Ազգային վերածնության մեծ կոչը

Feb 13, 2010 15:06

Հայկական գրի ու գրականության մեծ տոնը հայությունը հավերժացնում է երկու ֆոնդով― դպրոցական և գրական։
Դպրոցական ֆոնդի հիմքը իր անձնական մի քանի հազար ռուբլով դրել է հանգ<ուցյալ> Իզմիրլյան կաթողիկոսը, իսկ գրական ֆոնդի խնդիրը մի քսան տարի առաջ առաջադրեց Թիֆլիսի ինտելիգենցիան ու մի քանի անգամ փորձ արավ իրագործելու, բայց անկարելի եղավ մինչև անցյալ տարի։
Անցյալ տարի երկուսն էլ, մինը Էջմիածնի, մյուսը Թիֆլիսի [ էջ ]հոբելյանական հանձնաժողովի նախաձեռնությամբ հաստատվեցին ու կյանք առան։
Մեր ազգային֊կուլտուրական հառաջադիմաթյան համար երկուսի կարևորությունն ու մեծությունն էլ էսօր դժար թե կարողանանք չափել ու որոշել։
Երևակայեցեք թե հայ ազգը ճշմարիտ որ բռնկի էդ լուսավոր գործերի սիրով և Կովկասից մինչև Եգիպտոս ու Ամերիկա, Եվրոպայից մինչև Պարսկաստան ու Հնդկաստան ամեն մի գիտակից հայ վեր կենա էդ օրը իր զգացմունքն ու լուման մեջ բեր[ի]՝ դնելու իր ազգի վերածնության մեծ գործի վրա։
Անխորտակելի ու անսասան կապահովվի մեր ազգային ինքնուրույնությունը աշխարհքում ու ազգերի շարքում։
Ունենալ հարուստ, ապահով դպրոցներ և ուժեղ գրականություն― կնշանակի ամուր ու պատվավոր կանգնել լուսավոր ազգերի շարքում։ Եվ գոնե ես խորապես հավատում եմ հայի էդ կուլտուրական ուժին. մենք կարող ենք էդպես լինել և պետք է լինենք։ Դրա հետ միասին էս տոնն էլ էնքան մեծ առիթ է ու ներկա հանգամանքներն էլ էնքան նպաստավոր, որ հաջողությանը կասկածելու ոչ մի պատճառ չկա։
Չէ՞ որ մենք գանգատվել ենք, թե մեզ հնարավորություն չեն տալիս. ահա և պատշաճ օրը և ամեն իրավունք ու ազատություն։
Վեհափառ կաթողիկոսի հսկողության ու հովանավորության տակ են հայոց դպրոցները, դպրոցական ֆոնդի իրավունքն էլ տված է նրան և գտնվում է նրա հսկողության տակ, իսկ գրականությունը, որ ոչ ոքի հովանավորության տակ չի և չի էլ կարող լինել, ունի իր ազատ ու անկախ Ընկերությունը օրինավոր կանոնադրությունով և իր առանձին ֆոնդը։ Գումար հատկացնողները առաջուց պետք է որոշեն ու նշանակեն, թե ինչքան են հատկացնում որին― դպրոցին և գրականությանը― երկուսը միասին մեր ազգային վերածնությանը։
Իսրայելի մարգարեն երբեմն մարգարեանամ է իր ժողովրդի ցրված ու ցամաքած ոսկորների վրա, կենդանության շունչ էր կանչում նրանց վրա, և չոր ոսկորները մարմին ու շունչ էին առնում, [ էջ ]ու նորից երկրում կանգնում էր նորոգված Իսրայելի ժողովուրդը։
Մեր ժողովրդից էլ երկար դարերի տառապանքից ու տանջանքից հետո թեև գրեթե ոսկորն է մնացել ցրված աշխարհքի երեսովը մին, բայց մեր ոսկորն էլ էն ոսկրիցն է, որ ընդունակ է կյանք ու շունչ առնելու ու վերկենալու մարգարեական ձայնի վրա։ Եվ ահա մեզ էլ էսօր կանչում է մեզ գիր ու գրականություն տվողների Սահակ―Մեսրոպի ու նրանց հոգեշունչ հետնորդների, մեր բազմաթիվ հոյակապ ուսուցիչների ու գրողների միահամուռ մարգարեական ձայնը։ Եզեկիելի ձայնի նման,― «Եւ տաց զոգի իմ ի ձեզ, և լինիջիք կենդանի, և եդից զձեզ երկրի ձերում»․․․
Եվ ամեն մի հայ պիտի լսի էս մարգարեական ձայնը հայոց գրի ու գրականության մեծ տոնի օրը ու պիտի թնդա էս ձայնից։
1913

Ազգային գաղափարախօսութիւն, հոդվածներ, ինքնաճանաչողություն, Հովհաննես Թումանյան

Previous post Next post
Up