Վերջին իրադարձությունների հետ կապված "Ուխտ Արարատի"-ի տարածած հայտարարություն

Sep 02, 2009 17:37

Հայտարարություն

(Թիվ 10)

Մեծ ութնյակի համաժողովում 2009-ի հուլիսի 14-ին Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի, Նիկոլա Սարկոզիի, Դմիտրի Մեդվեդևի ընդունած հայտարարության և Ծաղկաձորում Մեթյու Բրայզայի հայտարարությունների կապակցությամբ

Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը և արդեն իսկ մասնակի գաղտնազերծված Մադրիդյան սկզբունքները ամենևին չեն նպաստում խաղաղության պահպանմանը տարածաշրջանում: Իսկ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի, ինչպես նաև Արևմուտքի այլ պաշտոնատար անձանց հայտարարությունները՝ ոչ այլ ինչ են, քան պատերազմի քարոզչություն: Դրանք նոր չեն, ըստ էության՝ շարունակությունն են ԱՄՆ Զինված ուժերի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի[1], ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի դասախոս Ստեֆան Բլանկի[2], ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի[3], ԱՄՆ նախկին պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդի[4], ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մարկ Գրոսմանի[5], ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզայի[6], ԵԽԽՎ քարտուղար Թերի Դևիսի[7] և արևմտյան այլ պաշտոնյաների, իսկ այլ կերպ ասած, ԱՄՆ պետքարտուղարության և Իսրայել-ԵՄ ալյանսի կողմից Կովկասում իրականացվող հակահայ` ագրեսիվ-հարձակողական քաղաքականության: Ստացվում է, որ Մեթյու Բրայզան մոռացել է Մինսկի համանախագահների խմբում իր կատարելիք առաքելությունը, իսկ դա, առաջին հերթին, նոր պատերազմը կանխարգելելն է, իրական խաղաղության հաստատմանը նպաստելը: Քանի որ դա չի կարելի դիտել որպես Մինսկի խմբի համանախագահների ընդհանուր կարծիք-հայտարարություն, ուստի դժվարանում ենք հստակ պատասխանել. դա Մեթյու Բրայզայի անձնական նախաձեռնությո՞ւնն է, թե՞ իր երկրի իշխանությունների հանձնարարությունը:

Ակնհայտ է մի բան, արված հայտարարությունները նպատակ ունեն հրահրել Ադրբեջանին սկսելու նոր ագրեսիա ԼՂՀ-ի ու ՀՀ-ի դեմ: Այդ կերպ եռյակը` ութնյակի հովնավորությամբ, նաև

ա) ճնշում է գործադրում ՀՀ իշխանությունների վրա,

բ) փորձում է վախեցնել հայությանը,

գ) ինչպես և՝ շանտաժի է ենթարկում ԼՂՀ իշխանություններին, իբր թե` իրենք են մեղավոր լինելու առաջիկայում Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման համար:

Սխալ կլիներ կարծել, թե նրանք տեղյակ չեն, որ պատերազմի քարոզչությունը, ինչպես և այն հրահրելն ու ագեսորին սատարելը պատասխանատվության ենթակա հանցագործություն է ոչ միայն միջազգային, այլև ներպետական իրավական դաշտում: Այսօրինակ ամբարտավանությունը, անպատժելիության ինքնավստահությունը պայմանավորված է, անշուշտ, աշխարհի մեծ և փոքր երկրների ու ժողովուրդների ճակատագիրը, նրանց ներկան ու ապագան, նրանց լինել-չլինելու որոշումները ըստ իրենց կարիքների՝ հանցագործ համաձայնությամբ, իրականացնելու Մեծ ութնյակի մտայնությամբ, իրենց իսկ կողմից իրենց վերապահված իրավունքով: Չէ որ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները հրահրող այդ նույն գերտերությունները այդպես էլ չկանգնեցին դատարանի առաջ. պատասխանատվություն կրեցին միայն պարտվողները, որ հետո կրկին նույն հաղթողների օգնությամբ դառնան գերտերություններ և մասնակից լինեն լոկալ ու գլոբալ նոր պատերազմների հրահրմանն ու սանձազերծմանը:

