Հայկական պատմությունը և մշակույթն խեղաթյուրվում են ոչ միայն զիաբունյաթովականության շրջանակներում, այլ, շատ հաճախ ծագումով հայերի կողմից (երբեմն չիմացությամբ, երբեմն` դիտավորությամբ):
Եթե մի ազգին զրկում ես իր պատմությունից և մշակույթից, այն դառնում է շարքային ոչնչություն, որին շատ հեշտ է քշել ուզածդ ուղով (սա նորություն չի, բոլոր ժամանակներում էլ պետությունների ղեկավարները հասկացել են պատմության կարևորությունը, ինչպես և հասկացել են ուրիշներին պատմությունից և մշակույթից զրկելու կարևորությունը, հռոմեական կայսրերից մինչև ֆաշիստական առաջնորդներ, հունական արքաներից մինչև ազգընտիր նախագահներ): Իհարկե, ազգային պատմությունը և մշակույթը պաշտպանելիս պետք չէ նաև ընկնել ազգային սնապարծության ջրերը, ինչը պակաս վնասակար չէ վերը բերված թեմաների համար:
Հայկական մշակույթի մասն է կազմում նաև հայկական խոհանոցը: Իսկ դրա ամենավտանգված ուտեստն է բոլորիս սիրելի տոլման: Ում ասես փորձում են վերագրել դրա ծագումը, բացի հայերից: Ճիշտ է նման ուտեստ ունեն գրեթե բոլոր արևելաեվրոպացիները` սլավոններն էլ, գերմանական տարբեր ազգերն էլ, սակայն դրանք այն պատրաստում են հիմնականում թթու կաղամբից, իսկ խաղողի տերևի մեջ փաթաթելով պատրաստում ենք միայն մենք... պատրաստում էինք, քանի դեռ որոշ քոչվոր ազգեր չէին սովորել դրա պատրաստման եղանակը և չէին անվանել մեզ գող-ավազակ...
Սկսենք այն պարզ ճշմարտությունից, որ քոչվորները (իսկ մեր շատ սիրելի արևելյան և արևմտյան հարեւանների քոչվորական ծագումը որևէ կասկած չի կարող հարուցել) բացառված է, որ զբաղվեին այգեգործությամբ, առավել ևս խաղողագործությամբ:
Այստեղ մեզ կարող է օգտակար լինել հայ խոշոր լեզվաբան Հրաչյա Աճառյանի 1955-ին Երևանում լույս տեսած "Լիակաատար քերականություն հայոց լեզվի /համեմատությամբ 562 լեզուների/" աշխատության ներածությունը (էջ. 379-381): Այդտեղ գրված է` "ժողովրդական փոխառությունները, անցած լինելով խոսող ժողովրդի բերանը, նրա ձայնական օրենքների համեմատ կրած են լինում այլևայլ փոփոխություններ: Օրինակ` ադրբեջանցիները վերցնելով ռուսերենից стакан բառը, դարձրել են իսթիքյան, արաբները վերցնելով հն. Πλατων անունը դարձրին Aflatun": Շարունակելով փոխառությունների թեման` Հրաչյա Աճառյանն իրավացիորեն համարում է դոլմա ձևը թյուրքական ազդեցության հետևանք, միաժամանակ նշելով` "թրք. բառը թեև այժմ արտասանվում է dolma, բայց գրվում է տոլմա طولمة" և ավելացնում է` "թյուրքերը 1021 թվին մտան Հայաստան և իրենց լեզուն հազիվ ԺԲ դարի սկզբից կարող էր ազդել հայերենի վրա": Փաստորեն` «թուրքական տոլմա»-յի ջատագովների ասածից հետևում է, որ հայերը կա՛մ մինչև ԺԲ դարը տոլմա չէին պատրաստում, կամ էլ` դրան անվանում չէին կարողանում տալ... ախար, էս ի՜նչ լավ եղավ, որ էդ թյուրքերն եկան մեր տարածաշրջան, թե չէ մենք ի՞նչ էինք անելու...
Որոշ բարբառներում թյուրքական ազդեցությամբ պահպանվել է ճաշատեսակի դոլմա ձևը, որոշներում էլ, որոնց վրա թյուրքական ազդեցությունը եղել է չնչին, ճաշատեսակի անվանումը պահպանվել է տոլմա ձևով (Աճառյանը նույն տեղում սրան էլ է անդրադարձել, բայց հպանցիկ, միաժամանակ, իր "Արմատական բառարան"-ում, հենց "տոլի" բառը քննելիս նշում է, և դա հանրահայտ փաստ է, որ հայերենի որոշ բարբառներ տ>դ ձայնափոխությունն ունեն):
Եվ, ինչպես մեծն Աճառյանն է եզրափակում իր միտքն` "ինչպես բնիկ, այնպես էլ փոխառյալ բառերը ունեն իրենց ձայնական օրենքները և պատմական ու կուլտուրական պատճառներն ու բացատրությունները: Որևէ բառ, որ մի, կամ մի քանի հնչյունով նման է որևէ ուրիշ լեզվի համապատասխան կամ նույնանիշ մի բառի հետ, չի նշանակում, որ անպատճառ փոխառյալ է մեկի կամ մյուսի կողմից: ... Այս հանգամանքը ոմանք ի նկատի չեն առնում և շարունակ ազդեցություններ է, որ գտնում են իրար հետ բնավ կապ չունեցող լեզուների մեջ:", ինչպես ասում են` ամեն հանճարեղ բան պարզ է:
Ենթադրենք ճաշատեսակի անվանումը ծագում է թուրքական դոլմա բառից, այդ դեպքում, ինչու՞ են թուրքերը ճաշատեսակն անվանում սարմը (փաթաթած)... հետաքրքիր է, չէ՞ (այս ճաշատեսակի յափրաք` տերև անվանումը ևս տարածված է թուրքերի մոտ, նրանց միջոցով էլ անցել է` ալբանացիներին` յափրաք, քրդերին` յափրախ ձևերով): Ինչ վերաբերում է տոլմա ձևին, նայենք մեր հին հարեւաններին: Հույներն անվանում են այն նտոլմաս, վրացիները` տոլմա: Փաստորեն, հայերի հետ հին ժամանակներից առնչություններ ունեցող ազգերի մոտ պահպանվել է տ-ով ձևը:
Սակայն, եթե տոլի հետ ամեն ինչ պարզ է, մնում է -մա վերջածանցը:
Ժամանակակից հայերենում չկա այդ վերջածանցը... բայց կա հին հայերենի մոտ ազգականը հանդիսացող լեզուներում...
Հին հնդկական գրական լէզուն` Սանսկրիտը (կարճ ասած` հնդկական գրաբարը), որը պահպանել է հնդեվրոպական մայր լեզվի զգալի բառապաշար, ունի այդ վերջածանցը: Այն ածականակերտ վերջածանց է, իմաստով մոտ է -ային վերջածանցին (չնայած արդի հայերենում դրա համարժեքը չկա, որովհետև մեր լեզվում ածականներն այլ կերպ են կազմվում): Ավելի պարզ լինելու համար զուգահեռ կբերեմ ռուսերեն տարբերակները (համապատասխանում է ռուս. -ый/ое/ая վերջածանցին)
Բհիմա - ահավոր (ужасный)
Բհիշմա - ահեղ (грозный)
Դհարմա - կրող (несущий) գաղափարը, կրոնը (հայերեն կրոն բառի հիմքն էլ հենց կրելն է)
Սարամա - արագ (быстрая)
Տիլոտտամա - [բոլոր մասնիկներով] գերազանց (превосходная [всеми частицами])
ևն
Զենդերենում (Ավեստայի լեզվում)` հին իրանական լեզվում, որը ևս մոտ ազգական է հայերենին, նույնպես առկա է -մա վերջածանցն, օր.`
Թահմա - զգոն (бдительный) (Թահմա-Ուրուպա - զգոն գայլ/бдительный волк)
իսկ հին հայերենի ու հին հնդկերենի միջև նմանությունները նկատելու համար բավական է նայել հին հայկական դիցաբանությանը`
հայկ.` Վահագն
սանսկ.` Վրիտրահան (Վրիտրային սպանած, Ինդրայի պատվանունը)
զենդ.` Վետերահնա
Այդ աստվածությունների, դրանց կերպարների և անունների նմանություններն ուղղակի ապացույց են մեկ մայր լեզվի և պաշտամունքի առկայության:
Վահագնի (Վիշապաքաղ) հետ կապված, հայերեն վիշապ բառն էլ ազգակից է հին հնդկականին`
Վիշապ - Վիշւարապա (բոլոր ձևերն ընդունող)
