Mar 17, 2009 21:02
Կար-չկար մի անապատացող մոլորակ, որը գրավել էին ընչաքաղց հողմերը: Այս մոլորակի օազիսները օր-օրի ենթարկվում էին տիրակալ հողմերին ու փոշիանալու գայթակղությամբ տարված՝ դառնում անհրապույր :
Միայն մի օազիս, որքան էլ հարձակումների ենթարկվեր , միեւնույն է, մնում էր անդրդվելի ու որոշ ժամանակ անց, նորից, փթթում էր ու, հենց հողմերի միջոցով էլ, իր սերմերն էր տարածում եւ նոր անհարմարություններ ստեղծում հողների համար:
Բազում առեղծվածներ են շրջում այս օազիսի մասին, դրանցից մեկն էլ այն է, որ սրա տարածքում են խնամքով պահված մոլորակի բոլոր սերմերը : Իսկ հողմերը բնության շնչից ծնված ու անչափ անհրաժեշտ ու սիրելի քամիների մոլորված զավակներն են , որոնք խնամքից հեռու իրենց տեղը չէին գտնում եւ անընդհատ ավելորդ ու ակամայից վտանգավոր իրավիճակներ ստեղծելով՝ անտանելի էին դարձել: Նրանք քշվում էին ամեն տեղից: Վիրավորված որբուկները որոշում են վրեժխնդիր լինել ու նորածիններ են առեւանգում, մանուկների մոգական սուլոցով գայթակղեցնում ու մոլորեցնում, որոնք իրենց պես անխնամք մնալով` իրենց պես էին դառնում ու չարանալով՝ վրեժխնդրությամբ լցվում: Մեծացած վրիժառուները խմբավորվելով՝ հողմերի են վերածվում ու որոշում տիրանալ աշխարհին ու դարձնել միապաղաղ, որտեղ իրենց նման մոլորվածների համար ոչ մի դժվարություն չի լինի…
Բայց այդ անկործան օազիսը այնքան սիրասուն է, որ նրան կործանելուց հետո միշտ հողմերը գժտվում էին, որովհետեւ այնտեղի սիրո շնչով վարակվածները ամպեր գրկող, ծառերի արանքում սուրող, տերեւներ խշշացնող, սերմեր տարածող քամիներ էին ուզում դառնալ:
հայություն,
դրախտավայր