Լրագրողական այցի ժամանակ Արցախի Պաշտպանության բանակի Մարտունու N զորամիավորման հրամանատար գնդապետ Արտակ Բուդաղյանի հետ զրույցում հետաքրքրվեցի, թե ինչ խնդիրներ են ի հայտ գալիս զինծառայության ընթացքում և, առհասարակ, ինչպիսինն է ներկայիս զինծառայողը:
- Նախկինի հետ համեմատած` ներկա դրությամբ ընդհանուր կրթվածության աստիճանն ավելի ցածր է: Սակայն ընդհանուր կրթվածության պակասը դա դեռ չի նշանակում, որ նրանք քիչ հայրենասեր են, քան կրթություն ստացածները: Խնդիրներ, իհարկե, առաջանում են, համենայն դեպս` նախնական շրջանում, երբ գալիս են բանակ ու չգիտեն, թե դա ինչ է: Գալիս են բանակ հարևանի տղայի, ընկերոջ պատմածներից պատկերացումներ կազմած կամ էլ իրենց պապերի պատմած խորհրդային բանակի պատկերացումներով, ինչը շատ սխալ է, քանի որ լսում են ու մտապահում բացասական կողմերը: Սակայն մտնելով զորամաս՝ նրանք տեսնում են նաև բանակի դրական կողմերը: Նմանատիպ խնդիրների չհանդիպելու համար լավ կլինի, որ զինվորի դաստիարակությունը սկսի հենց մանկապարտեզից, դպրոցից: Բանակը երիտասարդների վերջնական մաքրման, զտման վայրն է: Կոպիտ ստացվեց, բայց դա փաստ է, քանի որ բանակը երիտասարդին տալիս է թե՛ հայրենասիրություն, թե՛ դժվարություն, թե՛ ընկերություն, թե՛ մարդկություն, ինչը օգնում է նրան կառուցել հետագա իր կյանքը:
- Պրն. Բուդաղյան, իսկ այսօր ինչպիսի՞ն են զինվոր-սպա փոխհարաբերությունները:
- Ճիշտն ասած, այսքան ժամանակ որտեղ որ ծառայել եմ, եղել են բացասական կողմեր, բայց ամեն ինչ հարթվող երևույթներ են: Զինվոր-սպա փոխհարաբերություններն իմանալու համար կարող եք ցանկացած զինվորի հարցնել, նա Ձեզ կպատասխանի: Բացասական դեպքեր եղել են, երբ շարքային զինծառայողի անպարկեշտ ծառայությունը ստիպել է սպային փոխհարաբերությունների ոչ ճիշտ հասկացման, եղել է նաև հակառակը: Մեծամասամբ նմանատիպ երևույթներ տեղի են ունենում, երբ զինծառայողի դաստիարակությունը թերի է կամ, կոպիտ ասած, փողոցային դրսևորումներով համեմված: Սակայն կան սպաներ, որոնք չունեն զինվորին մոտեցման համապատասխան մեթոդ: Իսկ որպես զորամասի հրամանատար, շատ վատ եմ վերաբերվում նմանատիպ երևույթներին, անհնարին ոչինչ չկա, զինվորին կամ սպային բացատրելով` նման փոխհարաբերությունների վատթարացումից կարելի է խույս տալ:
- Ինչպե՞ս են պատժվում զինվորն ու սպան նմանատիպ դեպքերում:
- Կանոնադրության համապատասխան՝ նկատողություն, կրկնվելու դեպքում` խիստ նկատողություն, մի ժամանակ կար կալանք, որը հիմա հանվել է: Կապ չունի` սպա է, թե շարքային զինծառայող, պատժվում է:
-Իսկ պատահե՞լ է, որ շարքային զինծառայողին ծեծի ենթարկած սպան կոչումազրկվել է կատարած արարքի համար:
- Մի քանի տարի առաջ եղել է նման դեպք, երբ զինվորական դատարան են դիմել և արդյունքում աստիճանազրկել են սպային՝ կոչումը մայորից իջեցնելով կապիտանի, իսկ զինծառայողը խիստ նկատողություն ստանալով՝ զորացրվել է:
- Պրն. Բուդաղյան, իսկ ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում զինվորների հետ՝ մարտական դիրքեր գնալուց առաջ:
- Ունեմ հոգեբան-օգնական, ով աշխատանքներ է տանում, զրուցում զինծառայողների հետ: Հերթափոխի նախապատրաստման ժամանակ կան համապատասխան կարգեր, համաձայն որոնց տարվում են համապատասխան աշխատանքները: Հերթափոխն ավարտվելուց հետո սկսվում է հաջորդ հերթափոխի նախապատրաստումը: Նախապատրաստման ընթացքում զրուցում են նրանց հետ, լինում է, որ ընկճված են լինում, և եթե պրոբլեմատիկ է լինում նրանց հոգեկան վիճակը, ապա հետաձգվում է նրանց՝ մարտական դիրքեր գնալը, իսկ եթե պետք է լինում, անգամ տալիս ենք կարճաժամկետ արձակուրդ: Կա զինծառայող, որն, իրոք, վախենում է, տվայլ դեպքում այդ զինծառայողին ուսումնասիրելուց հետո համապատասխան ստորաբաժանում է ուղարկվում: Բայց նմանատիպ դեպքեր հատուկենտ են լինում:
- Պրն. գնդապետ, ի՞նչ հաճախականությամբ եք լինում դիրքերում:
- Ես ամեն օր 21:00-ից հետո գնում եմ դիրքեր, զրուցում զինծառայողներիս հետ: Հարցուփորձ եմ անում, հետաքրքրվում: Իմ զինվորներն ամեն ինչ ասում են, իրենց հրամանատարից թաքցնելու ոչինչ չունեն: Ես էլ ինձ լավ եմ զգում, որ նրանք` առանց վարանելու, վստահելով ինձ, խոսում են իրենց խնդիրների մասին: Իմ հեռախոսահամարը կա իրենց սերժանտի մոտ, և ցանկացած պահի կարող են զանգահարել ինձ, ինչը հաճախ են անում: Ինչքան հաճախ եմ գնում դիրքեր, այնքան ուրախանում ու գնահատված են զգում իրենց զինծառայողները: Այստեղից հետևություն՝ ինչքան շատ շփվեն զինծառայողի հետ հրամանատարն ու սպան, այնքան հեշտ կլինի: Դա է պատճառը, որ չունենք դասալքության դեպք, քանի որ զինվորը գիտի, որ կարող է վստահել և աջակցություն ստանալ հրամանատարի և սպաների կողմից: