1989 թվականի աշնանը պապիկս զանգահարեց ու ասեց, որ ինձ հետ կարևոր գործ ունի: Ու որ հետս անպայման մի տետր բերեմ: Զարմացա: Երբ հասա պապիկենց տուն, տանը միայն նա էր: Հորեղբորս կինը երեխաների հետ գյուղում էր, հորեղբայրս՝ դրսում:
Պապիկը լռեց մի քանի րոպե, հետո.
-Բալա ջան, ես շատ բան եմ տեսել.. Մտածում եմ, արի պատմեմ, դու գրի: Պետքը չի, որ էս ամենը ինձ հետ գերեզման տանեմ..
Ու սկսեց պատմել 39 թվականից, երբ զորակոչվել էր բանակ ու միանգամից հայտնվել ֆիննական ռազմաճակատում: Պատմում էր ու լռում, պատմում էր ու տրորում ճակատը.. Զգում էի, որ ամեն խոսքը, ամեն հիշողությունն ու դիպվածը ցավ է պատճառում.. Ու ո՜նց եմ հիմա ափսոսում, որ այդ ժամանակ շատ բան չէի հասկանում, ու ընդամենը գրի էի առնում, ոչ հարցեր էի տալիս, ոչ էլ մանրամասներ պահանջում..
Միայն մեկ անգամ հարց տվեցի, չպատասխանեց..
Պատմում էր, որ գերի է ընկել, հրեաների հետ մեկ խուց են գցել: Մի հսկայական խուց, որտեղ կանայք, երեխաներ, տղամարդիկ.. Ամեն օր մաս մաս դուրս են հանել, կախել ու գնդակահարել: Պապիկիս հայ լինելը որևէ դեր չի խաղացել. գերմանացու համար հայ թե հրեա, արտաքինից տարբերությունը մեծ չի եղել..
Մի օր պապիկիս ու մի քանի հրեաների դուրս են բերել կոմենդատուրայի բակ: "Մտածում էի, գնդակահարելու տարան, բայց ասին, որ պալիցայի շենքի մոտը մաքրելու համար են տանում:
Սոված էի, չէի կարում աշխատեմ, լապատեն տվել էի փորիս կանգնել, մտիկ էի անում: Մեկ էլ նեմեց մայոր եկավ, որ գնար ներս, հարցրեց ինչ ազգ ես, ասի հայ եմ, ձեն չարավ, մի քանի րոպեից կանչին վերև, գրասենյակ, էնտեղ նաչալնիկ պալիցիի, մայոր, պադպալկովնիկ: Հարցրին որտեղացի ես, շրջանից, գյուղից: Մանրամասն պատմեցի: Ես ռուսերեն էի ասում, էդ մայորը թարգմանում էր:
Հետո հարցրին, բա է՞ս մարդուն ճանաչում ես:
Ասի` հա, նկարագրեցի, մեր գեղից ա, մեռած մարդ էր, դու մի ասա դա (մայորը) մեր Երևան ինժեներ ա աշխատել: Ասում ա, լավ, հավատում եմ, որ հայ ես: Ու ասին, կուզե՞ս ազատագրվել: Ասի, չէ, ես ազատագրվող չեմ.. Ու ինձ նորից կոնցլագեր տարան.."
Այ այստեղ էր, որ հարցրեցի. "Պապ, ազատագրվելն ի՞նչ էր, ո՞նց պետք է ազատագրվեիր"
Պապիկը ձեռքը թափ տվեց ու էլ ոչինչ չպատմեց այդ օրը: Տուն վերադարձա մտատանջությունների մեջ: Հարցրեցի հորս, հայրս նույնպես լռեց..
Անցավ մի քանի տարի: 1991 թվականի սեպտեմբերյան հռչակագրի օրերին պապիկս ահավոր նյարդայնացած ու լարված էր: Չէի հասկանում: Անկախությանը դեմ չէր, բայց տագնապած էր: Հռչակագրից, նախագահական ընտրություններից հետո նոր քիչ թե շատ փոխվեց. սովորական դարձած անհանգստությունը տեղի տվեց.. Իսկ Ամանորին..
-Բալիկ ջան: Էն որ հարցնում էիր, ազատագրվելը որն է.. Էդ մեզ առաջարկում էին իրենց կողմը անցնել: Հայկական զորամաս էր իբր: Վախեցա: Մտածեցի, որ Սևան բոլորին բարեկամներիս կսպանեն.. Ու նեմեցին չէի հավատում..
Իսկ մեզ լագերում չսպանեցին եվրեյների հետ, որովհետև Դրոն եկավ..
Պապիկիս պատմելով, Դրոն այցելել է այդ ճամբար (արդեն լավ չեմ հիշում եմ՝ Ժիտոմիրի թե Բոլոցերկովսկի), պայմանավորվել ճամբարի ղեկավարության հետ, որ հայերին չգնդակահարեն ու այդչափ չաշխատեցնեն: Ու նույնիսկ մի անգամ եկել է, բոլոր հայ գերիներին դուրս բերել մեկ օրով, լավ կերակրել ու կնքել տեղի եկեղեցիներից մեկում:
1989 թվականին դեռ վախենում էր պատմել Դրոյի մասին:
1991 թվականի աշնանը դեռ տագնապած էր, որ Ստալինյան շունչը հետ է գալու ու Հայաստանը նորից կարմրելու է:
Եվ միայն 1992 թվականի հունվարի 1-ին պատմեց Դրոյի, իր ու մյուս հայերի փրկության մասին:
Ինչ եմ ուզում ասել...
1914-18 թվականներին Անտանտի բանակներում մոտ 250 հազար հայ էր կռվում: Կորցրեցինք Արևմտյան Հայաստանը..
1941-45 թվականներին՝ մոտ կես միլլիոն հայ էր կռվում ռազմաճակատներում: Արդյունքում՝ զրկվեցինք Արևմտյան Հայաստանը վերադարձնելու հույսից: Ընկանք ոտքի տակ, ցաք ու ցրիվ եղանք, մաշվեցինք գնացինք:
Դա էլ ջարդի մի տեսակ էր: Երբ հորը զրկում են իր երեխաներին մեծացնելու ու պաշտպանելու հնարավորությունից ու ստիպում աշխատել ու կռվել այլոց համար, որոնք հաճախ թշնամուց չեն տարբերվում..
Երբ հորը գայթակղում ու տանում են ալթայներ ու սիբիրներ...
Ու երբ հայրը էդքանը չի հասկանում, մի օր էս աննկատ սպանդը փոխարինվում է արյունոտ սպանդով՝ այլոց ձեռքերով ու այլոց կատարմամբ:
Պինդ ու զգոն մնանք...