Որ մեկը սոված չմնա:

Mar 10, 2012 01:10

Երբ տանդ շա՛տ մարդ կա, ճաշ եփելն էլ ճաշ եփել չէ:

Երբ կապում ես գոգնոցը: Խորքերից հանում մեծ ուռուցիկ կաթսաներն ու թավաները: Առատ յուղ կամ կարագ դնում: Մի աշխարհ մթերք շարում սեղանին ու երկար ու բարակ, խնամքով կտրատում, տապակում, եփում:
Մտքում գցում սեղանը ու այ էս դատարկ անկյունի համար պատրաստում աղցանը:

Երբ շուրջդ աղմուկ է, գոռոց ու վազվզոց:
Մեկին՝ բրդուճ, մյուսին՝ ջուր, երրորդին՝ սուրճ:
Ու դու այդ ամենի մերանն ու ագուցողն ես:

Ու վերջում էլ շուրջ բոլորդ բուրում է: Տա՛ք: Անո՛ւշ:

Հաց ես տալիս:

Ու դա մի տեսակ քո՛ դերն է, քո՛ առաքելությունն է:
Ու այդ պահին սիրտդ տեղն է ընկնում:
Հոգնածությունդ՝ թեթևանում ու փափկում ափսեների մաքրվելուն զուգընթաց:

Մտածում ես՝ կամ գեներդ են արթնացել, կամ ռեինկարնացիա ասվածը ճիշտ է:
Թե գեներս են, տատերիս գեներն են: Թե էն մյուսն է, հաստատ նախորդ կյանքում մի մեծ գերդաստանի տատ եմ եղել:
Գլխաշորով: Գոգնոցով: Բազմափեշ: Գրպաններումս էլ՝ բռերով քաղցրավենիք ու չարազ:
Որ մեկը սոված չմնա:

տատիները, ես, հաց

Previous post Next post
Up