(no subject)

Jun 29, 2011 20:36

Մի տարի առաջ ծանոթ մի կնոջ հանդիպեցի. աչքերը փայլում էին, ու ոտքերն անհամբերությունից պար գալիս:
-Բա իմացա՞ր, - շտապեց ինձ ուրախացնել, - էսօր գալու են, բեհ բերեն:
-Ի՞նչ, - զարմացա ես, - տունը վաճառո՞ւմ եք:
-Է՜, այ անհասկացող, աղջկաս եմ նշանում:

Չէ, ոնց պապանձվել էի, այդպես էլ պապանձված մնացի: Աղջիկը նոր էր ավարտել դպրոցը ու նոր էր ընդունվել բուհ:  Թիթեռնիկի պես, ուրախ զվարթ երեխա էր: Երևի չկարողացա զարմանքս ցույց չտալ: Մայրն աջ ու ձախ նայեց. հետո առաջ թեքվեց ու գաղտնի գործակալի շշուկով.
-Ընե՜նց հարուստ են, թե չէ չէինք համաձայնի...
Մեծ ջանքեր եմ գործադրել, որ ապուշի ժպիտ ընդունեմ ու ասեմ. աչքներդ լույս...

Հետո եկան, նշանեցին, մայրը շարունակեց գլուխ գովել, թե իր խնամիներն ինչ պլանտացիաներ ու գործարաններ ունեն ռուսաստաններում, ինչ պաշտոնի են ու ինչ դիրքի են.. Իսկ այսօր մյուս աղջկան տեսա, պարզվեց մայրը շատ վատ է: Գնացի իրենց տուն, սա սենյակի դուռը փակեց ու.
-Ախար սիրտս կտոր կտոր է լինում..
Ախար հեռու է..
Ախար ի՞նչ գիտեմ, ո՞վ են, ի՞նչ են..
Ախար էրեխես փոքր ա..
Ախար սիրտս...

Մի շաբաթից հարսանիքն է: Ես էլ էլի ապուշի դիմակ հագած ասում եմ. "մի մտածիր, լավ է լինելու..."

շուրջ բոլորս, աբսուրդի թատրոն

Previous post Next post
Up