Երջանկության կարոտը

Feb 27, 2012 19:40

        Շոգ էր,շատ շոգ:Նստած էր վանդակավոր լուսամուտի մոտ ու դուրս էր նայում:Իրեն ոչ ոք չէր տեսնում,իսկ ինքը շեղանկյուն կտորներից մարդկանց մոզաիկ պատկերներ էր հավաքում:Իր երկիրն էր,իր հայրենիքը,բայց ինքը երբեք չէր կարող այդպես համարձակ քայլել,ինչպես այդ տգեղ,սպիտակ կանայք:Նույնիսկ հիմա,երբ էլ չկար որևէ պարտավորություն,չկար հարկ բարձր պահելու որևէ մեկի պատիվը,նա իրեն չէր կարող դա թույլ տալ:Այն,ինչ հարազատ ու մոտ էր իրեն,այլևս թվում էր անհնարին իրականացնելու համար:Երբ դեռ երիտասարդ էր,մտածում էր`միշտ կլինի մի "հաջորդ անգամ",երբ էլ չի լռի,կասի`ինչ է մտածում,կասի`ինչ իրեն դուր չի գալիս ու ինչու չէ կլռեցնի դիմացինին:Բայց ամեն անգամ,երբ բառերը պատրաստ էին թռչել,միտքը մի պահ վարանում էր`իսկ միգուցե սա վերջին անգա~մն է:Երբեք էլ վերջինը չէր լինում,երբեք էլ չէր ընդհատվում անկումը:
     Երբ սկսում ես սահել,էլ կանգնել չկա:Կարող ես միայն ավելի ու ավելի արագ սահել,որ սառույցը չկոտրվի,ու անկումը շուտ ավարտվի: Իսկ երբ ավարտվեց,հասկացավ,որ այդ անկումն իր ամբողջ կյանքն էր,որ երջանկությունը չէր լինելու ինչ-որ անորոշ ապագայում,այլ  ճանապարհի ոլորաններում իրեն ժպտացող աչքերում էր թաքնվել:
    Իսկ ինքը հիմարաբար կարծում էր,թե իրեն ոչ ոք չի հասկանում:Միայն զգում էր,որ վիրավորում են,ցավեցնում,իսկ ընդմիջումներում լիզում էր չսպիացող վերքերը:Պատեպատ էր տալիս իրեն "կարևորը" գտնելու համար,իսկ մարդկային արժեքների հորիզոնը անընդհատ հեռանում էր ու ստիպում նորից սկսել փնտրտուքը:

գրական, cor

Previous post
Up