Միջօրե
Այս այն ժամն է, երբ կալին մեջ Աշխատանքն առած կանգ՝
Արևուն տակ կհևա:
Կննջե մեն մի մշակ:
Քարայրին մեջ հեռակա
Հեծեծագին կմեռնի զով Զեփյուռը ամրափակ:
Միջոցին սիրտն՝ հրեղեն ցանցի մը մեջ սեղմված՝
Կբաբախե հազի՜վ հազ:
Լռության մեջ շողարծարծ
Ի՜նչ հծծյուններ, ի՜նչ երազ,
Եվ ի՜նչ բույրեր առտվան եղեգներուն կտրված:
Կքնանան անտառներ թուխ կողերուն վրա սարին՝
Արծաթահյուս քողի տակ.
Կապույտի մեջ, առանձին,
Կերթա ամպ մը կաթնորակ,
Փափուկ բուրդեն ծվեններ թողլով ժայռի կատարին:
Կընդունի հողն իր սրտին մեջ՝ իր սրտեն ճեղքելով
Լույսին նիզակն արյունոտ:
Աղբյուր մը հոն, ծառին քով,
Կհեծեծե նվաղկոտ՝
Իր ոռոգած ծաղիկին վրա մեռնի՜լ չուզելով:
Գոմեշներ՝ լուծը լքած ճահիճին մեջ կպառկին
Իրենց բերնեն հոսելով
Թելերն արծաթ շողիքին:
Սայլերն, անդին, դեզին քով,
Հսկա ցռունկները ցցած՝ դատարկությա՛ն կնային:
Այս այն ժամն է, ո՜վ հոգիս, որ ճպուռին պես մինակ՝
Կատարներուն վրա մնաս.
Անդորրին մեջ անապակ
Դուն քո երգով արբենաս,
Ինչպես արևն իր լույսով, իր լույսին հետ մի՜ս-մինակ:
Դանիել Վարուժան
Ինձ թվում է, միջօրեի արևը, տապն ու "անապակ անդորրը" լավագույնս արտացոլվել են Սարյանի այս նկարներում..)
Картины Мартироса Сарьяна
"Կեսօր" "Полдень"
"Գեղամա լեռներ" "Гегамские горы"
"Երևան" "Ереван"
"Եղնիկներ" (թե՞ վիթեր) "Газели"
"Շոգ օր" "Жаркий день"
"Հայաստան" "Армения"