15 նոյեմբեր - 09:59 | Սուրեն Մանուկյան | | |
Հասարակությունում կարծիք է ձևավորվել, թե «եկեղեցին ոչ մի բան չի անում, եկեղեցին չի պայքարում աղանդների դեմ»:
Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամների դեմ դատավարության հերթական, միգուցե վերջին նիստը:
2011թ. մայիսի 15-ին Երևանի ՀԱԹ-ի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում «Եհովայի վկաներ»-ը հոգեորսություն են իրականացրել, իսկ երբ հոգևոր հովիվը միջամտել է և դուրս է հրավիրել նրանց, վերջիններս հարվածել և հայհոյել են եկեղեցու քահանա Տեր Եսայի Արթենյանին:
Միջադեպն աղմկահարույց էր, սակայն վերջին շրջանում մի տեսակ մոռացության էր մատնված, թեև հայ հասարակության համար սա ամենակարևոր թեմաներից մեկը պետք է լիներ: Խնդիրը կարևոր է որովհետև.
ա) Աղանդները սոցիալական չարիք են: Նրանք, օգտագործելով շատերի սոցիալական և հոգեբանական դժվարությունները, հավաքագրում են և կիրառելով տեխնիկական, մտավոր, հոգևոր բոլոր հնարքները՝ մարդկանց զրկում սեփական կամքից, խիստ պարտավորությունների կապանքների տակ դնում: Աղանդի յուրաքանչյուր անդամ մշտական վերահսկողության տակ է, պարտավոր է իր եկամուտներից ամենամսյա «տասանորդ» վճարել կազմակերպությանը և իր միջոցներով գնել ու անվճար տարածել աղանդավորական գրականություն:
«Եհովայի վկաներ»-ին շատ մասնագետներ տոտալիտար բնույթի կազմակերպություն են համարում։ Աղանդից հեռացողները հայտարարվում են անիծված, և մյուս անդամները պարտավոր են խզել նրանց հետ բոլոր կապերը, նույնիսկ մոտ հարազատների պարագայում։
բ) Աղանդների գործունեությունը շատ դեպքերում հակաօրինական է: Այսպես՝ աղանդի անդամները հրաժարվում են ծառայել բանակում և բացահայտ կերպով զբաղվում հոգեորսությամբ: Ավելին՝ աղանդների գործունեությունը մեծապես արժեզրկում է նաև ժողովրդավարության արժեհամակարգը:
Օրինակ՝ եվրոպական ժողովրդավարական արժեքները սկսում են հասարակության լայն շերտերի շրջանում բացասական երանգավորում ստանալ, քանի որ դիտարկվում են որպես բարոյազրկմանը և ազգի պառակտմանը նպաստող քայլեր: Պատճառը աղանդավորների անարգել ու անպատիժ գործունեությունն ապահովելու համար այն հղումներն են, որոնք կատարվում են եվրոպական կառույցների կողմից ստանձնած մեր երկրի պարտավորություններին:
գ) Աղանդները հակապետական են և հակաազգային: Այսպես՝ «Եհովայի վկաներ» կազմակերպությունը հրաժարվում է ցանկացած ազգային դրոշի կամ օրհներգի պատիվ տալուց, մերժում է հայրենասիրությունը և պետությունը պաշտպանելու անհրաժեշտությունը։
«Եհովայի վկաներ» կազմակերպության հետևորդները ոչ մի իշխանություն չեն ճանաչում՝ բացի Աստծո իշխանությունից, որը նրանց կողմից կամայականորեն մեկնաբանվում է որպես հենց աղանդի իշխանություն։ Աղանդները բացահայտ գործում են Հայ առաքելական եկեղեցու դեմ, որը մեր ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչն է:
Եվ վերջինը՝ հասարակությունում կարծիք է ձևավորվել, թե «եկեղեցին ոչ մի բան չի անում, եկեղեցին չի պայքարում աղանդների դեմ»: Մոլորությունը հիմնարար է: Իրականում դա Հայ առաքելական եկեղեցու գործառույթը չէ, այն չպետք է զբաղվի աղանդների դեմ պայքարով: Եկեղեցու գործը հոգևոր սնունդ տալն է: Աղանդների դեմ պայքարը պետության և հասարակության գործն է:
Առավել ևս, որ հակասությունը դավանաբանական վեճը չէ: Չի կարող լինել վեճ կրոնական ճշմարտության և բիզնես ծրագրի միջև: Իսկ ռուս գիտնական, պրոֆեսոր Դվորկինը բնորոշում է «Եհովայի վկաներ» կազմակերպությունը իբրև «հեթանոսության էլեմենտներով և քրիստոնեական որոշ կերպարների ու կոնցեպցիաների հետևում թաքնված կեղծ կրոնական կոմերցիոն կազմակերպություն»:
http://orakarg.am/index.php/opinion/46-editorial-and-other/1371-religion.html