էլ չասեմ հայկ. շուն, սանսկ.` շունա, հայկ. Ար (այդտեղից էլ Արեւ, հմմտ. բար+եւ, ստոր+եւ ևն), սանսկ.` Արունա (արևածագ, բացի այդ առկա են Ար-ով այլ աստվածություններ, այդ թվում` իրանալեզու ազգերի մոտ, ասենք` Ար'հուրոն - Արևային հուր ևն), հայկ. կամ(ք) - սանսկ. կամա (հայ.` կամա-ակամա), հայկ. Դիոս/Դից - սանսկ. Դեւա ևն ևն, այս օրինակները մեկ անգամ ևս ցույց են տալիս հայերենի և հնդկերենի (գոնե` հին) բառակազմերի զգալի նմանությունները և ապացուցում են դրանց մեկ մայր լեզվիծ ծագած լինելու հանգամանքը: Թեև, հազիվ թե ինչ-որ մեկը կասկածի տակ առնի հայերի հնդեվրոպական ծագումը: Իսկ "տոլի" բառի հնությունը երևում է Վանի թագավորության սեպագրերում (այդ ժամանակ հայերս չունեինք սեփական գիր և ստիպված էինք գրագրությունը կատարել այլ լեզուների գրային համակարգերով... ասենք` ուշ միջնադարում ռուսները (գրեր ունենալուց շատ հետո) դեռ շարունակում էին գրագրությունն իրականացնել ֆրանսերենով (ամենախնդալուն այն է, որ ռուսները գտնվում էին պատերազմի մեջ ֆրանսացիների դեմ), իսկ Սրբազան Հռոմեական Կայսրության պետական լեզուներն էին չեխերենը, հունգարերենը, լատիներենը... Եվրոպայում էլ հիմա գործածական է 2 գրային համակարգ` լատինատառ (գրեթե ողջ Եվրոպան) և կիրիլատառ (Բուլղարիա, ՆՀՀ Մակեդոնիա ևն)... սա այն դեպքի համար, եթե մեկը փորձի ասել, թե գիրը չի եղել հայկական, ուրեմն` այդտեղ հայերեն լեզու և հայեր էլ չեն եղել, իսկ Ուրարտույի հայկական պետականություն լինելու ապացույցի համար ուղղակի պետք է տեսնել Բեհիսթունյան հայտնի արձանագրությունները, բայց նույնիսկ Ուրարտուի հայկական պետություն չլինելու դեպքում էլ հայերենում կան փոխառություններ (ուղտ, խեցի, երկաթ ևն) խուռիական լեզուներից), հա, շարունակեմ, "տոլի" բառը երևում է դեռևս Վանի թագավորության սեպագրերում ենթադրաբար "դուլի" ձևով (պետք է հաշվի առնել երկու գործոն` ա. խուռիական տառադարձությունը (որ ավելի պարզ լինի` հայերենը լատինատառ գրողներն օգտագործում են լատ. c տառը հայերեն ց, ծ, ձ, չ ևն հնչյուններն արտահայտելու համար), բ. վերծանման ոչ կատարյալ լինելը): Փաստորեն, եթե այդ հնագույն ժամանակներից առկա է "դուլի" ձևը, որը շատ նման է "տոլի" ձևին, և միևնույն ժամանակ հայերենը շարունակում էր պահպանել նմանությունն այլ հնդեվրոպական լեզուների հետ, ի՞նչն է խանգարում տոլ+մա բառը ստուգաբանել որպես խաղողային, դրա տակ իհարկե դնելով որոշակի ծիսական իմաստ:
Հ.Գ
Թեև տոլմայի "խաղողային" նշանակությունն առավել հավանական է թվում, այդուամենայնիվ դա միակ հնարավոր տարբերակը չէ:
Ժամանակակից հայերեն միս բառը մեզ թույլ է տալիս անցկացնել որոշ զուգահեռներ...
Եթե ունենք անգլ. meat և ռուս. мясо, որոնք նույն իմաստն են արտահայտում, ապա ավելի հին լեզուներին նայելով որոշ հետաքրքիր նմանություններ ենք պարզում -մա մասնիկի հետ կապված:
Օրինակ` միս բառը հավանաբար ծագում է հնդեվրոպական նախալեզվի meh₂d - "յուղալի, ծորացող" բառից: Այն ազգակից է սանսկ. madati - "կշտացնում է", հին գերմ. maz, հին սկանդ. matr, գոթ. mats - [ոչ բուսական] սնունդ բառերին (որոշ ժամանակակից սկանդինավյան լեզուներում ևս առկա է սնունդ բառի mad, mat ևն անվանումը)...
Այդուամենայնիվ, քանի դեռ ավելի լուրջ փաստարկներ չունեմ, ես էլ ավելի հակված եմ առաջին տարբերակին: