Sep 30, 2009 12:30
Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև նախաստորագրված երկու Արձանագրություններում ներառված կետերի բովանդակության մասին:
Որքանո±վ են դրանք համապատասխանում Հայաստանի, հայության, անգամ, տարածաշրջանի ժողովուրդների շահերին:
Երկու Արձանագրություններում ընդգրկված կետերից միայն մեկն է համապատասխանում Հայաստանի և տարածաշրջանի ժողովուրդների շահերին: Այդ միակ կետի մասին կխոսենք հոդվածի վերջում: Քիչ են այն կետերը, որոնք չեզոք ձևակերպումներ են: Մնացած կետերը նոր պատերազմի, ագրեսիայի, աղետների, նոր ցեղասպանական գործողությունների դռներն են բացում, ինչը նշանակում է, որ Արձանագրությունների բովանդակությունը ամենևին չի համապատասխանում բարձրաձայնվող թեզերին ու սկզբունքներին, այն էª հայ-թուրք հարաբերությունների կարգավորմանը:
Ավելին, սա նոր փորձ է հարաբերությունների իրական կարգավորման հնարավորությունը 1920-1921 թթ. օրինակով սառեցնելու ու վիժեցնելու, խնդիրները կրկին երկար ժամանակով թաքցնելու մինչև նոր` նախապես ծրագրված, հակամարտության հրահրում ու բորբոքում: Այս ամենը արվում է, իրենց կարծիքով, մի կարճ ժամանակի համար անկախության նվաճած Հայաստանին թույլ չտալու` որպես ցեղասպանության հետևանքով բաժան-բաժան եղած հայության միակ ներկայացուցիչ ՄԱԿ-ում, հայության և Հայաստանի իրավունքների հարցերը միջազգային իրավական ատյաններում արծարծելու և լուծումներ պահանջելու համար: Արցախի հարցում այդ հանցավոր գործը կատարեցին Մինսկի խմբի եռանախագահները` 15 տարով հետաձգելով հակամարտության բնական, միջազգայնորեն օրինական և արդարացի լուծումը:
Այս ամենը արվում է, իբրև թե, Հայաստանի ու հայության անվտանգության նկատառումներով: Խայծը կուլ է տվել Հայաստանի քաղաքական վերնախավը: Հերթը Սփյուռքինն է: Այնտեղ էլ առաջին նախանշանները կան: Իսկ տարածաշրջանային իրական անկայունությունն ու խառնակությունը կսկսվի Արձանագրությունները ստորագրելուց անմիջապես հետո, քանի որ Հայաստանի ու Սփյուռքի ձեռքերը կապված կլինեն Արձանագրություններում նենգորեն, օտարի ձեռքով, բայց մեր դիվանագետների հանցավոր համաձայնությամբ ներմուծված բազմաթիվ անընդունելի ու վտանգավոր հանձնառություններով:
Առաջին` “ՀՀ-ի և ԹՀ-ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին” Արձանագրության մեջ, ընդհանուր առմամբ, ինը կետ կա, որոնցից միայն երկուսն են չեզոք ձևակերպում.
“Ձգտելով հաստատել բարիդրացիական հարաբերություններ եւ զարգացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում` ի շահ իրենց ժողովուրդների` համաձայն հարաբերությունների զարգացման մասին նույն օրը ստորագրված Արձանագրության”, ևª
“Հաշվի առնելով երկու երկրների միջեւ` ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը նպաստող, հավատի եւ վստահության միջավայր ստեղծելու, ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից զերծ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգման մթնոլորտ ստեղծելու կարեւորությունը”:
Կետերից մեկում բացահայտված է պատվիրատուն, որը իրենց ձևակերպմամբª Նոր Եվրոպան է, Եվրոմիությունըª տակավին չստեղծված Եվրոպայի Միացյալ Նահանգները, ում համար ստանձնած պարտավորությունները վկայակոչում են ստորագրող կողմերը: ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ ակտը ուշադրություն շեղելու համար են հիշված: Բացի դրանից, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ոչ մի երկիր Նոր Եվրոպայի համար պարտավորություն չի կարող ու չի էլ ստանձնել: Այսինքն, ստանձնում են նոր բան, այն է` ինքնագաղութացում Նոր Եվրոպային, վերահսկիչ ունենալով Թուրքիան:
“Վկայակոչելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, Հելսինկյան Եզրափակիչ ակտով, Նոր Եվրոպայի համար Փարիզյան խարտիայով իրենց ստանձնած պարտավորությունները”:
Այսքանը: Մնացած վեց կետերը կամ պարունակում են վտանգներ, կամ ամբողջովին անընդունելի ձևակերպումներ են: Մեջբերենք դրանք և ընթերցողի համար ընդգծենք վտանգներ պարունակող կամ լիովին անընդունելի մասերը.
“Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ եւ բազմակողմ պարտավորությունները,
Վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով, (Միջազգային իրավունքը արգելում է ՀՀ-ին, կամ մեկ այլ պետության, բռնազավթված տարածքն ու դրանով առաջացած սահմանը ճանաչել-”Ուխտ Արարատի”)
Կարեւորելով իրենց որոշումը` բացելու ընդհանուր սահմանը, (Միջազգայնորեն օրինական է և կարելի է բացել Արևմտյան Հայաստան - Թուրքիա արևմտյան եզրագծով սահմանը-”Ուխտ Արարատի”)
Հաստատելով իրենց հանձնառությունը` ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց, (Սա ՄԱԿ-ի սկզբունքներով հաստատված պարտավորություն է, որը այստեղ ավելորդ էր գրել-”Ուխտ Արարատի”)
Դատապարտելով ահաբեկչության, բռնության եւ ծայրահեղականության բոլոր ձեւերը` անկախ դրանց պատճառներից եւ խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց եւ համագործակցել դրանց դեմ պայքարում, (Սա Մոսկվայի ու Կարսի պայմանագրերում կրկնվող կետն է, որի ազդեցությունը տեսել ենք ՀՍՍՀ-ում` 1921-1991 թթ.-”Ուխտ Արարատի”)
Հաստատելով ընդհանուր շահերի, բարի կամքի, փոխընբռնման, խաղաղության եւ ներդաշնակության խթանման վրա հիմնված հարաբերությունների նոր ձեւեր եւ ուղիներ մշակելու իրենց պատրաստակամությունը”: (Խոսքը Նոր Եվրոպայի համար ինքնագաղութացման նոր ձևերի մասին է հաստատ-”Ուխտ Արարատի”)
Ստորև ներկայացված կետերը հետագայում դեռ քննության կենթարկենք, ինչպես դա արել ենք “Դատապարտելով ահաբեկչությունը…” կետի առիթով(1) : Հիմա կրկին սևեռվենք Արձանագրությունների ընդհանուր բովանդակության վրա:
Ավելի բարվոք չէ վիճակը “ՀՀ-ի և ԹՀ-ի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին” երկրորդ Արձանագրության պարունակության պարագայում:
Քննության նույն տարբերակը կիրառենք այստեղ: Նկատենք, որ այստեղ ևս չեզոք ձևակերպումով կետերը քիչ են, իսկ անհասկանալի ձևակերպումներից մեկը կարդում ենք հենց վերնագրում. “երկկողմ հարաբերությունների զարգացման մասին”: Ազնվորեն է գրված. թշնամական հարաբերությունները զարգացնելու մասին է խոսքը… Այլապես, անհնար է պատկերացնել, որ Հայաստանի և հայության նկատմամբ մշտապես թշնամական քաղաքականություն որդեգրած Թուրքիայի Հանրապետությունը անկեղծ ու անաչառ իրագործելու է հետևյալ ձևակերպումների պահանջները, որոնք իրագործման և արդյունավետության տեսակետից կասկածելի, ուստի և վտանգավոր ձևակերպումներ են.
“Նկատի ունենալով վստահության եւ երկկողմ շահերի հարգման…,
Որոշելով զարգացնել եւ խորացնել իրենց երկկողմ հարաբերությունները…,
Աջակցելով երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը…,
Հաշվի առնելով երկու պետությունների ընդհանուր նպատակը` համագործակցելու տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ…,
Վերահաստատելով իրենց պատրաստակամությունը ակտիվորեն սատարելու միջազգային հանրության գործողություններին` ընդդեմ տարածաշրջանում եւ աշխարհում անվտանգության եւ կայունության դեմ առկա սպառնալիքների…”
Դրանց հաջորդող կետերը ներկայացնելիս կրկին ընդգծում ենք վիճահարույց ձևակերպումները.
1. Համաձայնեցին բացել ընդհանուր սահմանը սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում,
2. Համաձայնեցին նաեւ - երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ պարբերաբար անցկացնել քաղաքական խորհրդատվություններ,
-իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար,
-առավելագույնս օգտագործել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ճանապարհային, հաղորդակցության, էներգետիկ ենթակառուցվածքներն ու ցանցերը եւ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ,
-զարգացնել երկկողմ իրավապայմանագրային դաշտը` երկու երկրների միջեւ համագործակցությունը խթանելու նպատակով,
-համագործակցել գիտության եւ կրթության ոլորտներում` համապատասխան հաստատությունների միջեւ հարաբերությունների խրախուսման եւ մասնագետների ու ուսանողների փոխանակումը խթանելու միջոցով, եւ աշխատանք տանել երկու կողմերի մշակութային ժառանգության պահպանման եւ համատեղ մշակութային ծրագրեր իրագործելու նպատակով,
-համագործակցություն հաստատել հյուպատոսական բնագավառում` Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի 1963թ. կոնվենցիայի համաձայն` երկու երկրների քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ապահովելու նպատակով,
-ձեռնարկել կոնկրետ միջոցներ երկու երկրների միջեւ առեւտուրը, զբոսաշրջությունը եւ տնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով,
-երկխոսություն ծավալել եւ ամրապնդել համագործակցությունը բնապահպանական հարցերում,
3. Համաձայնեցին ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողով, որը կունենա առանձին ենթահանձնաժողովներ` սույն Արձանագրության վերը նշված երկրորդ գործառութային պարբերության հանձնառությունների անմիջական իրագործման նպատակով…
Ըստ անհրաժեշտության, միջազգային փորձագետները կմասնակցեն ենթահանձնաժողովների աշխատանքներին:
Մենք լուրջ կասկածներ ունենք, որ հենց միջազգային փորձագետների օգնությամբ են կազմվել այս Արձանագրությունները, ուրեմն կարելի է ենթադրել թե` ինչպիսի¯ վիճահարույց և անընդունելի ձևակերպումներ տեղ կգտնեն այս Արձանագրությունների հիման վրա կազմված երկկողմ Պայմանագրի տեքստում, եթե իրենց հաջողվի այս ծրագիրը մինչև վերջ իրականացնել:
Հիմա Արձանագրությունների երկրորդ փաթեթում տեղ գտած մի ձևակերպման մասին.
“Վերահաստատելով իրենց հանձնառությունը տարածաշրջանային եւ միջազգային վեճերի եւ հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա”:
Հիշենք, որ այս կետը տեղադրված է երկրորդª “Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին”, Արձանագրության նախաբանումª հանձնառությունների չորրորդ շարքում:
Միամտություն կլինի կարծել, թե թուրքերը չեն նկատել այս կետի պարունակած ուժականությունը: Անշուշտ նկատել են, սակայն այն ամենից հետո, ինչ երկու կողմերին, բայց մասնավորապես, հակական կողմին պարտադրում է Արձանագությունների ընդհանուր փաթեթը, սա արդեն անտեղի ու ավելորդ ձևակերպում է դառնում: Այս փաստն էլ ցույց է տալիս, որ Արձանագրությունների ստորագրման նպատակը բարիդրացիական հարաբերությունների զարգացումը չէ, հարաբերությունների կարգավորումը չէ, եղած խնդիրներին իրական, օրինական և ընդունելի լուծումներ գտնելը չէ, այլապես կողմերը պետք է սկսեին այնտեղից, որտեղից պետք էր սկսել, այսինքնª հենցª
“Վերահաստատելով իրենց հանձնառությունը տարածաշրջանային եւ միջազգային վեճերի եւ հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա”:
Իսկ “տարածաշրջանային եւ միջազգային վեճերի եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման” նպատակովª միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի հիման վրա, որոշումներ կայացնելու պարտավորությունն ու իրավունքը ՄԱԿ-ի Միջազգային դատարանինն է, որի համար, սակայն, Հայաստան պետությունը, նախ և առաջ, պետք է դիմեր դատարան… Եվ հենց սա է հայ-թուրք հարաբերությունների կարգավորման միակ ուղին: Եվրոպան արդեն 120 տարիª 1887-ի Բեռլինի վեհաժողովից սկսած, “կարգավորում է” հայ-թուրք հարաբերությունները, որոնց հետևանքներն են եղել Հայոց կոտորածները, Ցեղասպանությունը, բռնագաղթը, հայկական տարածքների 1/10-րդի բռնազավթումը և, ի վերջո, հայ-թուրք կայուն թշնամանքի սերմանումն ու հաստատումը:
Եվրո նոր կարգավորմանը պետք է ասել վճռական “ո'չ” և ապավինել միջազգային գործընթացում ընդունված, հաստատված և շուրջ հարյուրամյա փորձով արդարացված ուղիներին ու ճանապարհներին:
Մնացած ճանապարհները տանում են Հռոմ, այսինքնª դեպի Նեոստրկատիրություն:
Թող տարօրինակ չհնչի, բայց թուրքերի ու նրա քաղաքական վերնախավի շահերից էլ է բխում ընտրել օրինականության ճանապարհը, որովհետև մյուս ճանապարհն այն է, ինչն արդեն մեկ անգամ անցել են երիտթուրք պարագլուխները, օսմանյան կայսրությունը, օսմանցի թուրքերը, որի հետևանքները այն ժամանակների քաղաքական վերնախավի, կայսրության ու թուրքերի համար նույնպես ակնհայտ է, որքան էլ փորձեն մեծ անկումը, փլուզումն ու պարտությունըª իբրև հաղթանակ ներկայացնել ժամանակակից Թուրքիայում:
Իսկ հայության ու Հայաստանի համար օրինականության ուղին միակ ուղին է, լիովին համահունչ մեր ազգային ու պետական, ազգային ու համամարդկային կարգ ու կանոնի, խաղաղության և խաղաղ համակեցության իդեալներին, հավատամքին, շահերին:
Թող չպարտադրեն մեզ նոր Սարդարապատ(2) , մեր ժողովուրդը այստեղ էլ է հաղթելու:
“Ուխտ Արարատի”, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն
29 սեպտեմբերի, 2009թ.
1Տե°ս, Բաց նամակª ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանյանին, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև Շվեյցարիայի միջնորդությամբ նախաստորագրված արձանագրություններում ահաբեկչությանը վերաբերող կետի ձևակերպման կապակցությամբ: /24 սեպտեմբերի, 2009թ., www.oukhtararati.com, “Հայտարարություններ” բաժնում/:
2Ժամանակին, երբ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության համար նոր հիմն ընտրելու հարցըª մենք մտածում էինք, որ դա կարող է լինել “Սարդարապատը”ª խոսք Պարույր Սևակի, երաժշտությունըª Էդգար Հովհաննիսյանի, որ սկսվում է այսպես. “Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար…”: Հիմա, ավելի քան համոզված ենք, որ դա միա°կ տարբերակն էր և է, այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և կայունություն, խաղաղություն ու խաղաղ համակեցություն չի հաստատվել տարածաշրջանում: Դրանից հետո միայն “Սարդարապատը” կարող էր դառնալ Հայոց բանակի հիմնը, իսկ Հայաստանի հիմնը` Արամ Խաչատրյանինը: Հիմա հասկանալի է, թե ինչու ամեն բան այլ կերպ դասավորեցին…
ԱՍԱԼԱ,
Ուխտ Արարատի,
Հայ Թուրքական հարաբերություններ,
Եվրոմիություն