Թե՛ Մադրիդյան կետերը, թե՛ Մինսկի համանախագահ երկրների ղեկավարների ու Բրայզայի հայտարարությունները հիշեցնում են իրավա-քաղաքական հարցադրումները մերժող, Սումգայիթյան ոճրագործությունը հրահրելու գորբաչովյան իշխանությունների 1988-ին վարած քաղաքականությունը: Դա էր, որ կազմակերպեց, բորբոքեց ու սանձազերծեց ադրբեջանական ամբոխի ու հանցագործ տարրի, այսպես կոչված, ազգայնամոլական տրամադրություններն ու հանցագործ հարձակումները Սովետական Ադրբեջանի քաղաքացի հայ բնակչության վրա: Հենց այդ նույն օրերին Մեծ յոթնյակի երկրների քաղաքական պատվերով ու հովանավորությամբ հրահրվեցին պատերազմները Կովկասում. Վրաստանի ագրեսիան Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ, Ադրբեջանի ագրեսիան ԼՂՀ-ի և ՀՀ-ի դեմ, որի ելքը` Ադրբեջանի պարտությունը չէր բավարարում այդ նույն տերությունների ակնկալիքներին ու հաշվարկներին:

Ահա թե ինչու, 1994-ին պարտադրվեց հրադադար, որպեսզի կանխվի Ադրբեջանի կապիտուլյացիան` չլինի պատերազմի ռազմա-քաղաքական, իրավական հանգուցալուծում: Որպեսզի չլինի խաղաղություն, որպեսզի հակամարտությունը սառեցվի մինչ այն պահը, երբ ՆԱՏՕ-ն որպես համաշխարհային զինուժ` իր մայրցամաքային բանակով, պատրաստ լինի ներխուժելու Կովկաս, «մշտական բնակության» տեղակայվելու կովկասյան երեք հանրապետությունների տարածքներում: Կովկասը զավթելու ՆԱՏՕ-ի ծրագրերին է ծառայեցվում նաև Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը շրջանցելու, հանցագործին պատասխանատվությունից ազատելու, ցեղասպանության հետևանքները վերացնելու միջազգային - իրավական պարտավորությունները մոռացության պարտադրելու եվրո-ամերիկյան ռազմա-քաղաքական քայլերը: Այդ ամենը ներկայացվում է որպես հայ-թուրքական ինչ-ինչ հարբերությունների կարգավորման եվրո-ամերիկյան «մտահոգություն» ու դրանով պայմանավորված նախկին ԽՍՀՄ-Թուրքիա սահմանի բացման, ՀՀ - Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման (ասել է թե ՀՀ-ում և ԼՂՀ-ում թուրքերի, քրդերի և այլոց համար անարգել մուտք ու ելքի և անվերահսկելի գործողությունների հնարավորությունների տրամադրման) եվրո-ամերիկյան հարկադրանք: Չհարցնելով իսկ Հայությանն ու միջազգային իրավունքին, ուզո՞ւմ է արդյոք Հայությունը, և կարո՞ղ է արդյոք միջազգային իրավունքը առկա իրողությունում թույլ տալ ՀՀ-ի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում, բաց սահմաններ, ճանապարհներ, երբ ՄԱԿ-ի (միջազգային հանրության) կողմից չի դատապարտվել Հայոց ցեղասպանությունը, չեն վերացվել ցեղասպանության հետևանքները… Չէ՞ որ դա իրավական տերմինաբանությամբ կոչվում է՝ մարդկության դեմ իրականացված հանցագործության արդարացում, նոր ցեղասպանության քարոզչություն: Համոզված ենք, լավ գիտեն, հստակ գիտակցում են իրենց նախաձեռնաց հանցագործ քայլերի հետևանքները: Բայց կրկին նույն, արդեն չարչրկված, մարդկության դեմ կիրարկվող՝ «Ուժն է տալիս իրավունք» հանցագործ մտայնության ու մոլագարության ակնկալիքներն են, որ մթագնում են նրանց գիտակցությունն ու բանականությունը:

Սակայն Ճշմարտությունը մեկն է:

Այսպես կոչված, գլոբալացման միջազգային ռազմա-քաղաքական առկա, աներևույթ թվացող խառնաշփոթ իրողությունում կա մեկ ճշմարտություն. Եվրոմիության կոմիսարներն ու ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաները պետք է ազնվորեն խոստովանեն, որ իրենք նեղմ ասած «թքած ունեն» միջազգային իրավունքի, համաշխարհային խաղաղության և համամարդկային խաղաղ համակեցության վրա, քանզի նպատակ ունեն նվաճել աշխարհը և ստրկացնել մարդկությունը… Այսինքն, փորձել իրագործել այն, ինչը չհաջողվեց գերմանական ֆաշիզմին: Ի դեպ, առնվազն ազնվության առումով հարգանքի է արժանի հենց ֆաշիզմն ու Հիտլերը, քանի որ անում էին այն, ինչը կանխավ` ազնվորեն ասում էին. կամավոր ստրկանալու կամ չստրկանալու համար պայքարելու ընտրության իրավունքը թողնելով թիրախ ընտրված երկրների ղեկավարներին ու ժողովուրդներին:

Ռազմա-քաղաքական նոր ագրեսիվ ծավալումների և ժամանակակից արկածախնդրությունների պահը, կարծես, կրկին հասունացել է: Հենց դա է, որ որպես ՆԱՏՕ-ի նոր կուրս հայտարարեց դաշինքի նորանշանակ ղեկավար Ռասմունսենը: ՆԱՏՕ-ի մայրցամաքային ռազմակայանների տեղաբաշխման սկզբունքների ու ծրագրերի մասին ահազանգել ենք բազմիցս, հիմա հիշեցնենք միայն նրա տեղակայման վայրերը. Աֆրիկա մայրցամաքում` Կոնգո, Եվրոպայում` Կոսովո, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների ծովային հսկողությունում` Կարիբյան կղզիներ, ցամաքայիններում` Կոլումբիա, Հոնդուրաս: Իսկ Եվրոպան Ասիային ու Հյուսիսը Հարավին կապող միջմայրցամքային խաչմերուկում` Կովկասում, ՆԱՏՕ-ի բանակը դեռևս տեղակայվելու է Հարավային Կովկասի երեք երկրների տարածքներում. Հյուսիսայինը դեռ «պատրաստ» չէ դրան: Ըստ այդմ, նույն այդ վայրերի բնակչությունը` ադրբեջանցիները, վրացիները, հայերը այլ դեր չեն ունենալու, քան սպասարկելու ՆԱՏՕ-յական զինուժի կարիքները: Նախագահ Սահակաշվիլին վաղուց տվել է իր համաձայնությունը, որն էլ հենց Վրաստանի «անկախության» գինն է: Նախագահ Ալիևը գնում է դրան և միապետական երկրի վերածած Ադրբեջանը տանում է ինքնաստրկացման նույն այդ ճանապարհով: Արևմուտքի համար գլխավոր գլխացավանք ու արգելք մնում է հայությունը, որը երբևէ չի ցանկացել ստրկանալ: Այդ հարցն էլ ծրագրել են լուծել խաղաղ էքսպանսիայի հայտնի մեթոդով. մեր երկրում ժողովրդագրական պատկերը փոխել այնպես, որ ՀՀ-ում և ԼՂՀ-ում մնացած հայերը վերածվեն ամենափոքր համայնք ներկայացնող ազգային փոքրամասնության:

Նախատեսված էր, որ ՆԱՏՕ-ի ներխուժումն ու տեղակայումը Կովկասում պետք է իրականացվեր 2008-ի աշնանը, որպեսզի հաջորդ տարի ՆԱՏՕ-ի նորանշանակ ղեկավարը պատասխանատու չլիներ իր նախորդի կատարած հանցագործությունների համար և «մաքուր» խղճով հայտարարեր ՆԱՏՕ-ի համաշխարհային ծավալման գնացող «ժողովրդավարության տարածման» ծրագրերի մասին: Սահակաշվիլին սակայն չարդարացրեց իրեն վստահված գործը: Հարավային Օսիայի նկատմամբ ագրեսիան կասեցվեց առաջին իսկ օրվա ընթացքում, այն էլ այնպես, որ արևմտյան պատրաստություն անցած վրացական կոչվող բանակը չհասցրեց անգամ երկրորդ քայլն անել, սկսել հարձակումը Աբխազիայի վրա: Պարզ էր և իմաստազուրկ, անգամ վտանգավոր, որ Ադրբեջանը կատարեր ՆԱՏՕ-ի ծրագրած երրորդ քայլը, այն է` իր հերթին հարձակվեր ԼՂՀ-ի ու ՀՀ-ի վրա:

2009-ի սեպտեմբերին Կովկասի վրա շատ իրադարձություններ են կուտակվում. Կուտակվում են նաև ընդհանուր տրամաբանությանը ենթակա այլ տարածաշրջաններում. Իսրայել հարևաններ` Պաղեստին, Սիրիա, Լիբանան լարվածություն, բզկտված ու արյունաքամ Իրաք, Իրան՝ ներքին լարվածության և միջուկային արտաքին հարվածի սպառնալիքով, ԼՂՀ հակամարտություն` «թարմացված» Մադրիդյան սկզբունքների սադրանքով, հայ-թուրքական «եվրո-ֆուտբոլային դիվանագիտության» շարունակություն, Թուրքիայում` քրդական գործոնի ու պետության եվրո-ձևավորում, Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան լարվածություն, ռուս-ուկրաինական առճակատում, Չինաստանում և նրա շրջակայքում ազգայնական տրամադրությունների հրահրում, Հյուսիային Կորեայի միջուկային թղթածրար… Ակնհայտ է մի բան, որ թվարկված ու չթվարկված այս ամենը, անշուշտ, ՆԱՏՕ-ի առաջխաղացման, իրականում Երրորդ համաշխարհային պատերազմի հրահրման ընդհանուր խճանկարն է: Ակնհայտ է նաև լոկալ և գլոբալ պատերազմների հրահրման նոր գործողությունների ակտիվացումը, իսկ դրանք իրականացվում են գերտերությունների, ինչ-ինչ վերլուծաբանների և էմիսարների, հետո արդեն կոմիսարների ու երկրների ղեկավարների կողմից ագրեսիայի կամ պատերազմի քարոզչություն կատարելու, հրահրելու և դրանց սատարելու միջոցով:

Հաշվի առնելով 2008-ի վրաց-օսական պատերազմի դասերը և հիշելով, որ դրան նախորդեց ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի այն հայտարարությունը, թե՝ «ԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը», այսօր նկատելի է, որ նույն միջոցին է դիմում ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մարկ Գրոսմանը, երբ հայտարարում է. «ԱՄՆ-ը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Իսկ որպեսզի հետագայում ԱՄՆ պետաքարտուղարությանը չմեղադրեն պատերազմ հրահրելու մեջ, Գրոսմանը դիմում է հայտնի աճպարարության՝ հայտարարելով. «Ադրբեջանը չպետք է հույս ունենա, թե Արևմուտքը կամ ԱՄՆ-ը կլուծեն հայ-ադրբեջանական, լեռնայինղարաբաղյան[8] հակամարտությունը»: Ասել է թե, Ադբեջանը կարող է սկսել ռազմական գործողությունները, իբր առանց հարցնելու արևմուտքին ու ԱՄՆ-ին, դե իսկ փաստի առաջ կանգնած արևմուտքն ու ԱՄՆ-ը ստիպված են լինելու պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ամբողջ Կովկասում իրավիճակը սպառնալից է, հղի է վտանգներով: Այն կանխարգելելու միջոցը մեկն է. պատրաստ լինել դիմագրավելու ագրեսիան ու, ըստ այդմ, ծրագրվող աղետները: Ուստի կարծում ենք, որ ՀՀ իշխանությունները այլևս հույսեր չպետք է կապեն բանակցային գործընթացի եվրո-խաղերի հետ: Պետք է լրջորեն զբաղվել ազգային-պետական համապարփակ ինքնապաշտպանության նորովի կազմակերպման խնդիրներով, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական և թե՛ դիվանագիտական դաշտերում: Նաև չխոչընդոտել ՀՀ-ում, ԼՂՀ-ում և Սփյուռքում Հայոց աշխարհազորի ինքնաձևավորման ու մարտունակության բարձրացման գործին:

Ինչ վերաբերում է պատերազմի կանխարգելման սկզբնառու քայլին, ապա ոչ պակաս կարևորություն ունի այն հրահրողներին կանխավ` մինչև պատերազմի սկիզբը, պատասխանատվության կանչելու խնդիրը. ասել է թե՝ համաձայն ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի, ՀՀ դատական մարմիններում պատասխանատվության կանչելու պատերազմի քարոզիչ պաշտոնյաներին՝ Հայաստանի դեմ պատերազմ հրահրելու, ադրբեջանցիներին ոգևորելու և ագրեսիայի մղելու, պատերազմական հանցագործներին սատարելու իրենց հրապարակային գործունեության համար: Ինչ վերաբերում է ՀՀ-ի և ԼՂՀ-ի նկատմամբ Մեծ ութնյակի երկրների նախագահների վարած արտաքին քաղաքականությանը, ապա ակնհայտ է, որ դա նախ և առաջ պետք է դատապարտի ՀՀ Ազգային ժողովը, իսկ երկրների պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու հարցը կմնա իրենց երկրների օրենսդիրների ու դատական ատյանների վրա, եթե պարզվի, որ դա անձնական ակնկալիքներով պայմանավորված նախաձեռնություն է և ոչ թե իրենց երկրների ու ժողովուրդների իրական շահերից բխող, նաև համընդհանուր խաղաղությանը նպաստող արտաքին քաղաքականություն:

«Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն

18 հուլիս - 28 օգոստոս, 2009 թ.

6

[1] ԱՄՆ բանակի պահեստի սպա Ռալֆ Պիտերս, «Միջին արևելքի նոր քարտեզը ըստ արյունակցկան կապերի և հավատի նմանությունների», «Ազգ», օրաթերթ, 25.08.2006թ.: «Ուխտ Արարատի», թիվ 4/10, 2006, էջ 1-4:

[2] ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի դասախոս Ստեֆան Բլանկ, «Քրդական հարցը և Լեռնային Ղարաբաղը»,: Eurasianet http://www.warandpeace.ru/ru/analysis/view/23757/

[3] ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայս. «ԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ կողմնակից է աբխազական եւ հարավօսական հակամարտությունների խաղաղ կարգավորմանը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»: («Ազգ» օրաթերթ, 11-ը հուլիսի, 2008թ.)

[4] ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդ. «Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա սահմանը եւ կառուցողական արձագանք տալ Թուրքիայի հնարավոր ջանքերին: Հայաստանը պետք է հայտարարի, որ ժամանակակից Թուրքիայի նկատմամբ հողային որեւէ պահանջ չունի: Միաժամանակ անհրաժեշտ է Թուրքիայի առերեսումը սեփական պատմության մութ էջերի հետ, որքան էլ դա դժվար լինի»: («Ազգ», Հ. Չ., 20-ը հունիսի, 2008թ.)

[5] ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մարկ Գրոսման. «ԱՄՆ-ը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: (24 օգոստոս, Արմենպրես)

[6] ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզա. «Մեզ համար կարեւոր է հիշեցնել՝ որոնք են մեր նպատակներն ու քաղաքականությունը: Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հանդիսանում է բանակցությունների առարկա»: 15.03.2008, /PanARMENIAN.Net/

[7] ԵԽԽՎ Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի այցը Հայաստան: Ստիպված էինք նկատել, որ Թերի Դեւիսն իր ելույթներում Ղարաբաղի, թեկուզ չճանաչված, ղեկավարությանը կոչում է «ռեժիմ» մինչդեռ այդ բառը երբեք չի օգտագործում Կոսովոյի վերաբերմամբ: Մի՞թե գործ ունենք երկակի ստանդարտների հետ. ինչո՞վ է տարբերվում Կոսովոյի ալբանացիների ինքնորոշման իրավունքը Ղարաբաղի հայերի իրավունքից: «ՀՀ»-ի այս հարցին ի պատասխան` եվրոպացի պաշտոնյան ներկայացրեց իր մոտեցման հիմքերը, որոնք ամրապնդեցին երկակի ստանդարտների մասին մեր պատկերացումները. «Կոսովոյի ու ԼՂ-ի միջեւ կա մեծ տարբերություն: Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելությունն է եւ KFOR-ը, որում Եվրամիության զինվորներն են: Կոսովոյում չկա անջատողական ռեժիմ: Իհարկե, ես իրատես եմ, հասկանում եմ, որ Կոսովոյում ոմանք ցանկանում են անջատվել Սերբիայից, բայց դա կառավարությունը չէ: Այնտեղ ռեժիմ չէ, այլ ավանդական կառավարություն, որը հիմնված է ՄԱԿ-ի բանաձեւի վրա», - ասաց ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը` նորից ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Աբխազիայի, Մերձդնեստրի իշխանություններին կոչելով անջատողականներ: («Ազգ» օրաթերթ, 2008)

[8] ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մարկ Գրոսմանը լավ գիտէ, որ Արցախը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դա Դաշտային Ղարաբաղի և Լեռնային Ղարաբաղի ամբողջությունն է և հենց դա էլ նա ցանկացել է տարանջատել ու ընդգծել:

Կովկասյան Տարածաշրջան, Պատերազմ, ՆԱՏՕ, Հայ Թուրքական հարաբերություններ, Ղարաբաղյան Հակամարտություն, Եվրոմիություն

Previous post Next post
Up