Dec 30, 2015 21:26
Ողջո՜ւյն։
Խոսում է Լիլիթը, նույն ինքը՝ լեդի Դիլեմման, նույն ինքը՝ Լիլի Սամվելը, նույն ինքը՝ Ես։
Ուզում եմ ամփոփել տարին ինձ համար թանկ ու տաքուկ անկյունում, հին ու բարի ընկերներիս մոտ։
Ուզում եմ սկսել նրանից, որ կյանքը հետաքրքիր է։ Հետաքրքիր է ամեն տարի, ամեն ամիս, ամեն օր, հետաքրքիր է իր չար ու բարի կատակներով, իր վայրէջքներով ու վերելքներով, իր խելառ անակնկալներով։
2015-ն ինձ համար հեղաշրջումների տարի էր։
Տեղին կլինի մեջբերել իմ սիրելի Մայր Թերեզայի խոսքերը, որ. «Ամբողջ կյանքում քո կառուցածը մեկ գիշերում կարող է քանդվել, կառուցի՛ր ամեն դեպքում»։ Շատ բան ունեի կառուցած, բայց հենց մի գիշերում քանդվեց։ Մասնավորապես քանդվեց պատրանքների ու չգոյության մի վիթխարի ամրոց, քանդվեց, որ կառուցեմ իմ ուզած իրականությունը՝ իրական արժեքներից, ոչ թե ուրիշների հրամցրածին համակերպվեմ։ Քանդվեց, որ հասկանամ մի կաթիլ ջրի արժանի մարդկանց պետք չէ շատրվաններ նվիրել, քանդվեց, որ ինքս ինձ ճանաչեմ Սահյանավարի ու բան չունենամ թաքցնելու։
Պատահական չէր նաև, որ ընկերներիցս մի լուսավոր էակ ինձ խորհուրդ տվեց կարդալ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» պատմվածքն ու կրկին պատահական չէր, որ ես այդ գրքում գտա իմ տողերը, որ. «...ամուսնական կյանքը երեք գործողությամբ պիես չէ, երեք միլիոն գործողությամբ պիես է, որ սկսվեց, էլ վերջ չկա, միակ փրկությունը կամ մահն է, կամ բաժանվելը։ Ես ատում եմ մահը, դրա համար էլ որոշեցի բաժանվել»։
... և հիմա իմ սիրտը, միտքն ու ձեռքն ազատ են։ Ազատությունն էլ է ազատ, բայց շտապեմ մեջբերել իմ սիրելի Մարկեսի խոսքերը, որ. «Կինն ամենասքանչելի հայտնությունն է, բայց նրան տիրելու համար հարկավոր է մի ամբողջ կյանք ջանալ»։
Հ.Գ- Այս երկրագնդի վրա գոյություն ունի մեկը, ում լինելիության մասին ես դեռ չգիտեմ, բայց Նա ապագայում դեռ կդառնա իմ այդքա՜ն երազած երեք երեխաների հայրը։ Ու ես վերջապես ուրիշների բալիկների համար երգելուց ու հոգեբան աշխատելուց բացի՝ իմ երեխաների խոպոպիկները կհոտոտեմ ու ոչ թե կաշխատեմ հոգեբան, այլ՝ մամա։
Այնպես որ՝ բարո՛վ ես գալիս, 2016: Դու ինձ ցույց տուր իմ բաժին սարերը և ես կշրջեմ դրանք։
Լիլի Սամվել,
կյանքը հետաքրքիր է,
dilemma,
Լիլիթ,
իմ բաժին երկինքը,
ամփոփում