«Սասնա Ծռեր» էպոսից մինչև ժամանակակիցների երկլեզու ստեղծագործությունները` վիրտուալ գրադարանում
Օգտագործելով Ավիաինֆոտել ՓԲԸ կողմից Մատենադարանում ներդրած տեքստերի մշակման տեխնոլոգիաները` ստեղծվել է վիրտուալ գրադարան, որտեղ զետեղվել է ավելի քան 430 ստեղծագործություն, սկսած հայերեն և ռուսերեն լեզվով Սասնա ծռեր էպոսից, մինչև մեր ժամանակակիցներ Պարույր Սևակի պոեմները և Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունները:
Վիրտուալ գրադարանը ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ավիաինֆոտել ՓԲԸ հետ համագործակցության շրջանակներում և նախատեսվել է Երևանի դպրոցներում տարածելու համար:
Ունենալով հարուստ ընտրանի և ընձեռնելով փնտրման ունիկալ հնարավորություններ, վիրտուալ գրադարանը կարող է օգտակար լինել հայ գրականությանունով հետաքրքրվող ցանկացած մեկին:
«Մատենադարանի ֆոնդի մշակումը տանում է դեպի բազմազան խնդիրների լուծման անհրաժեշտություն և սա առաջին, բայց ոչ վերջին կիրառությունն է այն տեխնոլոգիաների, որոնք Ավիաինֆոտելը ստիպված է ստեղծել Մատենադարանի ֆոնդի մշակման խնդիրների բազմազանությունից ելնելով: Այս վիրտուալ գրադարանը Մատենադարանի հետ մեր առաջին համատեղ նախապատրաստական քայլն է գրաբարի բառարանի ստեղծման ճանապարհին: Տեխնոլոգիան օգնում է գտնելու բառերի կիրառության օրինակներ, հասկանալու համար բառի արմատական և իմաստային նրբությունները և մենք սպասում ենք նաև վիրտուալ գրադարանից օգտվող մասնագետների կարծիքների համակարգի զարգացման այլ ուղղություններ որոշելու նպատակով»- ասում է Ավիաինֆոտել ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Սամվել Մուրադյանը:
Վիրտուալ գրադարանը կարելի է անվճար ստանալ download.menq.am/ հղումից:
http://www.panorama.am/am/culture/2010/04/07/menq-am/