Nov 23, 2013 13:24
Պետրոսը նստել էր ափին ու ամոթխած հայացքով նայում էր լճի չարաճճի ջրերին: Իսկ աչքի պոչը, առանց որևէ ամոթի, բայց որոշակի ներքին դիմադրությամբ նայում էր դեպի ջուրը կռացած երիտասարդ գեղուհուն - նա այնպե՜ս էր կռացել: Պետրոսը հիսուներկու տարեկան հաշվապահ էր, բայց իրեն համարում էր ներքուստ երիտասարդ և գրավիչ - երևի ավելի շուտ ներքուստ գրավիչ, քան ներքուստ երիտասարդ: Իսկ գեղուհին, չգիտեմ ներքուստ ինչ էր, բայց արտաքուստ` կարող էր սպանել ուզածդ շնչավոր տղամարդու՝ առանց տարիքային սահմանափակման, և կենդանացնել արական սեռի ցանկացած դիակ:
Եվ այդտեղ ամեն ինչ սկսվեց: Գեղուհու աչքի պոչը հանդիպեց Պետրոսի աչքի պոչին: Ու հանկարծ գեղուհին սեթևեթ շարժումով մազերը հետ գցեց և շեղակի էնպես քաղցր նայեց Պետրոսին, որ Պետրոսն անորոշ ժամանակով կատարելապես կորցրեց ինքնագիտակցությունը, մոռացավ հայրենիքը և դարերի ընթացքում հայ ժողովրդի կրած բոլոր տառապանքները:
Ու հետո գեղուհին շրջվեց և, ծածանելով վարսերն ու մարմնի մնացած հատվածները, շարժվեց դեպի Պետրոսը ...
Ասել, թե մեր պատմության հերոսը երբևէ իրեն չէր պատկերացրել նման իրադրություններում՝ կլիներ անհաշվենկատ և պարզապես սխալ: Իհարկե պատկերացրել էր և բավականին հաճախ - այն աստիճանի, որ կինը՝ Ռոզան, որոշել էր նրան տանել բժշկի: Ճիշտ է բժիշկը, ում մոտ Ռոզան քարշ էր տվել իր տարաբախտ ամուսնուն, այնքան էլ բժիշկ չէր, այլ հայտնի հոգեբան, ով բացարձակապես չէր հավատում հոգու գոյությանը, ինչը, սակայն, նրան չէր խանգարում գոյություն չունեցող բանի հետ մանիպուլյացիաների դիմաց անխռով գանձել ժամը՝ 20.000 դրամ: Պետրոսը միայն մեկ անգամ փորձեց կնոջը նրբանկատորեն հուշել, թե մեկ էլ ովքեր են ծառայությունների դիմաց ժամավճարով աշխատում և որ նրանք գոնե հստակորեն գիտեն, թե ինչի հետ հատկապես ինչ մանիպուլյացիաներ են անում, սակայն Ռոզան անդրդվելի էր դատապարտյալների վաղաժամկետ ազատման հանձնաժողովի նման, այնպես որ Պետրոսը ստիպված էր հեզիկ ու խոնարհ մտնել հոգեբանի կաբինետ:
Իսկ խնդիրն այն էր, որ օրվա ընթացքում մի քանի անգամ Պետրոսը կնոջ աչքով էր ընկնում քարացած, բոլոր զգայարաններն անջատած դրությամբ, դեմքին՝ մտավոր հետամնաց երջանկություն: Կնոջ անսխալ բնազդով Ռոզան զգում էր, որ Պետրոսի արձանացումներից դավաճանության հոտ է գալիս, սակայն փաստական ապացույցներ չունենալով, ստիպված էր դիմել հոգեբանի օգնությանը՝ հուսալով այդ ճանապարհով բավարար տվյալներ հավաքել ամուսնու հետագա էկզեկուցիայի համար:
Պետրոսը հոգեբանին պատմեց, որ քարացման պահերին մտքին է գալիս իր վաղամեռիկ հորաքույրը, և ինքը վերերկրային բերկրանքով մտորում է, թե որքան երջանիկ է հիմա նա՝ թռչկոտում է իր համար մեկ ամպից մյուսը և տավիղ է նվագում օրնիբուն: Հոգեբանն իհարկե չհավատաց Պետրոսի որևէ մեկ բառի և կնոջն առանձին բացատրեց, որ այդպիսով Պետրոսը փորձում է պայքարել սեփական հորը սպանելու իր իմպլիցիտ ցանկության դեմ, որպիսի ցանկությունը, ասում էր հոգեբանը, շատ նորմալ բան է բոլոր պատվական մարդկանց համար: Ռոզան դրանից մի փոքր շփոթվեց, քանի որ Պետրոսի հայրիկը վաղուց արդեն հանգուցյալ էր, բայց, այնուամենայնիվ, թեթևացած շունչ քաշեց և որոշ ժամանակ հանգիստ թողեց կողակցին:
Իսկ իրականում Պետրոսն իր քարացումների ժամանակ պատկերացնում էր իգական սեռի ներկայացուցիչների, որոնք օժտված էին չնաշխարհիկ գեղեցկությամբ և դեպի Պետրոսն ունեցած անբացատրելի հակումով: Սակայն բանն էլ հենց այդ էր, որ դրանք մնում էին սոսկ պատկերացումներ և, այսպես ասած, միսուարյուն չէին ստանում, այլապես Պետրոսի կինը նրան կտաներ ոչ թե հոգեբանի, այլ մսագործի մոտ:
Իսկ այս դեպքում դեպի Պետրոսն ընթացող գեղուհին ոչ միայն միսուարյունից էր, այլ, թերևս, հնարավոր ամենաբարձրորակ միսուարյունից: Եվ այսպես, գեղուհին, շուրջբոլորը բարոյական ավերածություններ սփռելով, մոտեցավ Պետրոսին և ... արեց մի բան, ինչին պատրաստ չէր նույնիսկ մեր հաշվապահի ինչ ասես տեսած երևակայությունը: Նա մատին փաթաթեց Պետրոսի կրծքավանդակին առկա ուղիղ երեք մազերից մեկը, պոկեց այն և զարմանալի արագությամբ փախավ՝ հետևից թողնելով ավազի ամպեր: Իրադարձությունների նման զարգացումից Պետրոսն ընկավ միջին ծանրության կոմայի մեջ:
Նրան այդ վիճակից դուրս բերեց կինը՝ Ռոզան, իր պատկառելի բազուկների ողջ թափով նավակի թիակն իջեցնելով Պետրոսի քաչալ և անպաշտպան գլխին:
Հիվանդանոցում Պետրոսն ուշքի եկավ դառն իրականության, քաղցր կորստի և բութ ցավի համախառն զգացողությամբ: Հիվանդասենյակում իր գերիշխանությունն էր ցուցադրում երիտասարդ բուժքույրը, ով, ամենայն հավանականությամբ, նոր էր վերադարձել Սև ծով կատարած ուխտագնացությունից և այդ կապակցությամբ տնային տնտեսուհու մեղքով մոխրացած բադրիջանի տեսք ուներ: Բացի այդ, նա ցուլի նպատակասլացությամբ ծամոն էր ծամում և հընթացս պատասխանում տիկին Ռոզայի լեզվական հարձակումներին՝ իր հեգեմոնությունը պաշտպանելով քոքված բուժքրոջ անվրեպ օպերկոտներով և հուքերով:
Պետրոսին քննեցին բազմաթիվ մասնագետներ և ապագա մասնագետներ՝ բժշկական համալսարանից, ովքեր հոտերով շրջում էին բուժհաստատությունում և անպարկեշտ կատակներ անում տեղաբնիկների հասցեին․ իսկ տիկին Ռոզային քննեցին քննիչ Մարտիրոսյանը և տեսուչ Նահատակյանը, որի համար մեծապես զղջացին և շատ փոշմանեցին ու, նյարդային ծխելով, որերորդ անգամ բարձրաձայն հիշեցին, թե որքան անշնորհակալ և ցածր վարձատրվող է իրենց աշխատանքը:
Եվ ահա, երբ Պետրոսը, վերջապես ազատվելով հերթական բարեհոգի ազգականի կպչուն ներկայությունից, հայացքն առաստաղին հառած, փորձում էր կամքի ուժի զորությամբ երևութացնել լճափի ջրահարսին, պալատի դուռը բացվեց և ներս մտավ սպիտակ խալաթով մի մարդ: «Սողուն», - մտքում տնքաց Պետրոսը, երևութացման անհաջող փորձի ավերակների վրա լուռ ողբալով: «Սողունը», որը ենթադրաբար բժիշկ էր, շարժվեց դեպի պացիենտը: Այդ պահին Պետրոսը զգաց, որ ինչ-որ բան այն չէ և սրտի անհանգստությամբ հայացքն ուղղեց բժշկին: Հանդիպելով մոտեցողի հայացքին՝ Պետրոսը քիչ մնաց ճչար․ բժիշկ-«սողունը», մոլագարի պես աչքերը չռած, ջղաձիգ մատներն առաջ պարզած, հասավ Պետրոսին և, կրծքավանդակի վրա երկու ձեռքով ճանկելով նրա գիշերանոցը, փորձեց վզի մոտից պատռել: Պետրոսը կնոջ ձայն հանեց: Այդ պահին, ի բարեբախտություն Պետրոսի, հիվանդասենյակ մտավ նրա սիրեցյալ կողակիցը: Ի տարբերություն ամուսնու, տիկին Ռոզան նման կենցաղային իրավիճակներում արագ էր կողմնորոշվում․ նախ մոլագար բժշկի ուղղությամբ շպրտելով ծաղիկներով լեցուն ծաղկամանը, նա ճանկեց մոտակա աթոռակն ու սկսեց անխնա հարվածներ տեղալ սպիտակ խալաթավոր հանցագործի վրա, ով ստիպված էր ճողոպրել՝ ճանապարհին փռելով միջանցքում պատահած բուժաշխատողներին, հիվանդներին և նրանց մերձավոր ու հեռավոր ազգականներին: Հետագայում հետաքննությամբ պարզվեց, որ ոչ մի այդպիսի բժիշկ հիվանդանոցում չի եղել, չկա և, ամենայն հավանականությամբ, չի լինի:
Դուրս գրվեց Պետրոսը՝ Ռոզայի ապահով գրկում:
Տուն մտնելով, նա գունատված սկսեց շնչակտուր պնդել, որ վերելակում դեմդիմաց կանգնած պատկառելի արտաքինով տարեց տիկինը սևեռուն նայում էր իր կրծքավանդակին՝ վատ մտքով: Ռոզան նրան պառկեցրեց քնելու:
Առավոտյան դռան զանգը տվեցին: Ռոզան, հատակի փայտը ձեռքին, զգուշորեն բացեց դուռը: Շեմին կանգնած էր մի ժպտադեմ մարդ՝ թղթապանակը թևատակին, ով ներկայացավ որպես համատիրության նոր ղեկավար: «Մենք հանրապետականին ենք ընտրել», - ամեն դեպքում ասաց Ռոզան և նրան ներս հրավիրեց, ապահովության համար հատակի փայտը պատրաստ պահելով և մոլորեցնելու համար դեմքին սրտալի ժպիտ սարքելով: Այդ պահին միջանցքում հայտնվեց Պետրոսը․ համատիրության նոր ղեկավարը ձեռքը մեկնեց դեպի նա, իսկ նա ծղրտալով փախավ լոգարան և կողպեց դուռը: Ռոզան հատակի փայտով նոր ղեկավարին ուղեկցեց դուրս, չնայած վերջինս արդարանում էր, որ պարզապես ուզում էր բարևել:
Վախը չափելու և մշտական հետապնդման զգացողությունը մեղմելու մտահոգությամբ, Պետրոսը խնդրեց, որ իրեն տանեն Ձաղիձորցի հայտնի գրբաց Եպրաքսիայի մոտ, սակայն Ռոզան նրան կրկին քարշ տվեց հայտնի հոգեբանի ընդունարան: Պետրոսը ձևացրեց, թե ցնցակաթված է ստացել, բայց Ռոզան անդրդվելի էր: Այցելությունից հետո հոգեբանը Ռոզային բացատրեց, որ Պետրոսը սուբլիմացված հոմոսեքսուալիստ է․ Ռոզան թեթևակի շառագունեց, բայց, ի վերջո, հանգստացած շունչ քաշեց, քանի որ հոգեբանը նրան վստահեցրեց, որ, ինչպես ապացուցել է գիտությունը, բոլոր տղամարդիկ հոմոսեքսուալիստներ են, պարզապես մի մասը սուբլիմացված է, մյուս մասը՝ ոչ: Թեև Ռոզան չէր պատկերացնում, ինչ է նշանակում սուբլիմացված, սակայն, կրկին, կնոջ անսխալ բնազդով զգաց, որ այդպես ավելի լավ է Պետրոսի համար:
Եվ ահա, երեքշաբթի օրը, կեսօրին, Պետրոսը ճակատագրական սխալ թույլ տվեց: Դարդերը կիսելու նպատակով քրոջ տուն այցելելու համար նա տաքսի պատվիրեց՝ Երրորդ մաս: Իսկ տաքսու վարորդը քշեց քաղաքից դուրս: Պետրոսը փորձեց ոռնալ և հրավիրել շրջապատի ուշադրությունը, բայց ապարդյուն: Տաքսիստն իջեցրեց նրան մի անմարդաբնակ վայրում, մեջքի վրա գցեց գետնին ու դանակի սպառնալիքով բացել տվեց ճերմակ կուրծքը: Պետրոսն արդեն պատրաստ էր և բացարձակապես չզարմացավ, երբ տաքսիստն ագահաբար մատին փաթաթեց Պետրոսի կրծքին մնացած երկու մազերից մեկը և ամբողջ թափով պոկեց: Պետրոսն արդեն սպասում էր դանակի ճակատագրական հարվածին, բայց, որքան էլ զարմանալի է, արյունարբու տաքսիստը մի կողմ ցատկեց, գրպանից տենդագին հանեց կրակայրիչը, դողացող մատներով չրթացրեց ու այրեց պոկած մազը՝ հաղթական աղաղակելով․ «ամենահարուստ մարդն եմ ուզում ըլնե՜մ»: Պետրոսը ճպճպացրեց աչքերն ու թուքը կուլ տվեց: Նա սկսեց մտածել, որ հիվանդանոցում ինչ-որ սխալ բան են ներարկել իրեն և ինքը հիմա հալյուցինացիաներ ունի: Իսկ այդ ընթացքում նրան առևանգած հալյուցինացիան շրջվեց դեպի Պետրոսն ու սպառնալից շշնջաց․ «երեք մազ, երեք ցանկություն»: Պետրոսի ներսում, ինչ-որ խորը և հեռու տեղ, ինչ-որ բան շարժվեց: Սակայն Պետրոսը ժամանակ չունեցավ պարզելու, թե դա ինչ էր, քանի որ տաքսիստը նորից հանեց դանակը և սկսեց մոտենալ իր զոհին: Բայց այդտեղ էլ, փառք Երկնայինին, Պետրոսին օգնության հասավ մի ձայն: «Արա, էդ ի՞նչ ես անում», - ասաց ձայնը: Պետրոսն ուշաթափվեց:
Հետագայում Պետրոսը, տմբտմբալով «Վիլիսի» հետևի նստարանին, ուշադիր լսում էր, թե ինչպես էր ձայնը պատմում, որ գնացել էր գայլ խփելու, որովհետև պետությունը փող էր խոստացել ամեն խփված գայլի մորթու համար՝ 100.000 դրամ, որ հիմա ինչքան «դժվար ա տուն պահելը», ու որ «100.000 դրամն էլ փող ա» ու որ մորթին տանում ես, ասում են․ «լիմիտը հենց նոր պրծավ» ու որ դա «շանորդություն չի, ի՞նչ ա» ու որ պատահական տեսել էր կատաղած ու դանակավոր տաքսիստին ու որ որսորդական հրացանը պահել էր վրան, իսկ տաքսիստը թռել էր «ավտոն» ու փախել անհայտ ուղղությամբ: Բաժանվելիս Պետրոսը որսորդին գումար առաջարկեց, բայց որսորդը շոյեց բեղերն ու ասաց՝ բա էղա՞վ, ախպեր:
Տուն հասնելով, Պետրոսը «վալերիանա» խմեց և փլվեց բազմոցին, հետո ցրվելու համար միացրեց հեռուստացույցը: Հեռուստացույցից մեկն անընդհատ «ուաու» էր անում, իրեն պատեպատ էր տալիս և կրկնում, որ «սա մի չտեսնված իրադարձություն է մեր ողջ հայ ժողովրդի համար»: Ի վերջո, իրեն հավաքելով, անհավասարակշիռ հաղորդավարը հայտնեց, որ այդ ամբողջ հարայհրոցի պատճառը «մեր հայուհի գեղեցկուհու» հաղթանակն է «Միսս Տիեզերք» մրցույթում: Այդ ասելուց հետո հաղորդավարը նորից սկսեց իրեն պատեպատ զարկել: Ցույց տվեցին նաև «հայուհի գեղեցկուհուն», որից Պետրոսը բազմոցից ընկավ ցած և նորից մի բաժին «վալերիանա» խմեց․ Միսս Տիեզերքը նրա դոշից մազ պոկած գեղուհին էր:
Կես օր անցկացնելով այնպիսի մի հոգեվիճակում, որի անունը միայն հայտնի հոգեբանին էր հայտնի, Պետրոսը սկսեց զգուշությամբ որոնել իր ներսի այն խորը և հեռու տեղում շարժված բանը, որն իրեն զգացնել էր տվել տաքսիստի սպառնալի շշնջոցից հետո․․․ երեք մազ, երեք ցանկություն․․․ երեք մազ, երեք ցանկություն ․․․ որտե՞ղ էր լսել դա: Որտե՞ղ էր դա լսել: Եվ հանկարծ վերհուշը շամփրեց Պետրոսին՝ կայծակի պայծառությամբ լուսավորելով մինչ այդ խավարում թաղվածը, և Պետրոսը հիշեց, թե որտեղ, երբ և ումից էր լսել այդ տարօրինակ արտահայտությունը:
Արտահայտության հեղինակը պստլիկ ու սմքած, սևազգեստ մի մուրացիկ-պառավիկ էր՝ բերանում ընդամենը մեկ ատամով և վառվռուն աչքերով: Նա միակ մարդն էր, ում Պետրոսը փող էր տալիս առանց սրտամորմոք վհատության: Մուրացիկ-պառավիկի պահակակետը խաչմերուկի «սուպերմարկետի» կողքի պատն էր, քանի որ այդ պատի միջով օդափոխման համակարգը ձմեռը՝ տաք, ամառը՝ զով օդ էր փչում, իսկ պատի երկայնքով անցնում էին հանրախանութի տոպրակներով ծանրաբեռնված հեռանկարային հաճախորդները:
Մուրացիկ-պառավիկի աշխատանքային ռազմավարությունը հետևյալն էր. նա, պարզամիտ և բարեհամբույր ժպիտը դեմքին, կանգնում էր մեջքով դեպի պատը, մինչև տեսադաշտում երևար որևէ պոտենցիալ հումանիստ: Երբ ակամա մարդասերի և պառավիկի միջև մնում էր ընդամենը մեկ քայլ, պառավիկը նրբագեղ, բայց ինքնավստահ շարժումով պարզում էր ափը՝ միևնույն ժամանակ ժպիտը լայնացնելով մինչև ականջները և հրապարակ հանելով իր սքանչելի, միակ ատամը: Պառավիկի պատկերացմամբ, այդ վերջին զենքը պիտի մոգական ազդեցություն գործեր պոտենցիալ դոնորի վրա և բացեր դեպի նրա դրամական կարողություն տանող բոլոր դռները: Երբ նրա այդ խորամանկությունն աշխատում էր, ապա մեր պառավիկը սկսում էր աներևակայելի արագությամբ և քանակությամբ խոնարհումներ կատարել և օրհնանքների, բարեմաղթությունների ու հաճոյախոսությունների այնպիսի տարափ էր տեղում անպատրաստ անցորդի վրա, որ վերջինս շուտափույթ լքում էր դեպքի վայրը՝ նահանջի ընթացքում, սակայն, լցվելով սեփական արժեքավորության և բացառիկության անառողջ գնահատականներով:
Իսկ արտահայտությունը հնչել էր Պետրոսի կատաղելու օրը: Հարկ է նշել, որ Պետրոսի համար կատաղելը նույնն էր, ինչ Ռոզայի խոսքով՝ «էս երկրում ինչ-որ բանի դեպի լավը փոխվելը», այսինքն՝ գործնականում բացառված մի բան: Սակայն հրաշքներ լինում են՝ եթե ոչ երկրում դրական փոփոխությունների, ապա գոնե Պետրոսի կատաղելու հարցում:
Այդ օրը, աշխատանքից տուն գնալիս, Պետրոսը փողոցում հարյուր դոլարանոց էր գտել: Դա հատուկ մի բան էր, քանի որ Պետրոսը կյանքում փող գտած չկար, միայն վաստակել էր: Այդ առթիվ Ռոզան ուներ իր հատուկ չարախնդությունները: Իսկ հետո, երբ դեռ չէր հասցրել ուշքի գալ, դեմառդեմ էր դուրս եկել Նազիկին, և Պետրոսի հոգին տակնուվրա էր եղել: Ասել, թե Նազիկը Պետրոսի ուսանողական սերն էր, նշանակում էր կեղտոտ ձեռքերը սրբել ճերմակ սփռոցի վրա: Նազիկը Պետրոսի կյանքում պատահած միակ լուսավոր կետն էր, գրեթե եթերային երազ: Եվ այդ օրը Նազիկը Պետրոսին առաջին անգամ գրկեց: Քանի տարի ․․․ քանի տարի չէր տեսել Պետրոսը Նազիկին: Այն ժամանակ դեռ կային Պետրոսի մազերը և չկային Ռոզան ու հաշվապահությունը․ իսկ Պետրոսը բանաստեղծություններ էր գրում և կատարելապես անտեղյակ էր իրեն սպասող ապագայից: Մոտ մեկ ժամ նրանք կանգնած զրուցեցին ինքնամոռաց: Պարզվեց, Նազիկը մի քանի օրով եկել է Ռուսաստանից․ամուսին ունի Նազիկը և երեխաներ: Եվ Նազիկի ամուսինը ծանր հիվանդ է․ անբուժելի: Այդ ասելիս Նազիկն արտասվեց, և Պետրոսը նրան գրկեց կյանքում երկրորդ անգամ: Երբ արդեն բաժանվում էին, Նազիկը տվեց իր համարը, իր տղայի սքայփը և աղջկա ֆեյսբուքը: Եվ Պետրոսը նրան գրկեց կյանքում երրորդ՝ գուցե վերջին անգամ:
Նոր էր Պետրոսը բաժանվել Նազիկից, երբ Ռոզան զանգեց և ստրկատիրոջ առոգանությամբ պարզաբանումներ պահանջեց Պետրոսի աշխարհագրական կոորդինատների վերաբերյալ: Պետրոսի կես բառից Ռոզան զգաց խիստ կասկածելի թարմություն և ազատամտության սաղմեր: Պետրոսը շտապեց պատմել 100 դոլարանոցի մասին: Այդտեղ Ռոզան և Պետրոսի երկու աղջիկները սկսեցին իրար միս կրծել թղթադրամի ճակատագրի շուրջ: Եվ Պետրոսը կատաղեց: Հենց այդ ժամանակ նա անցնում էր «սուպերմարկետի» պատի երկայնքով և, գլուխը բարձրացնելով, տեսավ իրեն պարզած մի ափ, մի ատամ և ականջից-ականջ մի ճեղք: Ու այդ օրը Պետրոսի կյանքում տեղի ունեցավ ևս մեկ անհավանական իրադարձություն․ նա գրպանից հանեց գտած թղթադրամը և խցկեց պարզած ափի մեջ: Պառավիկը հիացմունքից բերանն էլ ավելի լայն բացեց և այնպիսի կատաղի հաճախականությամբ սկսեց խոնարհվել, որ Պետրոսը վախեցավ, որ նա երկու կես կլինի: Մուրացիկ-պառավիկը օրհնանքների հեղեղ էր տեղում Պետրոսի գլխին: Նրան կանգնեցնելու համար Պետրոսը մրմրթաց․
- Դե հո մարդ ամեն ինչ իրեն չպիտի պահի․ մարդ պիտի գոնե մեկ-մեկ էլ դիմացինին լավություն անի, չէ՞:
- Քո ասածով լինի, քո ասածով լինի, քո ասածով լինի, - շուտասելուկի պես կրկնում էր պառավիկը: Հետո նա դադարեց խոնարհվել, աչքերը կկոցեց և կամաց ասաց․ Երեք մազ, երեք ցանկություն: Ասա ու վառի:
Այդ ժամանակ Պետրոսը դրան բացարձակ ուշադրություն չդարձրեց․ խելապակաս պառավից ինչ ասես կլսես: Իսկ տանը նրան սպասում էր ինկվիզիցիան՝ հավատաքննության բոլոր գործիքները սեղանին շարած: Պետրոսը կենդանի մնաց, և, այդ օրվանից սկսած, միշտ պառավիկին մի բան տալիս էր՝ նաև ի նշան բողոքի և անհնազանդության:
Եվ այսպես, վերհուշից շամփրված, Պետրոսը դուրս թռավ տնից ու վազելով հասավ պառավիկի ծառայության վայրը: Դեռ բերանը չէր բացել, պառավիկը վրա տվեց․
- Դու ինձ լավություն արեցիր, ես էլ քեզ նվեր արեցի՝ երեք ցանկություն, ամեն մազը՝ մի ցանկություն:
Տեսնելով Պետրոսի շփոթությունը, պառավիկը շարունակեց․
- Դոշիդ երեք մազերը․ որն էլ պոկեիր ու վառեիր, ամեն մեկի համար ինչ ուզեիր՝ կկատարվեր:
Պետրոսը հարցրեց, թե ինչպե՞ս էին ուրիշներն իմացել այդ մասին: Պառավիկը պատասխանեց, որ կախարդական նվերների մասին լուրերն արագ են տարածվում:
Պետրոսը խորը շունչ քաշեց, մի քիչ մտածեց ու ձեռքը տարավ դեպի կրծքավանդակը: Պառավիկն իսկույն նրան կանգնեցրեց․
- Սպասի, սպասի: Մի բան էլ կա: Ցանկությունը մենակ ուրիշի համար պիտի լինի: Ցանկություն ասողի համար չպիտի լինի, թե չէ դժբախտություն կլինի: Ոնց որ դու էիր ասել:
Եվ պառավիկը Պետրոսին մեկնեց լրագրից պոկած մի ճմրթած թղթի կտոր: Դրա վրա, «Հայի բախտ» խորագրի ներքո, մի լուր էր տպված, ըստ որի ամերիկացի միլիարդատեր Սթիվ Ջոբսի կարողության ժառանգորդ էր դարձել մի հասարակ երևանցի՝ 45-ամյա Գալուստ Բադալյանը, քանի որ պարզվել էր, որ նա է մնացել միլիարդատիրոջը սնած ու մեծացրած հայ կնոջ միակ ամենամոտիկ և կենդանի ազգականը: Լրագրի կտորում նաև գրված էր, որ Գալուստը լուրն առնելուն պես նամուսով քեֆ էր սարքել, որի ժամանակ այնքան էր խմել, որ հոգին ավանդել էր Աստծուն: Լուրի կողքին լուսանկար կար տպված, իսկ լուսանկարից Պետրոսին էր նայում նրան առևանգած տաքսիստը:
- Իսկ աղջի՞կը ․․․
Պառավիկը մի ուրիշ թղթի կտոր հանեց, որից Պետրոսն իմացավ, որ «Միսս Տիեզերքին» տարել էին Ավստրալիա՝ լողափում լուսանկարչական սեսիաներ անելու, որի ժամանակ էլ ափամերձ ջրերում նրա վրա էր հարձակվել մեծ և սպիտակ մի շնաձուկ՝ պոկելով գեղեցկուհու աջ ոտքի և հետույքի մի մասը: Թերթը հաղորդում էր, որ հաջողվել էր փրկել գեղեցկուհու կյանքը, բայց ոչ՝ գեղեցկությունը:
Պետրոսը նստեց գետնին՝ պառավիկի կողքը, ու ընկավ մտքերի մեջ: Քիչ անց սկսեց երգել Պետրոսի հեռախոսը՝ Ռոզան էր: Պետրոսը զանգն անջատեց, վեր կացավ, նայեց պառավիկի աչքերին ու ասաց․
- Էս քո կախարդանքը ․․․ հնարավո՞ր կլինի անբուժելի հիվանդություն բուժել:
- Հա, բա ոնց, բա ոնց, բա ոնց, - վրա տվեց պառավիկը, ու, տարօրինակ ժպտալով, ձև չունեցող սև շորի ծալքերից դուրս բերեց մի տուփ լուցկի և մեկնեց Պետրոսին:
Պետրոսը ձեռքը շապիկի տակից ներս տարավ, պոկեց կրծքավանդակի վերջին մազը և չրթացրեց լուցկին:
պատմվածք