ԳԱԲՐԻԵԼ

Nov 22, 2011 12:44

ԳԱԲՐԻԵԼ

- Ոտքերս ցեխոտ են, - ծույլ-ծույլ ասաց Աստղիկ տատիկի կովը, որին Գաբրիելը հրավիրում էր տուն մտնել: - Ոչինչ, բան չկա,- ժպիտը դեմքին Գաբրիելը ներս կանչելու շարժում արեց ձեռքով: Աստղիկ տատիկի կովը, որի անունը չգիտես ինչու Վարդան էին դրել, ներս մտավ:
---
- Եթե երբևէ ծնվես նորից, հիշիր անցյալի ստվերներին այցի գնալ, նրանց նայելիս անհաղթահարելի կարոտ է համակում հոգիդ:
- Արդեն տեսել եմ ես նրանց, ում տեսնում էի առաջ:
---
Գաբրիելը հաշվարկներ էր անում փայտե հաշվիչով, ստեպ-ստեպ քորում էր ծոծրակը, ուժեղ ֆսֆսացնում էր, մի խոսքով ողջ էությամբ պրոցեսի մեջ էր: Նրա գունաթափ պիջակը գցած էր աթոռի թիկնակին, աշխատել-աշխատել էր, հանել, գցել աթոռին: Հաշվարկները ստացվում էին: Գաբրիելը հաշվում էր, թե քանի աչք է պետք մի հասարակ ճշմարտություն տեսնելու համար:
---
Առաստաղին նստած էին երեք ճանճ՝ Հասմիկը, Սաթիկը և «մուժիկ» մականունով Պետոն: Ճանճերն ուրախ տրամադրություն ունեին: Նրանք բոլորն էլ կուշտ կերել էին Վարդան կովի գավակին կպած թրիքից, և տրամադրությունը չէր փչացնում նույնիսկ այն, որ նրանց չորրորդ ընկերոջը՝ Գևորին, Վարդան կովը պոչով ծեփել էր պատին:
---
Անկյունում, ակնոցը քթի ծայրին, բազկաթոռում քնած էր քեռի Հաքոն՝ Գաբրիելի անսահման հեռավոր բարեկամներից մեկի ընկերոջ նախկին համակուրսեցին: Քեռի Հաքոյի հագին հոգնատանջ մի անդրավարտիք էր, նաև քուղերը քանդած մի զույգ քուրջ, որ ժամանակին տեղի «Փիլիպոսյան և ընկ.» ձեռնարկության լավագույն կոշիկներից էր եղել, և դեղին վերնաշապկի վրայից՝ կարճաթև կարմիր շապիկ՝ վրան գրված «Artificial Insemination Association» (Արհեստական բեղմնավորման ասոցիացիա):
---
Գաբրիելը մտածում էր՝ ինչ ընդհանուր բան կա գնդասեղի, ակնագնդերի և երկրագնդի միջև: Գնդասեղով կարելի է ծակել երկրագունդը և ակնագնդերը,- մտածում էր նա,- բայց ինչու՞… Հուսահատություն կար այդ հարցի մեջ: Հասմիկ ճանճը պտտվում էր նրա գլխավերևում՝ նշան բռնելով Գաբրիելի բաց բերանին: Այդ մթին խոռոչն ինչ-որ հուզիչ հրապույր ուներ Հասմիկ ճանճի համար, թեև նա ոչ մի կերպ չէր հասկանում՝ ինչու:
---
Մի քանի տառի մեջ՝ այդքան հուսահատություն:
---
Քեռի Հաքոն հանգիստ նիրհում էր ու ժամանակ առ ժամանակ մեղմորեն խռռացնում: Խելքի մասին խոսք գնալիս քեռի Հաքոն միշտ հաճելի ժպտում էր, համեստորեն բոլորին ներելով, որ իրեն նկատի ունեն: Քեռի Հաքոյի ծխամորճը կարմիր փայտից էր, մունդշտուկը՝ փղոսկրից: Կյանքը քեռի Հաքոյի հետ լավ էր վարվում:
---
Մի քանի դար առաջ մոդայիկ համարված կոմոդի հետևում, պատի մեջ խնամքով բացված անցքում նստած էր Վարազդատը: Վարազդատը դարբին էր ու բավականին հանգիստ ու ծանր բնավորությամբ մի մուկ: Վարազդատը հինգ մատի պես ճանաչում էր քեռի Հաքոյի բերած բոլոր թակարդները, կարող էր հանգիստ քանդել-հավաքել դրանք: Մեկ-մեկ նա նույնիսկ որոշ նորամուծություններ էր մտցնում թակարդների կառուցվածքում, արդիականացնում էր դրանք, վերացնում թերությունները: Դրանով նա լցնում էր իր ազատ ժամանակը: Իսկ քեռի Հաքոն թակարդները թանկ վերավաճառում էր՝ ամեն մեկը ութ հարյուր դրամ:
---
Քնելիս լալիս են մեր մարած օրերը: Հեկեկում են պոկված ծաղիկների նման:
---
Վարդան կովը մի փոքր կակազում էր, երբ հուզվում էր: Մնացած ժամանակ նա հանգիստ էր հարթավայրի պես: Հանգիստ էին նրա մարմինը, հոգին և խիղճը: Վարդան կովը հուզվում էր միայն ջահել ցլերի ներկայությամբ: Այդ ժամանակ նրա հետևի ձախ ոտքը սկսում էր ջղաձգվել, իսկ բառերը դուրս էին գալիս մի քանի անգամ ավելի շատ վանկերով, քան իրականում նախատեսվում էր: Ցլերից մեկը վաղուց անտարբեր չէր Վարդանի նկատմամբ, սակայն նախընտրում էր նրան Վարդուշ կոչել, ինչը Վարդանի համար այդպես էլ անհասկանալի մնաց:
---
Քարից-քար ցատկելով Շուշանն անցավ գետը, շանը լեզու ցույց տվեց և ուղղեց շորերը: Շուշանը Գաբրիելի հրեշտակն էր: Անշարժ օրերին նա իր շան հետ շրջում էր անտառում, ու բացատներում ծալապատիկ նստած՝ մորի էր շարում խոտի ցողունի վրա:
---
- Եթե բոլոր սենյակներից դռներ բացեմ դուրս, ավելի հավանական կդառնա, որ Շուշանը ներս մտնի,- մտածում էր Գաբրիելը: Նա միշտ դուռ-պատուհան բաց էր քնում:
---
Շուշանի շունը՝ Բողարը, արջի չափ մի գելխեղդ էր, թեպետ գայլերի մասին լսել էր միայն փոքր ժամանակ՝ իր ծնողներից: Բողարը սիրում էր ահռելի գլուխը դնել թաթերին, աչքերը հաճույքից փակել և իրեն դնել քոթոթի տեղ: Այդ ժամանակ Շուշանը նրան շատ էր սիրում:
---
Շուշանի հայրը՝ դհոլչի Արթինը, անդարդ մարդ էր՝ անթերթ, անռադիո ու անհեռուստացույց:
Շուշանի մոր մասին մի մասն ասում էր, թե հողի տակն է, մյուսները՝ թե երկնքում է: Փոխարենը Արթինը արդեն յոթը տարի նրան ամեն առավոտ գտնում էր լուսամոտագոգին նստած՝ սիրուն ժպտալիս, ու նրա համար դհոլ էր խփում: Վարսիկս լավն է,- մտածում էր Արթինը,- ինձ մենակ չի թողնում:
