«Ուխտ Արարատի» պարբերականի հերթական համարի խմբագրական - վերլուծականը, թիվ 1 (17), մարտ-ապրիլ, 2009թ.
1. Աշխարհի գլոբալացման արևմտյան ձեռագիրը: Վերջին 21 տարիներին աշխարհի տարբեր երկրներում ու տարածքներում արևմտյան գլոբալացման և եվրո-ինտեգրման քաղաքական գործընթացները դրսևորում են ծրագրի իրագործման ձեռագրի հիմնական հետևյալ դրույթները. սահմանադրական-օրենսդրական ագրեսիաներ, ցեղասպանության քարոզչություն, նոր դիմակայությունների քաջալերում, ազգամիջյան ատելության սերմանում, ազգամիջյան հակամարտությունների ու պատերազմների հրահրում, ինչպես նաև ահաբեկչական գործողությունների և արհեստական ճգնաժամերի միջոցով` հումանիտար աղետների ստեղծում` «ազատագրման» ենթակա կամ «ժողովրդավարացման» թիրախ երկրներում ու տարածքներում: Դա արվում է հաճախ նույն այդ երկրների ղեկավարների թողտվությամբ կամ մասնակցությամբ, ընդդեմ` սեփական ժողովրդի ու երկրի շահերի: Համաշխարհային ֆինանսա-տնտեսական արհեստածին ճգնաժամը համընդհանուր գործընթացի իրագործման մեկ փուլն է միայն, որի միջոցով ագրեսիայի ենթարկված երկրներին ու ժողովուրդներին բուն աղետը ներկայացվում է, որպես համաշխարհային ճգնաժամի բնական հետևանք: Անշո՛ւշտ, ավելի ճիշտ կլիներ խոսել համաշխարհային պատմամշակութային և բարոյա-հոգևոր ճգնաժամի մասին, որպես հետևանք համաշխարհային իրավական ճգնաժամի, որը սկզբնավորվեց 1985-ի պերեստոյկայով, հրահրվեց 1988-ի «Ղարաբաղյան կոնֆլիկտով» և, հատկապես, բուռն ընթացքի մեջ դրվեց 2001-ի սեպտեմբերի 11-ով:
Սա է գլոբալացման գործելաոճը: Մարդկության դեմ կատարվող հանցագործության` ցեղասպանության կոնվենցիային լիովին համապատասխանող գործողություն, որի մասշտաբը դուրս է եկել առանձին երկրի շրջանակից և կրում է կոնվենցիայի բուն անունի իրողությունը, այն է` ոճրագործություն, որը կարող է ծավալվել ու ներառել համայն մարդկությունը: Եվրո-ամերիկյան գերտերությունները նույն ձեռագրով գնացին իրենց երկրների ժողովուրդների նկատմամբ, որոնք դեռևս մնում են բարոյա-հոգևոր, մշակութային հալածանքների ու ջախջախումների ոլորտում: Նույն վայրագ ձեռագիրը 1960-ականներից գործեց աֆրիկյան մայրցամաքում, 1970-ականներից` Մերձավոր Արևելքի ու Լատինական Ամերիկայի երկրներում: Այնպես որ, առկա է համաշխարհային մեծ աղետի թափանիվի պտույտը և ճշմարիտ է, որ այս հանցագործ գործընթացներն ունեն համաշխարհային բնույթ, ինչպես նշում են նաև առանձին արևմտյան վերլուծաբաններ, ուստի պայքարը դրա դեմ պետք է կրի համամարդկային` համաշխարհային բնույթ. ինքնակազմակերպվող և ուղղորդված հենց արևմտյան գերտերությունների ու համաշխարհային ստվերային իշխանությունների առաջադրած ծրագրի դեմ:
Համաշխարհային այս նոր «Սոդոմ Գոմորի» կազմակերպիչները, հույսը դնելով ամերիկյան փող տպող մեքենայի ու զինուժի վրա, ընկել են մի շատ լուրջ մոլորության մեջ. իրենց վեր են դասում բնությունից, Աստծուց և հավակնում են որոշել ինչպես համայն մարդկության, այնպես էլ առանձին ազգերի ճակատագրերը, որն, իրականում, իրենց գործը չէ բնավ... Նրանց մտածողությանը հասու չէ ճանաչել մարդու, մարդկային աշխարհի, աշխարհի բնականությունը, որ գալու ու դրսևորվելու է որպես բնության պատասխան հարված համաշխարհային քաղաքակրթական մեծ ջրհեղեղի ձևով և սրբելու է աշխարհի երեսին կուտակված հակամարդկային ողջ աղբը, աղտեղությունը: Բարին ու բարոյականը պետք է հաղթեն: Սա է Մարդկային աշխարհի բնության օրենքը: Հնից` հին, նորից` նոր, միակ ճշմարիտը` հիմնական իրողությունը: Բնությունը մարդուն տվել է բանականություն, մտածելու, խորհելու և, ըստ այդմ, ընտրելու իրավունք: Միջազգային և ներպետական քրեաիրավական օրենքները չէ որ պատժում են հանցագործին, օրենքը ամեն մի անհատի ու կազմակերպության տալիս է ընտրություն կատարելու իրավունք, ամեն անհատ կամ ներպետական ու միջազգային կազմավորում ինքն է ընտրում, ըստ այդմ` կանխորոշելով պատիժը…
-Աշխարհի միակենտրոն կառավարման` գլոբալացման, քաղաքականության ֆինանսավորման աղբյուրները: Դրանք են` ԱՄՆ-ի «ֆեդերալ ռեզերվ բանկի» փող տպող մեքենան, Արևմուտքի հսկողության տակ գտնվող համաշխարհային թմրաբիզնեսը, ՄԱԿ-ի ֆինանսական կառույցները` Համաշխարհային բանկը, Միջազգային արժութային հիմնադրամը: Փաստորեն, սրանք ցույց են տալիս համաշխարհային այս հանցագործության ձեռագիրը: Հսկայական քանակությամբ տպված թղթադրամը` դոլարը, ֆինանսավորում է արևմտյան ռազմա-քաղաքական հայտնի ու անհայտ բոլոր ծրագրերը: Սակայն հարց է ծագում, ո՞ւմ հաշվին: Իհարկե, աշխարհի բոլոր երկրների հաշվին, որոնց, ի վերջո, պարտք կմնա Ամերիկայի Միացյալ Նահանգները` Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգներ ընդհանուր պետություն կազմի մեջ մտնելիս: Զգալի միջոցներ են գոյանում թմրաբիզնեսի հաշվին, որի ձևավորման գործընթացում ինքնաոչնչացման են տարվում եվրո-ամերիկյան ալյանսի թմրաբիզնեսի «պլանտացիա երկրները», ինչպես օրինակ` Աֆղանստանը: Նորություն չէ, որ վերջին 40 տարիներին Աֆղանստանի ժողովրդի ապրուստի միակ միջոցը թմրադեղ աճեցնելն է: Որն ի դեպ, տեղափոխվում է նաև Եվրոպա` ապուշացնելու ու հիմարացնելու եվրոպական երկրների ժողովուրդներին, որպեսզի նրանք ևս, առանց ցավի ու առանց գիտակցության գալու, գնան ինքնաստրկացման:
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի ֆինանսական միջոցներին, որոնք կուտակվում են անդամ երկրների ներդրումով, ապա դրանք ևս օգտագործվում են հենց նույն երկրների ու աշխարհի ժողովուրդներ դեմ: Այսօրինակ այլանդակություն, ցինիզմ, երևի թե, մարդկության պատմությամ մեջ առաջին անգամ է գրանցվում: Խնդիր, որի դեմ մեկ առանձին երկիր չի կարող պայքարել, եթե երկրները չմիավորվեն հակազդելու այս այլանդակությանը, առավել ևս համաշխարհային տնտեսական արհեստածին ճգնաժամի պայմաններում:
-Արևմուտքի շտապողականության հիմքերը, դադար առնելու ստիպողականությունը… ԱՄՆ-ն մտցրեց իր ճշգրտումները: ԱՄՆ-ն որոշեց չշարունակել Բուշի ծրագիրը և երկիրը հանել ինքնալուծարման ճանապարհից: Կարծում ենք, պրո-ամերիկյան մտածողությունը կարողացել է համոզել, որ արագ թափով Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգներ սարքելու շտապողականությունը կարող է խոչընդոտել աշխարհի միացյալ կառավարմանը շուտով իսկ անցնելու ծրագրին, քանի որ, թե՛ Մերձավոր Արևելյան, և թե՛ Աֆրիկյան ծրագրերը ժամանակացույցից բավականին հետ ընկան, իսկ ԱՄՆ-ին խաղից հանելու դեպքում հնարավոր է, որ նշված տարածքներում գործընթացը ուղղորդվի դրական հուն և դուրս գա արևմտյան հսկողությունից: Կարծում ենք, որ համոզել են նաև Ռուսաստանին` ինքնամեկուսանալ և չխանգարել համաշխարհային այդ գործընթացին: Ինչպես և Չինաստանին Ռուսաստանից անջատելու համար անհրաժեշտ են տեսել ռուս-ամերիկյան բարեկամական գործընթացներ ձևացնել, որոնց միջոցով ակնկալում են մեկուսացնել Չինաստանը, ապա Հնդկաստանը, որը Պակիստանից հետո հաջորդ թիրախն է: Կորեան, ճիշտ ինչպես 1950-ական թթ., կդարձնեն իբրև թե հույժ կարևոր բանակցությունների առարկա` ռուս-ամերիկյան հարաբերություններում: Վտանգավորն այն է, սակայն, որ կարծես թե` Ռուսաստանը դեմ չէ այդ ծրագրերին:
-Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում հանցագործություն իրականացնելու գինը: ԱՄՆ-ն արել է իր առաջարկը: Թուրքիան սակարկում է, քանի որ ռազմական գործողությունների գինը, ինչպես երևում է, համաձայնեցված չէ: Իսկ դա լուրջ հարց է, այլապես ամերիկյան բանակը ինքը կշարունակեր կռվել Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում… Եվրոպան չի կարող վճարել, քանի որ եվրոն կվտանգվի, ԱՄՆ-ը չի կարող վճարել, քանի որ դրված է դոլարը փրկելու խնդիրը, մնում են Ռուսաստանը և ռուսական ռուբլին, ինչն էլ երևի եղել G 20-ի Լոնդոնում կայացած խորհրդակցությունների հիմնական թեմաներից մեկը: Այստեղից է ծագում նաև ռեգիոնալ տարադրամ շրջանառության մեջ դնելու հարցը: Դա սկզբում գրավիչ է թվում, բայց հաշվի առնելով ԱՄՆ-ի իրաք-աֆղանական փորձը` կարելի է ենթադրել, որ սկզբում ռուբլին կհայտնվի ռիսկերի գոտում, իսկ հետո կսկսվի ռուբլու և ՌԴ-ի տնտեսության փլուզումը, ինչն էլ կարող է լինել արևմտյան ծրագրի, առաժմ ոչ այնքան տեսանելի` երկրորդ փուլը:
Վերջինիս օգտին է խոսում. «1959թ. հուլիսի 17-ին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների ընդունած և ԱՄՆ նախագահ Դ. Էյզենհաուերի ստորագրած օրենքը, որ գործում է մինչև օրս: Որպես «ազատագրման» օբյեկտներ` «86-90 օրենքի» տեքստում թվարկված են Լեհաստանը, Հունգարիան, Չեխոսլովակիան, Ռումինիան, Բուլղարիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան (այս երկրներն արդեն իսկ ընգրկված են ՆԱՏՕ-ի ընդլայնման առաջին և երկրորդ ալիքներում), Հյուսիսային Վիետնամը, Հյուսիսային Կորեան, Ալբանիան և մյուսները, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը (որն անվանված է «Բելայա Ռուտենիա»), Թուրքեստանը (այսինքն «Արևմտյան Թուրքեստանը», որ ներառում է ներկայիս Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը և «Արևելյան Թուրքեստանը»` Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար մարզը), Տիբեթը, վերջապես, Իդել-Ուրալն ու Կազակիան: Վերջին անվանումով նշված են Հյուսիսային Կովկասն ու Կովկասի նախալեռները, իսկ Իդել-Ուրալը (Իդելը Վոլգայի թաթարական անվանումն է) ՌԴ-ի Վոլգա-ուրալյան տարածաշրջանն է« (PanARMENIAN.net, 18.07.2008): Մնում է հարցնել, իսկ օրենքը, այսինքն` ծրագիրը, իսկապե՞ս գործում է մինչ օրս:
2. Բարաք Օբաման և ԱՄՆ նոր վարչակարգի ծրագրերը: Ամիսներ առաջ, «Իրավունքը դե-ֆակտո» (19.12.2008թ.) թերթին տված հարցազրույցում` նշել էինք, որ առաջիկայում կպարզվի ԱՄՆ նոր վարչակարգի արտաքին քաղաքականության առաջնությունները: Այդպես էլ կա: ԱՄՆ-ն փորձելու են փրկել, վերականգնել: Այդ մասին արդեն խոսեցինք: Իսկ Միջին Արևելյան, Կովկասյան, Հեռավոր Արևելյան տարածաշրջանային ծրագրերի մասին կխոսենք ստորև:
-Օբամայի այցը Եվրոպա: Օբաման պաշտպանեց Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, սակայն, պարզ է, որ դա արվեց թուրքերի վստահությունը չկորցնելու համար: Իրականում Եվրոպան հասկացրեց, որ Թուրքիան ԱՄՆ-ից հետո ՆԱՏՕ-ի ամենամեծ բանակ ունեցող երկիրն է և Եվրոպայում նախընտրում են այդ բանակը տեսնել, ոչ թե իրենց մոտ, այլ Մերձավոր Արևելքում: Հասկանալի է, որ Թուրքիայի առջև ԵՄ-ի դրած խնդիրներն այնքան մեծ բացասական երանգ ունեն, որ եվրոպական ժողովուրդները ոչ մի դեպքում չպետք է իմանան, որ դա եվրո-պատվեր: Իսկ թե Թուրքիան կընդունի՞ ստանձնել այդպիսի դերակատարություն, կերևա առաջիկայում: Ըստ եվրոպացիների հայտարարությունների, կարելի է եզրակացնել, որ Թուրքիան ԵՄ-ին կանդամակցի Ռալֆ Պիտերսի քարտեզի իր մասով վերջնական ձևավորումից հետո միայն:
-Օբամայի այցը Թուրքիա: Օբամայի այցը Թուրքիա հետապնդում էր առանցքային մեկ նպատակ, Թուրքիային հրավիրել մասնակցելու արևմուտքի ձեռնարկած Միջին Արևելյան ռազմա-քաղաքական ծրագրերին` մասնավորապես Աֆղանստան - Պակիստան գծում:
-Հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Վերջին տարիներին եվրո-ամերիկյան քաղաքականությունը հատկապես աշխուժացել է, այսպես կոչված, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու, հաշտության եզրեր գտնելու, Հայաստան-Թուրքիա «սահմանը» բացելու, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցերում: Բազմիցս ենք անդրադարձել (տես` «Ուխտ Արարատի», թիվ 1/15, 2008թ., էջ 1-6 և թիվ 2/16, 2008թ., էջ 1-6), բայց կրկնենք, որ իրականում եվրո-ամերիկյան կոմիսարներն ու էմիսարները, ինչպես նաև առանձին երկրների ղեկավարներ հորդորում են ՀՀ իշխանություններին գնալ ոչ միայն երկրի ու ժողովրդի կամքին հակառակ, գնալ պետության օրենքները շրջանցելու ուղիով, այլև հենց միայն մարդկության դեմ նոր հանցագործություն քաջալերելու, հօգուտ ցեղասպանության քարոզչություն կատարելու ճանապարհով: Կրկնենք. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարց չկա, կա եվրո-գերտերությունների պատվերով և օժանդակությամբ 1915-1923 թթ. թուրքերի իրականացրած հայ ժողովրդի ցեղասպանությունը` Օսմանյան կայսրության մեջ, հայաթափելու ու բռնազավթելու համար Հայոց հայրենիքը:
Եվ կա խնդրի լուծման երկու տարբերակ: Կամ Թուրքիայի ներկայիս իշխանությունները հրաժարվում են իրենց ժողովրդին և իրենց երկիրը զանգվածային ոչնչացման հանցագործ գործիքի դերում պահելուց, և այլոց ու իրենց անձնական շահերին ծառայելուց, կամովին ապաշխարում են, վերադարձնում են տարածքները, երաշխիքներ են ստեղծում հայության վերադարձի համար, հատուցում են բոլոր վնասները, այդ թվում` 1920-ից առ այսօր իրականացված 89-ամյա օկուպացիայի համար, որից հետո Թուրքիան կարող է ճանաչվել որպես ապաշխարած և, ըստ այդմ, դիվանագիտական ու քաղաքական հարաբերություններում վստահելի երկիր:
Կամ նրանք շարունակում են մնալ հանցագործի դերում, պատրաստվելով իրականացնելու նոր հանցագործություններ: Հիշեցնենք, սակայն, որ ամեն մի հանցագործ գործիք, ի վերջո, ոչնչացվում է հանցագործության դրդողի, պատվիրատուի կողմից: Ասել, թե Թուրքիայի վարիչները չգիտեն այս ճշմարտությունը, սխալ կլինի: Սակայն 1914-1918 թթ. փորձով իրական է, որ ստանձնելով նոր հանցագործության պատվեր, ըստ էության, նրանք կործանման կտանեն իրենց իսկ ժողովուրդն ու երկիրը:
Խնդրի ենթատեքստում, եթե շատերին հուսադրող էր թվում (իրականում այդպես ներկայացվում էր միայն) վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերություներում թուրքերի մուտեցումը, ապա Էրդողանի այս հայտարարությունը հույսի ոչ մի նշույլ չի թողնում. «Շատ դժվար է հաղթահարել Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրներն առանց լուծելու Հայաստանի և Ադրբեջանի խնդիրները»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Թուրք վարչապետը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որի ժամանակավոր անդամն է այժմ Թուրքիան, Հայաստանին կհամարի օկուպանտ երկիր: «ՄԱԿ-ը պետք է նման որոշում կայացնի և կոչ անի Հայաստանին զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից: Թուրքիան արդեն քայլեր է ձեռնարկել և առաջարկել է ձևավորել Կովկասի կայունության պլատֆորմը Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ: Վեճը Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է առաջնահերթ լուծում ստանա, որից հետո կլուծվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները»,- ընդգծել է Էրդողանը: (PanARMENIAN.net, Azg.am, 10.04.2009)
Ի դեպ, ապրիլի 10-14-ը Հայաստանի Զլմ-ները լռությամբ շրջանցեցին այս անչափ կարևոր լուրը: Ո՞րն է պատճառը, ՀՀ լրատվությունը վերահսկվո՞ւմ է, ո՞ւմ կողմից: Ի՞նչ է, ՀՀ նախագահը չպետ՞ք է իմանար, որ իր քաղաքական նախաձեռնությունը ձախողվում է այնտեղ, որտեղ, թվում է հաջողության հույսեր կային…
Անսպասելի և շշմեցնող անկեղծություն թուրքերից, որն ավա՜ղ, վրա է հասնում 1994-ի զինադադարից 15 տարի անց միայն: 15 զուր կորսված տարիներ, երբ այդպիսի նախաձեռնությամբ վաղուց մենք պետք է հանդես գայինք ՄԱԿ-ում:
Իհարկե, կարող ենք էլի մի քիչ համբերել ու հետո միայն դիմել միջազգային դատարան, երբ միջազգային հանրությունը ինքը կպահանջի դատապարտել Թուրքիային` նոր ժամանակներում իրականացված նոր հանցագործությունների համար, ինչպես դա արեց 1919-21թթ.:
-Բարաք Օբամայի Ապրիլ 24-ի ուղերձը, ճանապարհային քարտեզը: Մենք համոզված ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ավարտված է: Բոլոր այն երկրներն ու ժողովուրդները, որոնք իրենց խորհրդարաններում ճանաչել ու դատապարտել են 20-րդ դարի առաջին մեծ հանցագործությունը, կարող են լինել քաղաքակիրթ աշխարհի անբաժան մասը, քանի որ նրանք իրականում ճանաչեցին ու դատապարտեցին մարդկության դեմ ուղղված հանցագործությունը, ցեղասպանության ոճիրը: Մյուս երկրները, այդ թվում, առաջին հերթին Անգլիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ճապոնիան, ինչպես նաև Իսրայել պետությունը` այս հարցում ուշացել են, այդպիսով հաստատելով, որ միջազգային հարաբերություններում շարունակում են դավանել պատերազմի, ագրեսիայի, ցեղասպանության` քարոզչության, ծրագրման և իրականացման մարտավարություն: Այդ հարցում, անհուսալիորեն և ամոթալի կերպով ուշացել են իսլամական աշխարհի այն երկրները, Լիբանանից բացի, որոնք` իրենք, ժամանակ առ ժամանակ հայտնվում են պատերազմի, ագրեսիայի ու ցեղասպանության ճիրաններում:
Պետք է տարանջատել «Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման» և «Հայոց ցեղասպանության դատապարտման» հասկացությունները, որոնցից առաջինը ենթադրում է բարոյական, քաղաքական գնահատական, երկրորդը` իրավական: Մենք համոզված ենք, որ եկել է Հայոց ցեղասպանության դատապարտման ժամը: Խնդիրն այն է միայն, որ ՄԱԿ-ի միջազգային դատարան այդ հայցով կարող է դիմել Հայաստանի Հանրապետությունը` պետությունը: Իսկ պետությունը, արտաքին ճնշումների ու թելադրանքների ենթարկվելով, կարող է անվերջ հետաձգել հարցը և այն տեղափոխել «ճանապարհային քարտեզների» և այլ տեսակ համաձայնագրերի ոլորտ: Վերջին թելադրանքը հնչել է 2008-ի հունիսի 20-ին` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, երբ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի օգնական Դենիել Ֆրիդը հայտարարեց. «Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա սահմանը և կառուցողական արձագանք տալ Թուրքիայի հնարավոր ջանքերին: Հայաստանը պետք է հայտարարի, որ ժամանակակից Թուրքիայի նկատմամբ հողային որևէ պահանջ չունի: «Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա սահմանը Միաժամանակ անհրաժեշտ է Թուրքիայի առերեսումը սեփական պատմության մութ էջերի հետ, որքան էլ դա դժվար լինի» («Ազգ», Հ. Չ., 20-ը հունիսի, 2008թ.):
Հետաքրքիր է, որ Հայաստանը և Թուրքիան վարվեցին ճիշտ այնպես, ինչպես թելադրել էր Ֆրիդը: Հայաստանը ձեռնարկեց հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլեր և «ճանապարհային քարտեզում» պետք է որ ընդգրկված լինի Ֆրիդի մի պահանջը. «Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա սահմանը...», իսկ Ֆրիդի մյուս պահանջը` «Միաժամանակ անհրաժեշտ է Թուրքիայի առերեսումը սեփական պատմության մութ էջերի հետ, որքան էլ դա դժվար լինի», իրականացման փուլում է, վկա` թուրք մտավորականների «Հայերից ներողություն ենք խնդրում» էլեկտրոնային ստորագրահավաքը:
Այնուհանդերձ, հիշեցնենք, որ արտաքին ճնշումների տակ, այդ թվում և շրջափակման պայմաններում ստորագրված փաստաթղթերը միջազգային իրավունքում օրինական չեն համարվում: Եվս մեկ նկատառում. ծավալվող իրադարձությունների նկատմամբ իր վերաբերմունքը, այսպես ասած, համաժողովրդական լուռ հանրաքվեն հայ ժողովուրդը կատարեց 2009-ի Ապրիլի 24-ին: Հիրավի, ամբողջ օրը չէր դադարում մարդկանց երթը` դեպի հայության ողբերգությունը, վերածնունդն ու պայքարը խորհրդանշող Ծիծեռնակաբերդի բարձունք և հուշարձան: Այդպիսի մասնակցություն չէր եղել անգամ ցեղասպանության 90-րդ տարելիցին…
-Թուրքիան` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ: Դա ապացուցում է, որ Թուրքիայի վրա հանցագործություններ կատարելու լուրջ խնդիրներ է դրված: Դրանով հեշտացրել են եվրո-ամերիկյան ռազմական ագրեսիաները պաշտպանելու խնդիրը, նաև դժվարացրել են ագրեսիայի ենթարկված երկրների բողոքները տեղ հասցնելու և ՄԱԿ-ը իր գործառույթների մեջ պահելու հարցը: Կարելի է ենթադրել, որ նույնիսկ համաձայնություն կա Ռուսաստանի հետ, քանի որ առ այսօր Ռուսաստանը միջազգային դատարան չներկայացրեց Վրաստանի ագրեսիան պատասխանատվության ենթարկելու բողոքը: Չինաստանի հարցում հույս ունեն, որ վերջինս կարող է ինքնամեկուսանալ` «Ինձ չմոտենաք, ի՜նչ ուզում եք արեք» տարբերակով: Դա նաև հնարավորություն է տալու վախեցնել եվրոպական այն երկրներին, որոնք վերջին մի քանի տասնամյակում պատրաստում էին քրդական շարժումը: Դա ազդակ է` ասելու, որ մի քանի տարի Եվրոպան պետք է մոռանա այս խնդիրը, քանի որ Կովկասում եվրո ուժերը Ալ Ղաիդայի դեմ չեն կարող պայքարել` այնտեղ Ալ Ղաիդա չլինելու պատճառով պարզապես:
-Աշխարհը ուզում են դուրս բերել իր առանցքից, կհաջողվի՞… Չի՛ հաջողվի, եթե միջազգային հանրությունը լինի միահամուռ, միջազգային կյանքը իրավական ճանապարհով բերի նորմալ կենսառիթմի, ինքնակազմակերպվի… ՄԱԿ-ի հովանու ներքո, միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի շուրջ համախմբվելով` թույլ չտա, որ գործընթացները շեղեն երկրները իրենց բնականոն ընթացքից: ՄԱԿ-ից բացի, մնացած բոլոր կառույցները ստեղծվել են հետապնդելու խմբակային և ժամանակավոր շահեր: Իսկ ՄԱԿ-ը պետք է փրկել արևմուտքի թելադրանքից, թեկուզ նրա նստավայրը տեղափոխելու գնով: Ի տարբերություն Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների` սա այն տարբերակն է, երբ ինքնամեկուսացող երկրները չեն կարող խուսափել համաշխարհային ծավալներ ընդգրկող աղետի հարվածներից ու հետևանքներից: Վտանգը բոլորի համար նույնն է, անգամ Ավստրալիայի բնակիչների: Չի՛ հաջողվի, եթե միջազգային հանրությունը լինի միահամուռ, միջազգային կյանքը իրավական ճանապարհով բերի նորմալ կենսառիթմի, ինքնակազմակերպվի… ՄԱԿ-ի հովանու ներքո, միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի շուրջ համախմբվելով` թույլ չտա, որ գործընթացները շեղեն երկրները իրենց բնականոն ընթացքից: ՄԱԿ-ից բացի, մնացած բոլոր կառույցները ստեղծվել են հետապնդելու խմբակային և ժամանակավոր շահեր: Իսկ ՄԱԿ-ը պետք է փրկել արևմուտքի թելադրանքից, թեկուզ նրա նստավայրը տեղափոխելու գնով: Ի տարբերություն Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների` սա այն տարբերակն է, երբ ինքնամեկուսացող երկրները չեն կարող խուսափել համաշխարհային ծավալներ ընդգրկող աղետի հարվածներից ու հետևանքներից: Վտանգը բոլորի համար նույնն է, անգամ Ավստրալիայի բնակիչների:
http://oukhtararati.com/khmbagrakanner/3_13.php