկզբից մասնակցել եմ պրոցեսին` մինչեւ Վճռաբեկ դատարան: Մեղադրանքի շինծու լինելը հիմնավորվեց դեռեւս նախաքննության ընթացքում գործում եղած ապացույցներով: Գործի քաղաքական բնույթը կայանում է նրանում, որ Շմավոն Գալստյանին այդ մեղադրանքները այլ պայմաններում չէին ներկայացվի, քանի որ չկային ոչ հիմքեր եւ ոչ էլ ապացույցներ: Այդ ամենը տեղի ունեցավ հայտնի քաղաքական զարգացումների ազդեցության տակ: Միանշանակ ասում եմ, որ բոլոր ներկայացված ապացույցներն արհեստական են, դրանք ներկայացվել են միտումնավոր` նրան դատապարտելու համար: Գործը այդքան բարդացնելն ու դատավճռով այդքան խիստ պատիժ նախատեսելն էլ հենց քաղաքական
դրդապատճառներով արված դատավարության ակնհայտ ապացույցն է»,- ասում է Ստեփան Ոսկանյանը:
Ինչեւէ, համաներումը Շմավոնի վրա չի տարածվում: Բայց ասում են, որ նա հունիսին
ազատ է արձակվելու՝ վաղակետ պայմանականի կիրառմամբ:
Թուրքագետ Մուրադ Բոջոլյանի վրա եւս համներումը չի տարածվել, բայց հունիս ամսին նա ազատության մեջ կլինի՝ կրելով ամբողջ պատժաժամկետը:
«Ժառանգություն» կուսակցությունը պնդում է, որ Տիգրան Փոստանջյանին առաջադրված մեղադրանքն ապաքրեականացվել է եւ հուսանք, որ նա եւս շատ մոտ ապագայում ազատության մեջ կլինի:

քաղկալանավորներ, արձագանք

Previous post Next post
Up