Մոսկվայից մի քանի տարի առաջ Հայաստան տեղափոխված սիրուն չամիչ աղջիկ: Երեսունն անց է ու երեք երեխա ունի: Բայց տեսքից ոնց որ քսան տարեկան: Աշխույժ, ուրախ, ուշադիր: Երկուսին բերում է պարի, երրորդ բալիկն էլ նոր է ծնվել: Մեկ-մեկ վազում է ամուսնուն օգնելու: Ու ձեռքի հետ մի հարյուր գործ կազմակերպում: Անցած տարի ամբողջ աշխարհը խառնեց իրար, սկեսրայրին էն աշխարհից հետ բերեց: Էն տեսակից է, որ մերան են:
Լոռեցի մի աղջիկ, երկու բալիկ ունի, երևի մի 25 տարեկան: Սուսիկ-փուսիկ, բարի, հե՛զ: Էն տեսակից, որ ճակատագրի բոլոր ոլորաններն անցնում են լուռ-մունջ, առանց ծպտունի: "Չսիրեցի Երևանը, - ասում է կամաց, երբ իրար հետ ենք մնում, -կարոտում եմ մեր սարերը...":
Հադրութցի աղջիկը՝ նիհար, ոսկրոտ, տնարար: Սուրճի սեղան ապահովելը, խառը հարցերը կարգի գցելն ու երեկույթ-հանդես կազմակերպելն ու փող հավաքելն իր վրա է: Բծախնդիր ու ազնիվ: Էն որ բունն ու ճյուղերը ծռմռված ու անշուք են, բայց արմատները՝ պինդ ու առողջ: Ու սյան պես ամուր:
Արտաշատցի թխահեր, կոպիտ դիմագծերով, երկար սև մազերով, սե աչք-ունքով, ու այդ թխահերության ու կոպտության մեջ շա՛տ գեղեցիկ աղջիկ: Հումորով: Խելքը տեղը: Երեխաները՝ կոկիկ, սիրուն, տղան՝ պատանի տաղանդավոր շախմատիստ: Թե ծաղկեփունջ է պետք, իրեն են դիմում: Կսարքի արագ, էժան, որակով: Կատալոգներն էլ հետը ման է տալիս, թե իր փնջերի, թե օրիֆլեյմի: Էն տեսակից է, որ քունջ ու պուճախն էլ կծաղկեցնի:
Թմբլիկ ու հմայիչ երևանցի աղջիկ: Երգչուհի: Ալ կարմիր շրթներկով ու ալ կարմիր եղունգներով: Շարժուձևը՝ փափուկ, ծիծաղը՝ զրնգուն: Որ գալիս է, թեմաները արվեստի ու երաժշտության շուրջ են պտտվում՝ անեկդոտներով համեմված:
Երկու չաշխատող կեսուրատեր հարսներ: Մի քիչ լարված ու հոգնած աչքերով: Նույնիսկ երբ ժպտում են, շրթունքների անկյունները միանգամից ցած են իջնում: Իրենց պարապությունից էլ հոգնած, սկեսուրների հետ մշտական տալ-առնելուց՝ նույնպես:
Մի բարձրահասակ նիհար կին: Միշտ նույն հագուստով, նույն կոշիկներով, անշուք ու վախվորած: Բայց որ դուռը կիսաբաց է լինում, դեմքին մի շողք ու լույս է պար գալիս. որդեգրած միակ բալիկը շա՛տ լավ է պարում:
Ծիծաղկոտ ուրախ ջահել երկու չաչանակ: Մեկ-մեկ բոլորին քշում են դուրս բասկետբոլ խաղալու:
Մի խելքը լեռներում ու միշտ ուշացող պարզմիտ մայրիկ: Հոգևոր հարցերով տարված:
Մի խստաբարո և խեթ-խեթ նայող "դասախոս" տատիկ:
Ամուսնուն խոպաններում կորցրած մի հուռի:
Երկու դժգոհ գոռոզ "էլիտարոտ" տիկին:
Ընդամենը մի պարի խմբի ծնողներ:
Ու ոչ մի խոսք քաղաքականությունից:
Շատ-շատ հադրութցին մեկ-մեկ պատերազմից պատմի, աղջիկների աչքերը խոնավանան: