Եվ որովհետև

Apr 07, 2018 11:34

…Եվ որովհետև այդ սերը
բարդ էր,
սիրելը նման եղավ
սխրանքի:

Իմ արևաշող սեր,

ես պիտի թել-թել
հիշեի գիծը դեմքերիդ,
գույնը մազերիդ
և այն կարմիրը շեկ,
որ ես էի հայտնաբերել քո մեջ
հին աշխարհում մի օր,
գույնը աչքերիդ, որ նայում էին
ուր ասես, բացի ինձանից,

իմ արևաշող սեր,
իսկ հետո դու պիտի գայիր,
որ քո ոտնահետքերը թողնեիր
իմ քաղաքներում
և մատնահետքերդ՝ իմ մարմինների վրա

միայն նրա համար, որ այս կյանքում
մի գարուն էլ կոչեինք մեր անունով,
որ իմ հաշվարկները զրո դառնային,
անձրևների մեջ, թաց, խռոված՝
մենք,

մենք, որ մի օրում
երկու տարվա կյանք բեմադրեցինք
կամ թե ավելին,

որ ես նորից խելագարի նման բարձր
գոռայի,
ու դու մտածեիր, որ լավ էր ազատվելը
այս կործանարար հողմապտույտից,
որ ես անձրևներ լացեի, ու դու նորից լռեիր,
որովհետև «այն» ասելու բան չէր,
ինչպես չէր եղել և առաջներում,
որովհետև ես իմ գոռոցով խլացնում էի
քո ձայնը,
որ չլսեի «այդ», ու ասեիր «այն»,
որովհետև ես սարսափելի վախենում էի,
որ այս քաղաքներից էլ քո հոտը կգա,
ինչպես որ գալիս է,
որ նեղ չինական աչքերում անգամ քո պատկերն եմ ես փնտրելու,
որ հացի ճամփան նույնը չի լինելու անգամ անձրև օրերին,

իմ արևաշող սեր,
ես միշտ խաբել եմ քեզ իմ թեթև քաշով,
բայց սիրտս ավելի ծանր է.
գիշերները ես սահում եմ տանիքներից, որոնցից
նկուղի հոտ է գալիս,

և իմ սեր, մենք այն օրը
նույնանուն բևեռներ էինք, որ չձգեցինք իրար,
չձգեցինք մինչև արշալույս սիրել
ու մինչև մայրամուտ աղոթել մեզ համար,

որովհետև մեր սերը բարդ է այնքան,
որ սիրելը նման է սխրանքի:

Իոաննինա, 2018


պոեզիա

Previous post Next post
Up