Հեթանոս երգեր
Նավասարդյան
Հանճա՛րդ Հայկյան, Նավասարդյան սա տոներուն
Արևափառ,
Ա՛լ վերածնե փլատակներեն, և փառագոչ
Քնարդ ա՛ռ:
Հանո՜ւն Ույժին, հանո՜ւն Գեղին, մտիր մեհյանն
Աստվածներուն
Ջահը ձեռքիդ՝ բագնե բագին համասփռե
Հուր ու արյուն:
Եվ բարձրացուր Անահիտի ծիծերն ի վեր
Բաժակդ նուռ,
Հետո զոհվող քերտողներուն սրտին վրա
Լեցո՜ւր, լեցո՜ւր:
Զի մենք, հանուն Սերին, Սերմին, քու հին Ցեղիդ
Մարմարեն կույս,
Մե՛նք, Զավակներդ օգոստափառ, պիտի կերտենք
Նո՜ր Արշալույս: