Սա իրիկուն ըլլայի ես...

Oct 14, 2011 00:57

Միսաք Մեծարենց

Սա իրիկունն ըլլայի ես,
եւ հըպէի ճակտին ամէն անցորդի,
չքնաղագեղ ու նըւաղուն յամուրդի
սա իրիկո՜ւնն ըլլայի ես:



Սա իրիկունն ըլլայի ես,
լի երգովը թռչուններուն, մարդերուն,
ու տարրերուն աղաղակովը տրոփուն՝
սա իրիկո՜ւնն ըլլայի ես:



Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,
թոյլ, նազենի, շըղարշային, վարդաբոյր,
ու ծըփայի զերթ ոսկեսար վարագոյր
վըրան ամէն հոգիի:



Սա իրիկունն ըլլայի ես,
լի զանգակին ղօղանջներովն երկնաճեմ.
խնկապատար, օծուն, ջահուած Ժամի պէս
սա իրիկո՜ւնն ըլլայի ես:



Սա իրիկունն ըլլայի ես,
իմ անդորրիս մէջ ոգեւար աղջըկան
մարող ճրագին բոցեր տալու իմ ցոլքէս.
սա իրիկո՜ւնն ըլլայի ես:



Սա իրիկունն ըլլայի ես,
լի գոռ ծափովն ովկիանի ջուրերուն.
սիւքին ծաղիկ մեղեդիքովն ակաղձուն,
սա իրիկո՜ւնն ըլլայի ես:



Սա իրիկունն ըլլայի ես,
որ կը մարի սատափ բարձին վրայ ցայգուն.
թօթափող վարսքը գունագեղ ու ծփուն,
սա իրիկո՜ւնն ըլլայի ես:



Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,
համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագէս.
եւ ամենուն տայի հուրքէս, ոսկիէս:
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:



Կլոդ Մոնե Клод Моне

1."Զբոսանք" "Прогулка"
2."Եկեղեցին Վաղենժըվիյում" "Церковь в Варенживие"
3."Երեկոն Արժանտոյում" "Вечер в Аржантее"
4."Ճանապարհը Շայիից Ֆոնտենբլո անտառով" "Дорога из Шаи через лес в Фонтенбло"
5."Երեկոն Սենայի վրա" "Вечер на Сене"
6."Լա Ռոշ Բլոն գյուղը: Մայրամուտ" "Деревня Ла Рош Блон. Закат"
7."Սենան Բուժիվալում" "Сена в Буживале"
8."Մայրամուտը Սենայի վրա" "Закат над Сеной"


քնարերգություն, art, claude monet, գեղանկարչություն, արվեստ, Մեծարենց, painting, impressionnisme

Previous post Next post
Up