---
Նրանք բոլորն այստեղ են, ոչ-ոք չի հեռացել:
---
Քեռի Հաքոն ասեղների փառահեղ հավաքածու ուներ: Նա քնքուշ զգացումներ էր տածում այդ երկար ու բարակ, փայլուն առարկաների նկատմամբ և սիրում էր Վազոյի գարեջրատանը հավաքվածների ներկայությամբ՝ դեմքին խորամանկ արտահայտություն տված, աչքերը կկոցելով ասել, թե ասեղները մարդկության ամենամեծ հայտնագործությունն են: Վազոյի գարեջրատանը բոլորը գիտեին, թե քեռի Հաքոն աչքերը կկոցելուց հետո ինչ է ասելու, բայց հանուն քաղաքավարության ամեն անգամ անհամաձայնություն էին հայտնում, որն արագ վերածվում էր տուրուդմփոցի: Ինչպես միշտ, վերջում քեռի Հաքոյին հանում էին սեղանի տակից և գարեջուր հյուրասիրում:
---
Դարբին Վարազդատը յոթ զավակ ուներ: Յոթից երկուսը հաստատ իր նման դարբին էին դառնալու, քանի որ արդեն իրենց տարեկից մկներին մի ձեռքով հանգիստ տալիս էին գետնով: Երեք աղջիկները կարուձևի և եփելթափելու ասպարեզում զարմանալի վարպետություն էին ցուցաբերում: Իսկ մյուս երկու տղաներից մեկն իրեն նվիրել էր պանրի արտադրության գաղտնիքները վերծանելուն, մյուսն օրուգիշեր երգում էր հարևան մկան անցքի մոտ ու պատերին գրում տանտիրոջ աղջկա անունը՝ Սյուզաննա: Դարբին Վարազդատը հպարտանում էր իր զավակներով ու մտածում ութերորդի մասին:
---
Երբ Գաբրիելը հիվանդանում էր, Շուշանը շշունջ էր դառնում նրա ականջներին ու ափը փափուկ դնում էր ջերմի մեջ անրջող ճակատին: Շուշանը շոյում էր նրա այտերը: Գաբրիելը հիվանդության տակ սեղմված փորձում էր հասկանալ, թե ինչպես է Շուշանը հա՛մ էստեղ, հա՛մ էլ միաժամանակ իր Բողար շանը բարձր կանչում դրսում:
---
Գաբրիելը երբեմն տեսիլք էր ունենում: Նա յոթ օր լռում էր տեսիլքից հետո: Եվ չէր լվացվում: Գաբրիելի բժիշկը, ինչպես միշտ, յոթ օրով «բյուլետեն» էր տալիս և «Պատճառ» վանդակում նշում էր՝ «посттравматическое стрессовое расстройство»: - Կարող եմ գրել՝ տեսիլք, - բացատրում էր բժիշկը, - ասենք, օրինակ, Մարիամ Աստվածածնի՝ ինչպես վերջին անգամն էիր ունեցել, բայց կարծում եմ, մարդիկ, հատկապես իմ կոլեգաները, դեռ պատրաստ չեն: Նրանք սովոր են տեսիլքների հետ գործ ունենալ բացառապես համապատասխան հաստատություններում և միանգամայն ընկալելի փաթեթավորմամբ` delirium tremens, dementia praecox...ինչևէ ...
Եվ բժիշկը, քթի տակ ինչ-որ բան մռլտալով, ստորագրում և կնքում էր անաշխատունակության թերթիկն ու, բարեհամբույր ժպիտը դեմքին, հանձնում այն Գաբրիելին:
---
Երեք Հարություն եղբայրները միշտ արթուն էին լինում, թեև մարդկանց թվում էր, որ նրանք գիշերները քնում են: Հարություն եղբայրների տոհմում ոչ ոք երբեք սուտ չէր խոսում արդեն անհիշելի ժամանակներից: Ասում էին, որ ստախոսության ընդամենը երեք դեպք է եղել նրանց ցեղում. մեկը ստել էր կնոջը՝ պնդելով, որ գիշերը տուն չգալու պատճառը չար աչքն է եղել, և այդ նույն երեկոյան կայծակնահար էր եղել դաշտում: Մյուսը փորձել էր թագավորական հարկահանների մոտ սնանկացած ձևանալ, որից հետո անտառում ընկել էր արջի համար նախատեսված թակարդը, իսկ երբ փորձել էր դուրս պրծնել, գլխին էր շուռ եկել մի հսկայական հաճարենի: Երրորդը կաթին ջուր էր խառնել, որի արդյունքում սափրվելիս կտրել էր իրեն, փորձել էր կանգնեցնել արյունը փալասով, որից ինչ-որ գարշելի վարակ էր անցել, իսկ հրավիրած բժիշկը, ակնոցը տանը թողնելու պատճառով, դեղատոմսն այնպես էր դուրս գրել, որ դեղագործը խառնել էր դեղերը և արդյունքում հիվանդը նաև լուծ էր ընկել ու դրանից այնպես թուլացել, որ երբ գիշերը հրդեհ էր բռնկվել, խեղճը չէր հասցրել դուրս փախչել այրվող խրճիթից:
---
Քեռի Հաքոն հատուկ թուլություն ուներ ջութակահարուհիների, թավջութակահարուհիների և հացթուխ կանանց նկատմամբ: Նա տանել չէր կարողանում դաշնակահարուհիներին և լեզվի ուսուցչուհիներին, թեև արտաքնապես չեզոք սառնություն էր պահպանում:
---
Թաղային Թևանը սպասում էր թոշակի անցնելուն, որ տրվի սիրելի այգեգործությանը, իսկ թաղային դարձել էր տոհմի պատիվը պահելու մղումով: Նա իր համազգեստը կրում էր հպարտությամբ և նույնը պատգամում էր որդուն՝ Հովիկին, որը նույնպես թաղային էր դառնալու, թեև արդեն վաղուց հատուկ հետաքրքրություն էր ցուցաբերում գինեկոլոգիայի նկատմամբ:
---
- Իմ սիրելի Կատարինա, կարելի՞ է կարոտել քեզ:
Կատարինայի աչքերը սև էին և խոր՝ այնպես, որ նայելիս թաղվում էիր նրանց մեջ: Մինչև հարյուր մղոն հեռվից երիտասարդները գալիս էին Կատարինայի աչքերից ներս մտնելու հույսով: Կանայք սիրում էին Կատարինային, որովհետև նա կարողանում էր կանանց բնակեցնել երկնքում: - Նա այստեղից չէ, - հրավառ երիտասարդներին ասում էին Կատարինայի հարևանները. - բայց այստեղ է ապրում:
---
- Արև՛, արի վերև, ... վա՛յ Արև, Արև:
Արևն անվարան տրորում էր գորգը: Փրփուրները վազում էին նրա կոճերի միջև: Երբ ոտքը հենում էր գորգին, գորգը սեղմվում ու ստիպված հանձնում էր իր թաքցրած ջուրը: Չէր ուզում, բայց ճար չուներ:
- Արև՛, վերև՛ արի:
Արևը Շուշանի ընկերուհին էր: Նա Գաբրիելին համարում էր իր բարեկամը, բայց սիրտը թույլ նվում էր նրան տեսնելիս:
---
- Ջրերը կտրել են, - նեղվեց դարբին Վարազդատի կինը՝ Նազիկը, - ամաններս մնացին: Դարբին Վարազդատը շոյեց Նազիկի գլուխը: - Ճնշու՞մ չկա, թե լրիվ կտրել են: - Չէ, կտրել են, Արմիկին ուղարկեցի ներքև՝ նայեց: Դարբին Վարազդատը քեռի Հաքոյի ջրագծից վաղուց էր ջուր քաշել իրենց բույնը: Իհարկե, առաջարկել էր առանձին ջրաչափ դնել, բայց քեռի Հաքոն չէր համաձայնել, ասել էր՝ ձեր ծախսածն ի՞նչ պիտի լինի: Ի նշան երախտագիտության, Վարազդատը նորոգել էր քեռի Հաքոյի ակնոցի շրջանակը և իր հաշվին ոսկեզօծել: - Հիմա տղերքին կուղարկեմ ջրի, - դարբինը մեղմիկ համբուրեց կնոջ ճակատը:
---
Օ, Երկինք, մենք այստեղ ենք կրկին:
---
Թաղային Թևանը գրեթե գործ չուներ: Առավոտյան թերթում էր օրվա թերթերը, հետո քայլում էր թաղամասում և հարցնում թաղեցիների որպիսությունը: Պատահում էր, որ մի քիչ երկար զրույցի էր բռնվում աշխարհին հուզող վերջին իրադարձությունների և բանջարաբոստանային կուլտուրաների բիոդինամիկ աճեցման առավելությունների շուրջ: Թաղային Թևանը սերում էր թաղայինների հնագույն տոհմից, որի արմատները հասնում էին մինչև այս բնակավայրի հիմնադրումը և որն ուներ սեփական զինանշանը՝ երկու խաչվող մահակ և մեկ աքաղաղ՝ ծագող արեգակի ֆոնին:
---
- Ինձ կանչել են, - ասաց Գաբրիելը, - չգիտեի, որ էդպիսի տեղ կա: - Ոչինչ, - ասաց քեռի Հաքոն, - կգնաս-կգաս, կխմենք: Ու փախցրեց հայացքը:
---
Գաբրիելի աչքերը երկնքում էին. իսկ երկիրը կաթում էր նրա վրայից ցած:
---
Թաղային Թևանի կինը Խաչիկ անունով մի խոզ էր պահում, որը շնորհաշատ արձակագիր էր: Խաչիկը մի պատմավեպ էր գրել, որի գլխավոր հերոսին վերջում սպանում էր, երբ վատ տրամադրություն էր ունենում: Իսկ եթե եղանակը լավն էր լինում, իսկ խոզուհի Ռոզան՝ բարի, Խաչիկը երեկոյան փոխում էր վերջաբանը՝ գլխավոր հերոսին շնորհելով բարեկեցիկ ու երջանիկ ապագա որևէ ազնվատոհմիկ օրիորդի գրկում՝ ազդեցիկ աներոջ ներողամիտ հայացքի ներքո: Սակայն լինում էր, որ օրը թարս էր գնում, և Խաչիկի պատմավեպի գլխավոր հերոսը դառնում էր ստոր դավադրության զոհ և ընկնում էր նահատակի դաժան ու տանջալի մահով, ազնվատոհմիկ օրիորդը մեռնում էր բծավոր տիֆից, իսկ նրա մռայլադեմ հայրը վարակվում էր սիրո արգասիք անբուժելի հիվանդությամբ, որ ժողովուրդը սիֆիլիս է կոչում, խելագարվում և ինքն իրեն ցած էր նետում ամրոցի դիտաշտարակից:
---
Նախամուտքը մութ էր ու անհարթ, ոտքերի համար անհարմար, հաստ ու ծանր մուգ բոսորագույն վարագույրները ներս չէին թողնում արևի և ոչ մի շող, ուղղակի նրանց թեթևակի գունափոխումից կարելի էր կռահել, որ դրսում պայծառ գարնանային կեսօր է:
---
Կարմիր եզրերով անիվների էին նմանվում նրա աչքերը: - Աչքերն ինչի՞ համար են, - մտածում էր Գաբրիելը: Ու զգում էր, որ ոչ մի կերպ մտքերը չեն ժողովվում: Ձեռքը զգուշորեն շարժեց, ցնցեց մի քիչ, չրթացրեց մատները, կոպերը բարձրացրեց ու լեզվով սկսեց խաղալ առջևի վերին ատամների հետ:
---
- Գաբրիել, Գաբրիել, - նա շնչակտուր աղերսում էր պատերին, - Գաբրիել, - հեկեկում էր նա, ու ծնկները ծալվում էին իրենք-իրենց, - Գաբրիել - Գաբրիել:
---
Ես գալիս եմ քեզ հյուր, սիրելի կարապ:

պատմվածք

Next post
Up