Ամբարներ
Տնակին մեջ մթնշաղ, կտուրին տակ հայրական,
Ամբարնե՜րն են, շար ի շար, նոր բերքերով ծոցվորած:
Իրենց լայնշի արգանդեն՝ թանձր բույրերը կուգան
Աշուններուն պտղալից և արտերուն մանգաղված:
Հո՛ն է վիգը թխահատ, հո՛ն է գարին իլաձև.
Հ՛ոն, քամվելով ակոսեն ու հոսելով սարն ի վար,
Ցորյանն հեղե՜ղ է կազմեր: Անոնք ոսկի և արև
Գրկած կարծես թե ըլլան արշալույսներ ամպածրար:
Գերաններեն ծխապատ և մենավոր պատերեն
Սարդն անոնց վրա է փռեր պատմուճանները մոխրոտ:
Մերթ անոնց վրա կցաթե շեշտակի լույս մը վերեն,
Տատամսելե վերջ երկա՜ր շուրջն երդիկին արևոտ:
Անոնք իրենց ծոցին մեջ գանձերն հողին ծրարած՝
Կարծես լռիկ կհեգնեն ձմեռն ու սովը վաղվան…
Իրենց առջև, մշտարթուն, թավ պոչին մեջ ծվարած,
Կհսկե տանը կատուն, Համբարուի մը նման:
Դանիել Վարուժան
![](http://www.bigsauron.ru/valid8316_ha6cbcd5f4e09cf360f097e1e9d2f41e8.jpg)