Մարուս տատիկիս մայրիկի (հայերենում կա՞ ապուպապիկի իգական համարժեքը) անունը Շողո էր, Շողակաթ: Քահանայի ընտանիքում էր ծնվել: Հայրը՝ տեր Գրիգորը, Կարսի եկեղեցիներից մեկի քահանան էր: Կարսից հեռացել էին 1918 թվականին: Շողո տատիկը պատմում էր, որ մի քանի շաբաթ ապրել են հանդերում, սաստիկ սովի ու տագնապի պայմաններում, սնվել բույսերով..
-Բանալին շեմի տակ ենք դրել, այ բալա.. Հենց շեմի տակ..
Գաղթել հասել էին Հյուսիսային Կովկաս, ու տեր Գրիգորի զավակների ու նրա ժառանգների մեծ մասը մնացել էր Վլադիկավկազում, Նալչիկում ու Մոզդոկում: Կծաղկեցնեն Կովկասի հայկական համայնքները, կաճեն ու կշատանան, իսկ Հայաստան կհասնեն շատ քչերը:
Այնտեղ էլ արդեն մարդացու Շողոն կհանդիպի մշեցի ապուպապիկիս՝Սերոբին, կամուսնանա ու Աստված գիտի ինչպես կհասնի Հարավային Ռուսաստան, այս անգամ ընկնելով գոլոդոմորի ճիրանների մեջ, ու վերջապես երկար ու ձիգ ճանապարհը կբերի կհասցնի Հայաստան:
Տարիներ անց տատիկենց տանը մի մեծ սնդուկ կար: Չիմացողը կմտածեր, թե չուլ ու փալաս է, շոր-մոր, այնինչ Շողո տատին այդ սնդուկի մեջ հավաքում էր չորացած ու արևին տված հացի կտորները: Կատակ բան չէ. երկու անգամ փրկվել սովամահ լինելուց:
Շողո տատին երկու զավակ կունենա: Մարուսյան և Կոլյան: Կոլյան պատերամը սկսվելուն պես կգնա պատերազմ, ու շատ չանցած՝ կգա նրա անհետ կորելու լուրը: Կոլյայի հետ ծառայած հարևանը այդպես էլ չի ասի, որ այն ռազմանավը, որի վրա Կոլյա քեռին էր, իր աչքի առջև է պայթել.: Կոլյայից մի նկար կմնա պապիկենց տան պատին ու մի տեղեկանք զինկոմիսարիատից Мемориал կայքում:
Իսկ Շողո տատին ամեն Աստծո օր, լույսը բացվելուն պես կգնա իրենց հին տան բակ, կնստի ցածրիկ նստարանին ու տարակուսած հարցերին կպատասխանի. "Բա՞ որ Կոլյաս գա, ինքն ախր մեր նոր տան տեղը չգիտի.."
Երբ Շողո տատին մահացավ, իսկ մահացավ նա Մարուս տատիկիս մահվանից ուղիղ յոթ օր անց, ու յոթն ու թաղումը մեկ արեցին, աչքերը չէին փակվում: Շփոթված բարեկամներին թաղման օրը մեկը խորհուրդ տվեց բերել Կոլյայի նկարը ու մոտեցնել տատիկի աչքերին, որ տատիկն հանգիստ խղճով հեռանա այս անիրավ աշխարհից...
Իսկ չորս տարի անց կծնվի փոքր քույրս՝ Շողերը: Մամայիս ցանկությամբ քրոջս անունը կդնեն Շողեր ի հիշատակ Շողո տատիկի, որն իր կյանքի վերջին տարիները մեզ հետ էր ապրում: Ու մայրիկիս էլ, իր աղջկա հարսին, շա՜տ էր սիրում...
Այն աստիճան, որ 1973 թվականին ցուրտ ձմռանը որոշել էր գնալ Սևանի շրջանի գյուղերից մեկի դպրոցի տնօրենի մոտ ու խնդրել, որ մայրիկիս թույլ տան տաբատ հագնել: Շողո տատին տաբատի գաղափարին շա՜տ կողմ էր. տաք էր ախար, մանավանդ սևանյան "ղըյամաթին":
Այն աստիճան, որ ամեն քնելուց մորս աչքերից հեռու սավանն ու ծրարը հանում էր, ծալում, դնում աթոռին: Որովհետև հարսը ջահել էր, գործը՝ շատ: Գոնե իր սպիտակեղենը թող երկար մաքուր մնար: Մայրս իհարկե զարմանում ու տարակուսում էր, որ Շողո տատիկի սպիտակեղենը մաքուր է մնում, ու հետաքննություն սկսում: Ու տատիկիս գաղտնի արարքները ջրի երես են դուրս գալիս, ու խեղճ տատս հանձնվում է միայն մի վերջնագրից հետո. երբ մաման հայտարարում է, որ էս ձնռան ղըյամաթին ամեն շաբաթ կքանդի վերմակի ու դոշակի մթելները ու կլվանա:
Խեղճ իմ տատ.. Երբ միջնեկ քույրիկս ծնվեց, էլի մորս խղճալով ու պահը որսալով, որ մաման խոհանոցում է կամ տան մյուս անկյունների մաքրությամբ է զբաղված, արագ արագ չորացնում էր նորածին քրոջս թեթևակի թաց շորերը, խնամքով ծալում ու խցկում պահարանի մեջ: Բայց դե մամայի հոտառությունը..) Ամեն շորը պահարանից հանելով՝ մաման մոտեցնում էր քթին ու եթե գրամանոց կասկած անգամ կար, ուղարկում լվացքի մեքենայի մեջ: Իսկ ես երկու տարեկան եմ, տատիկն էլ վերջին խորամանկությանն է դիմում. տակաշորի հետևից ինձ է ուղարկում: Ես էլ գլորվելով հասնում եմ պահարանին, հանում տակաշորն ու մոտեցնում քթիս:
-Ամա՜ն, - ձեռքերը խփում է ծնկներին Շողո տատին, - ամա՜ն էս էրեխեն էլ ա քո պես..
Օրվա վերջում աղբի մեջից խնամքով հանում էր թղթերի բոլոր կտորները: Այդպես էլ չէր հասկանում, ախար թուղթը, թերթը, գիրը ո՞նց են շպրտում, ախար կարևոր բան կարող է գրված լինի, բա եղա՜վ.. Խնամքով ծալում էր, շարում իրար վրա: Երեկոյան համոզվում, որ պետքական բան չկա ու մի կերպ հաշտվում այն մտքի հետ, որ թղթի կտորտանքներն աղբն են նետվելու..
Շատ էր սիրում հետևել մամային խոհանոցում: Բայց կեսուրություն չէր անում, լուռ հիանում էր, մանավանդ երբ մաման էկլեր էր թխում:
-Այ բալա, չեմ հասկնա: Դու սենց պզտիկ խմոր կդնես, էդ ինչի՞ց տենց կմեձնա, - զարմանում ու զարմանում էր Շողո տատին:
Պապայիս շատ էր սիրում: Իր առաջնեկ թոռն էր, ինքն էր մեծացրել: Չէր քնում, մինչև պապան տուն չգար: Քնելուց առաջ էլ մեկ առ մեկ ստուգում էր պատուհանները, դուռը, ջուրը, գազը.. Տարիներ անց նույն բնավորությունը սկսեց արտահայտվել Շողեր քրոջս մոտ: Երկու տարեկան երեխա էր, քնելուց առաջ տեղեկանում էր. գազն ու ջուրը անջատե՞լ ենք, դուռը փակե՞լ ենք.. 88-ից, երբ հայրս ոչ միշտ էր տանը, երբեմն բացակայում էր շաբաթներով ու ամիսներով, Շողիկի անհանգստությանը չափ չկար. խեղճ երեխան հանգիստ խղճով քնում էր, երբ դրսի միջանցքի դռան ճռռոցն էր լսում ու պապայիս հոգնած ոտնաձայները:
Ու միայն Շողիկը գնաց հասավ Կարս իրենց դաշնակցական խմբով, հասավ Կարսի լքված ու քարուքանդ հայկական թաղամաս, նկարներ ու մի բուռ հող բերեց:
Մի բուռ հող, մի փունջ չորացած դաշտի ծաղիկ ու մի քանի քար:
Ու էդ մի բուռը քանի տարի է մեր տանն է, չեմ կարողանում ինձ ստիպել, որ տանեմ ու Շողո տատիկի գերեզմանին շաղ տամ: Չեմ կարողանում: Ինձ թվում է, էդ շաղ տալով Կարսը վերջնականապես կկորցնենք, թե՛ ես, թե՛ տատս:
Բայց թե հույսս ի՞նչն է, ես էլ չգիտեմ...