Հայաստանի երեք նախագահները -մաս երկրորդ. պատերազմից` մինչեւ չկարգավորում

Feb 05, 2011 20:47

Նախորդ անգամ համեմատել էի Հանրապետության երեք նախագահների գործունեությունը` ներքին քաղաքականության հարցերում:
Այս անգամ կխոսոսենք արտաքին քաղաքականության մասին, մանավանդ որ` այս հարցում Հայասատանի ղեկավարների մոտեցումներն էապես տարբերվում են:
Արտաքին քաղաքականություն
1990թ-ին ՀՀՇ-ն ու նրա առաջնորդները իշխանության եկան` երրորդ ուժի բացառման, սեփական ուժերին ապավինելու
սկզբունքներով: Լեւոն Տեր-Պետրոսյանը հավասարակշիռ արտաքին քաղաքականությն ջատագովն էր եւ է: Սակայն այլ բան է տեսությունը, մեկ այլ բան` իրականությունը: Շուտով սկսվեց ղարաբաղյան պատերազմը եւ մեր դիվանագիտության խնդիրը դարձավ դրական միջազգային իրավաքաղաքական համատեքստի ստեղծումը: Խնդիրը հաջողությամբ լուծվեց, ինչը նպաստեց ղարաբաղյան հաղթանակին եւ զինադադարի կնքմանը: Տեր-Պետրոսյանը մեծապես կարեւորել է հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը, սակայն նրա իշխանության օրոք էական առաջընթաց չգրանցվեց ոչ ԼՂ կարգավորման գործընթացում եւ ոչ էլ` հայ-թուրքական հաշտեցման գործընթացում: Առաջին նախագահը հանդես եկավ ԼՂ խնդիրը լուծելու կոնկրետ նախաձեռնությամբ, երբ արդեն նրա քաղաքական դիրքը սասանված էր: Արդյունքում` հենց ԼՂ խնդիրն էլ դարձավ առաջին նախագահի վաղաժամկետ հրաժարականի պատճառ: Թեեւ, հանուն արդարության պետք է ընդգծել, որ Տեր-Պետրոսսյանի կառավարման շրջանում ԼՂ իշխանությունները բանակցային գործընթացի լիարժեք սուբյեկտ էին: Եթե ամփոփենք` առաջին նախագահի պաշտոնավարման օրոք իրոք իրականացվում էր հավասարակշիռ արտաքին քաղաքականություն` մինչեւ առնվազն 1995-96թթ-ը: Վիճահարույց ընտրությունները եւ իշխանության փոփոխված որակն ազդեցին նաեւ արտքին քաղաքականության արդյունավետության վրա:
Ռոբերտ Քոչարյանի ձեւավորած իշխանության որակն ի սկզբանե կանխորոշում էր նրա արտաքին
քաղաքականությունը: Ազգայնական պրիմիտիվ կարգախոսներով հանդես եկող իշխանությունն առաջնորդվում էր "երեք ճակատ, մեկ սահման" բանաձեւով. որ ենթադրում էր ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ձգձգում, Ցեղասպանության ճանաչումն արտաքին  քաղաքականության առաջնահերթություն դարձնելով` Թուրքիայի հետ երկխոսության բացառում: Նման քաղաքականության արդյունքն այն եղավ, որ ԼՂ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից, հայ-ռուսական հարաբերությունները վասալային բնույթ ստացան: ԼՂ կարգավորման գործընթացը հասավ այնպիսի վտանգավոր հանգրվանի, որ հրապարակ նետվեց Մեղրիի փոխանակման տարբերակը: Էլ չենք խոսում Հայաստանի` Ռուսաստանից ունեցած միակողմանի կախվածության մասին. Ռուսաստանի
խորհրդարանի նախագահը մեր երկիրն իր կայսրության ֆորպոստ անվանեց հենց Երեւանում:
Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության մասին առայժմ հնարավոր չէ որոշակի բան ասել: Գործող նախագահը մեկ հարեւանների հետ հաշտեցման կողմնակից է (օրինակ, հայ-թուրքական գործընթացը), մեկ այլ դեպքում` համոզված ազգայնական, որին կնախանձեին անգամ դաշնակները: Նա խոսում է եվրաինտեգրացիայի անհրաժեշտության մսաին, սակայն նրա իշխանությունը երկարաձգում է Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը 49 տարով: Սարգսյանի քաղաքական վարքագիծն ու հռետորաբանությունը փոխվում են մարտ ամսվա եղանակի պես: Այնպիսի տպավորություն է, որ նա արտաքին քաղաքականությունը ծառայեցնում է բացառապես իր ռեժիմի այսրոպեական փոփոխական շահերին: Տա Աստված` սխալվեմ:

Հայաստան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան

Previous post Next post
Up