Դավիթ Մուրադյանի ֆեյսբուքյան էջից Մակույկներին ժանգ է նստում՝
հեծանների վրա թառած,
կարծես ծովին դրժած խոստում
կամ հին թախիծ
սրտում պահած:
Անքնության ծանր ժամին
ի՞նչ են իրար պատմում նրանք,
- անձայն եկող լուսնոտ քամի,
որպես իզուր մխիթարանք ...
Ջրահարսի թաց մատներով
չոր կողերին հպվող հուշեր,
երկար, - արագ պակասող կյանք,
քանի՛ ցավ է
տեղն այս բուժել:
Վերջին օրն է դեգերումիդ,
վերջին հայացք մակույկներին,
ու ծովի մեջ շպրտվող սիրտ,
նոր խաղալիք՝ ջրահարսին: