Հարցազրույց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ

May 04, 2012 14:01


Հայ-ադրբեջանական սահմանին օրերս տեղի ունեցա իրադարձությունների մասին ինձ հետ զրուցեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը։

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին դրությունը լարված էր, որին հաջորդեց հակառակորդի դիվերսիոն խմբի գործողությունը։ Բոլորն սկսեցին խոսել այն մասին, թե ինչպե՞ս պատահեց, որ դիվերսիոն խումբը կարողացավ իրականացնել իր առաջադրանքը։

-  Մոտավորապես այսպես ներկայացնեմ. սահմանի վրա կանգնած ոչ մի զինվոր երբևէ չպետք է ամաչի նրա համար, որ իր կողքով անցել է հետախուզական կամ դիվերսիոն խումբ, որովհետև դիվերսիոն խումբը հատուկ պատրաստություն է անցնում, որպեսզի կարողանա զինվորի մոտով աննկատ անցնել։ Այսինքն, նրանք երկար տարիներ մասնագիտորեն  մշակում են այդ հնարքները տարբեր տեղանքներում, նույնիսկ ստեղծում են այդ տեղանքը և մարզվում։

Այստեղ չկա այն վարկածը, որ մեր սահմաններն անպաշտպան են. այդպիսի բան չի կարող լինել: Նշեմ, որ դիվերսիոն խումբն անցել է ճակատի գիծը, քանի որ մենք սահման չունենք. մերը ռազմաճակատ է։ Եվ երկրորդ` ամենակարևորը, պետք է հասկանանք, թե այդ ռազմաճակատում կանգնած  մարտական հերթապահություն կատարող զինվորի հիմնական խնդիրը որն է: Զինվորների առաջին խնդիրն է հայտնաբերել, կանխել և թույլ չտալ հակառակորդի բացահայտ հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա։ Նրանք իրենց խնդիրը կատարում են։ Ու արդեն հաջորդ խնդիրը հակառակորդի թիկունք ներթափանցումը կանխելն է, որի համար, կրկնում եմ, զինվորին չի կարելի մեղադրել։



Պրն Պետրոսյանց, ասացիք, որ դիվերսիոն խումբը տեղանքն ուսումնասիրել է և լավ պատրաստված է եղել։ Ինչպե՞ս է կարողացել հակառակորդն այդքան լավ ուսումնասիրել մեր տարածքը։

-  Այսօրվա տեխնիկական միջոցները թույլ են տալիս ամեն ինչ ուսումնասիրել, օրինակ, տեղանքին կարող են անգամ Googlemap-ով ծանոթանալ, իսկ մի քիչ ավելի հին մեթոդը, դա քարտեզն է, քանի որ զինվորական լավ պատրաստվածություն անցած մարդը, երբ բացում է քարտեզը, արդեն գիտի, թե տվյալ տեղանքում ինչ կա։

Լրատվամիջոցներից մեկում գրված էր, որ դիվերսիայից մի քանի օր առաջ այդ տարածքում անօդաչու սարք են նկատել: Հնարավո՞ր է, որ հենց ԱԹՍ-ի միջոցով են ուսումնասիրել տեղանքը։

-  Իհարկե, հնարավոր է, քանի որ ԱԹՍ-ները լուսանկարում են ամեն ինչ, և աերոդինամիկ նկարների և քարտեզի համադրությամբ կարելի է ճշտել, թե տեղանքն ինչպիսին է. օրինակ, թփուտներ, որ նախկինում չկային կամ հակառակը, որտեղ ձորակ կա, որտեղ են անձրևներից հեղեղատներ առաջացել: Նրանք նաև տեսնում են, թե որտեղ են մեր դիտարկման կետերը. այդ նկարների ու քարտեզների օգնությամբ գտնում են այն ուղին, որն ամենահարմարն է և փորձում են գիշերով աննկատ ներթափանցել թիկունք։ Դա ուղղակի լավ կազմակերպվածության խնդիր է, այլ խնդիր չկա։

Իսկ ի՞նչ կասեք երթևեկելի այն ճանապարհահատվածի մասին, որտեղ տեղի է ունեցել հարձակումը մեր տղաների վրա։

Նախկինում հակառակորդը հաճախ էր գնդակոծում ճանապարհի այդ հատվածը, ինչի պատճառով այն փորվեց և խորացվեց, որպեսզի տեսանելի չլինի հակառակորդին ու չգնդակոծվի։

Իսկ նախօրոք չէր հաշվարկվե՞լ, որ կարող է նաև այսպիսի դեպք տեղի ունենալ։

Ըստ երևույթին` ոչ։ Լավ ուսումնասիրվել են Աֆղանստանում, Չեչնիայում և Արցախում կատարված դարանակալ հարձակումները: Դա շատ «կեղտոտ» դարան էր, զուտ մասնագիտական առումով նայելիս`անիմաստ դարան էր։ Կարելի է ենթադրել, որ նրանք այդտեղ դարանակալում չեն էլ պատրաստել: Հակառակորդը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում էր ինչ-որ այլ գործողություն իրականացնել, պատահմամբ հանդիպել են մեքենային ու բացահայտվել և ստիպված մեքենան ոչնչացրել են։

Նրանք չեն իմացել, որ մեքենայում զինվորականներ են, քանի որ մեքենան առանց զինվորական տարբերանշանի էր։ Ուղևորները եղել են պայմանագրային զինծառայողներ, ովքեր այդ պահին գտնվելիս են եղել հանգստյան մեջ։ Ինչպես նշում են լրատվամիջոցները, հնարավոր է, որ եղել են զինվորական համազգեստով, բայց գիշերվա 4։15-ին, մթության մեջ նրանք չէին կարող դա տեսնել։ Այդ պահին ինչ մեքենա էլ անցնելիս լիներ, ով էլ հայտնվեր այնտեղ, նույն ճակատագրին կարժանանար։

Իմ կարծիքով, դիվերսիոն խումբը բացահայտվել է և որպեսզի կարողանա հեռանալ կամ չընկնել մեր կողմի կրակի տակ, պայթեցրել են մեքենան։

Եթե այդքան պորեֆեսիոնալ են, չէի՞ն կարող թաքնվել, որպեսզի չբացահայտվեին։

-  Իրենց գործողությունները ցույց են տալիս, որ ուրիշ տարբերակ չեն ունեցել։

Իսկ հնարավո՞ր է, որ այդ քայլով ցանկացել են ցույց տալ իրենց խիզախությունը, թե կարող են հանգիստ անցնել ռազմաճակատի գիծը, պայթեցնել մեքենան և վերադառնալ։

-  Ճանապարհը շփման գծից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է. նրանք չէին կարող ենթադրել, որ գիշերվա այդ ժամին այդտեղ երթևեկություն կլինի, որպեսզի միտումնավոր կազմակերպեին հարձակումը։ Նրանք երևի մտել են, որպեսզի թիկունքից մեր որևէ հենակետում ինչ-որ գործողություն կատարեն կամ հնարավոր է` մտնեն գյուղ: Մենք կարող ենք այսպիսի ենթադրություն անել, իսկ մեքենայի գնդակոծումը ցույց է տալիս, որ բացահայտվելով, նրանք ստիպված են եղել գնալ այդ քայլին: Այդպես դարանակալում չեն կատարում։ Մի հանգամանք ևս. եթե նրանք դարանակալած լինեին, ապա ուղևորներին գերի կվերցնեին և ոչ թե կգնդակահարեին։

Լուրեր էին շրջանառվում, որ դիվերսիոն խումբը դեպքի վայրում դիմակներ և պարաններ է թողել։

-  Անսպասելի հանդիպելով մեքենային` նրանք պայթեցրել են այն ու հնարավորինս արագ լքել դեպքի վայրը՝ թողնելով որոշ գույք։

Իսկ հնարավո՞ր է նմանատիպ գործողությունների հետևանքով Հայաստանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին։

-  Ադրբեջանն այն աստիճանի է լկտիացել, որ ամեն ինչ հնարավոր է։ Ներկա պահին մենք վարում ենք դիրքային պատերազմ և եթե հարկ լինի, իհարկե, կանցնենք նաև ակտիվ գործողությունների։ Նրանց լկտիությունը հասնում է այն աստիճանի, որ ոտնձգություն են կատարում Հայաստանի Հանրապետության վրա։  Այսինքն, Ադրբեջանը գործողություններ է կատարում մեկ այլ անկախ պետության դեմ։ Եթե այս միտումը շարունակվի և սահմանամերձ գյուղերը գնդակոծվեն, ապա Հայաստանն, ի վերջո, հարկադրված կլինի պատասխան գործողությունների դիմելու` մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։

Բանակ, Հայաստան, ռազմական փորձագետ, Ադրբեջան

Previous post Next post
Up