ՖԲ֊ում
կատարածս այս գրառումը մեծ արձագանք ստացավ։
Քանի որ որոշել եմ առանցքային հրապարկումներս պահել նաեւ ԿՄ֊ում, ապա այն զետեղում եմ այստեղ․
Քանի որ «Իրական դպրոց» գնալու թեման քիչ քիչ ավելի արդիական է դառնում, ուզում եմ անկեղծ մի բան ասել։
Անցած տարի ես առաջին անգամ բախվեցի դպրոցների տնօրենների կողմից կազմակերպված լոբբինգին, որը ոչ միայն «Իրական դպրոցին» է վերաբերում, այլ առհասարակ, միջին մասնագիտական ուսուցման հաստատություններին (մեր մեջ ասած քոլեջներին):
Քանի որ դպրոցների բյուջեն ձեւավորվում է աշակերտության քանակով, տնօրեններն իրենց պոստը պահելու համար հաճախ գնում են զավեշտալի քայլերի, որպեսզի հետ պահեն իրենց աշակերտներին ավելի վաղ այլ կրթական հաստատություն գնալու համար մտքից։
Ու այստեղ սկսում են խոսակցություններ, որ դա թերի ուսուցում է, էդտեղ դիպլոմ չեն տալիս(ախ այդ անիծյալ դիպլոմացավը), բան չեն սովորեցնում եւ այլն, եւ այլն։
Իսկ ի՞նչ է կատարվում 10-12-րդ դասարաններում։
Սիրելի ծնողներ, երբեւէ անկեղծ խոսե՞լ եք ձեր երեխաների հետ, թե ինչով են զբաղվում ավագ դպրոցնում։
Սիրելի ուսուցիչներ, իսկ դո՞ւք ինչ կասեք։ Որքանո՞վ է արդյունավետ ձեր դասը բոլոր աշակերտների համար։
Քանի՞ տոկոսն է իսկապես սովորում ավագ դպրոցում։
Ու սա փոխկապակցված հանցագործություն եմ ես համարում։ Քանի որ շատ աշակերտներ պարզապես վատնում են իրենց 3 տարիները, հետո հաճախ եւս 4 տարի բակալավրում (երեխեն պիտի դիպլոմ ունենա կարգախոսով), հետո նոր մտածում որտեղ աշխատեն։
7 տարի, շատերը պարզապես մղում են դեգրադացման իրենց երեխաներին։ Ու կրթական այս համակարգը խժռում է մեր շատ ջահելների ամենալավ տարիները։
Ես հասկանում եմ, որ միջին մասնագիտական հաստատություններն էլ իրենց բարձրության վրա չեն։ Բայց «Իրական դպրոցի», (որը դեռ մեկ տարի է Գորիսում) Երեւանում առաջին շրջանավարտները (4 տարի հետո), ստացել են աշխատանքի առաջարկ տարբեր ընկերությունների կողմից (200-300 հազար դրամ աշխատավարձով):
Սա մի նախագիծ է, որի հենքի վրա պետք է ձեւավորվի Գորիսի տեխնոպարկը, որի հենքի վրա պետք է ձեւավորվեն տասնյակ կազմակերպություններ տեխնոլոգիական ոլորտում։
Շատ բան ունեմ ասելու այս թեմայով։ Այսօր թերեւս այսքանով սահմանափակվեմ։