Ֆեյսբուքում Հրանտ Տէր-Աբրահամեանի
գրառումներից մեկի տակ բուռն բողոք էր, թե ապրիլյան պատերազմում չենք հաղթել, պարտվել ենք։
Որպես պարտության ապացույց, բնականաբար, առաջին հերթին դիտարկվում էր տարածքային կորուստը, բայց ես բացարձակ համոզված եմ, որ հաղթանակ թե պարտություն գնահատական տալու համար միայն կորուստները հաշվելը բավարար չէ։ Վերջիվերջո կարող էր նաև պատահել այնպես, որ տարածք չկորցնեինք, բայց ավելի շատ մարդ զոհվեր, հիմա դա կլիներ հաղթանա՞կ, թե՞ պարտություն։ Սա հռետորական հարց է։
Իրականում ճիշտ գնահատական տալու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ խնդրի էր բախվել մեր բանակը ու ինչ չափով կարողացավ այդ խնդիրը լուծել։ Այսինքն՝ նախ և առաջ պիտի հասկանալ ադրբեջանցիների նպատակները ու հարձակման մասշտաբները։
Ստորև իմ տեսակետն է՝ առանց ճշմարտության վերջին հանգրվան լինելու հավակնությունների։ Տեսակետս հիմնված է հանրությանը հայտնի դարձած փաստերի, ադրբեջանցիների գործողությունների ու դեպքերի ընդհանուր ընթացքի վրա։
Ընդհանուր գծերով ադրբեջանցիների պլանը ունեցել է հետևյալ տեսքը. շեղող հարվածներ հասցնելով հյուսիսում ու հարավում, ստիպել հայկական հրամանատարությանը ռեզերվները ցաքուցրիվ տալ այդ հարվածները հետ մղելու համար, որից հետո հասցնել հիմնական հարվածը կենտրոնով։
Այս երկէտապանի ծրագրի էությունը հնարավոր է բացահայտել, եթե քայլ առ քայլ հիշենք, թե ինչպես էին զարգանում իրադարձությունները։
1. Ե´վ հարավում, և´ հյուսիսում առաջինը հարձակման են անցել թշնամու հատուկջոկատայինների խմբերը։ Այս եզրակացության հանգում ենք, եթե հիշենք, որ մեր ձեռքում կամ մեր դիրքերին մոտ մնացած ադրբեջանցիների դիակները հիմնականում հատուկջոկատայիններ էին՝ դատելով հանդերձանքից ու զենքից։ Բացի այդ, ադրբեջանցիների
հայտնաբերված կորուստների առնվազն կեսը նույնպես իդենտիֆիկացվել են որպես հատուկջոկատայիններ։
Հատուկջոկատայինների խմբերը միաժամանակ երկու նպատակ են ունեցել։ Առաջին. նրանք պիտի անսպասելի հարձակումով գրավեին մեր առաջնագծի դիրքերը։ Երկրորդ, պիտի ներթափանցեին մեր պաշտպանության թիկունք՝ այնտեղ դիվերսիաներով խառնաշփոթ ու խուճապ ստեղծեին մեր թիկունքում։
Որպես թիկունքում դիվերսիաների օրինակ՝ Թալիշի դիրքերին զինամթերք տանող մեր ավտոմեքենայի վրա հարձակումը։ Ինչպես նաև հարձակումը Թալիշ գյուղի վրա։
2. Հատուկջոկատայինների կողմից մեր առաջնագծի դիրքերի գրավումից հետո հրետանու ու օդուժի աջակցույթամբ հարձակման են անցել մոտոհրաձգային բրիգադները։ Հարավում ամենայն հավանականությամբ գործել է 1 բրիգադ, որն առաջադրանք է ունեցել առաջին օրվա մարտերի արդյունքում դուրս գալ Ֆիզուլու մատույցներ։ Այս նպատակի մասին մենք հաստատ գիտենք ադրբեջանական ոչնչացված ուղղաթիռի մարտական փաստաթղթերից։
Հյուսիսում ամենայն հավանականությամբ հարձակմանը մասնակցել է 2 բրիգադ՝ մեկը հյուսիսից, մյուսը՝ արևելքից։ Այս բրիգադների նպատակների մասին փաստաթղթային տվյալներ հայտնի չեն, բայց ըստ ամենայնի նրանք նպատակ են ունեցել գրավել Սեյսուլան, Թալիշ, Մատաղիս բնակավայրերը։ Այսպիսի եզրակացության հիմք տալիս է ինչպես հարվածների ուղղությունը, այնպես էլ առաջին օրերին ադրբեջանցիների տարածած տեղեկությունները, երբ հերթով հայտարարվում էր այդ բնակավայրերի «ազատագրման» մասին, չնայած այն բանին, որ տեղում իրավիճակը բոլորովին այլ էր։ Ադրբեջանցիների այդ վարքն, իհարկե, կարելի է բացատրել հայերի մոտ խուճապ առաջացնելու ձգտումով, բայց, իմ կարծիքով շատ ավելի լավ է բացատրվում, եթե ուղղակի տեղեկություն տվողները նախապես ունեցել են սցենար, թե որ ժամին պիտի տարածել այս կամ այն բնակավայրի «ազատագրման» լուրը։ Այն, որ ռեալ մարտադաշտում իրադարձություններն իրենց նախատեսած սցենարով չեն գնում, ինֆորմացիոն բաղադրիչի համար պատասխանատու ադրբեջանցիներին պարզ դարձավ միայն ավելի ուշ։
Այսքանով, ադրբեջանական պլանի առաջին էտապն ավարտվելու էր։ Այս էտապը, իմ համոզմամբ, շեղող նպատակ ուներ։ Եթե այն հաջողվեր և ադրբեջանցիները կարողանային մեր պաշտպանությունը ճեղքելով խորանալ մինչև 8-10կմ, ապա, ենթադրվում էր, որ այդ ճեղքումները փակելու համար հայկական բանակի հրամանատարությունը ստիպված կլինի մարտի մեջ մտցնել առկա ռեզերվները։ Ընդ որում մարտի մեջ մտցնել երկու, իրարից մոտ 120կմ հեռավորությամբ ուղղություններով։ Բայց, չնայած հարձակման անսպասելիությանը, չնայած այն բանին, որ ադրբեջանական բանակը բավականին գրագետ էր գործում ու չնայած այն բանին, որ և հյուսիսում, և հարավում մեր մոտ որոշակի խառնաշփոթ կար, այնուամենայնիվ վերջնական արդյունքում ադրբեջանցիները կարողանում են գրավել և պահել երկու հենակետ հյուսիսում ու մեկ հենակետ հարավում։
Չնայած այն փաստին, որ առաջին էտապում դրված խնդիրները չեն կատարվել, ադրբեջանական հրամանատարությունն այնուամենայնիվ որոշում է շարունակել գործողությունը։ Դժվար է ասել, թե ինչ ակնկալիքներով, բայց կարելի է ենթադրել, որ հույս ունեին, որ այնուամենայնիվ հայկական կողմն իր ռեզերվներն արդեն հասցրել է ցաք ու ցրիվ անել։ Ընդ որում՝ չի կարելի ասել, թե այդ հույսերը անհիմն էին - ադրբեջանցիները շատ լավ գիտեն, որ մեր մարդկային ռեսուրսները սահմանափակ են ու ապրիլի 2-4-ը անընդհատ մեծացնելով ճնշումը և հարավում, և հյուսիսում ու լուրջ դիմադրության հանդիպելով, իրավունք ունեին կարծելու, որ հայերը ռեզերվներ են մտցրել մարտ։
3. Երկրորդ, հիմնական էտապի իրականացմանն ադրբեջանցիներն անցնում են ապրիլի 4-ից, սակայն այս էտապը մեր հրետանավորների շնորհիվ ձախողվում է հենց սկզբից։ Կենտրոնով ադրբեջանական հարձակմանը գոնե սկզբնական ժամանակահատվածում պիտի մասնակցեին առնվազն 1 մոտոհրաձգային բրիգադ ու 2 տանկային գումարտակ (իրականում հավանաբար ավելի շատ ուժեր, բայց ես տեղեկություն հանդիպել եմ միայն այսքանի մասին)։ Բայց, что-то пошло не так ©։ Մեր հրետանին՝ թշնամու հրետանու հետ մենամարտելուն զուգահեռ, հարվածներ է հասցնում նաև ադրբեջանական զորքի կուտակումներին, ինչպես նաև առաջնագծին մոտեցող վերոհիշյալ տանկային երկու գումարտակներին (մոտ 60 տանկ)։ Այս գործողության տեսագրություններից որոշ հատվածներ մերոնք նաև հրապարակեցին։ Ավելին, մեր հրետանավորներին հաջողվում է ոչնչացնել նաև հարձակման անցնող 190-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարական կետը՝ հուրիների մոտ ուղարկելով բրիգադի ողջ հրամկազմին, ներառյալ բրիգադի հրամանատար, փոխգնդապետ Ռագուբ Օրուջովին։
Արդյունքում արդեն ապրիլի 5-ի առավոտյան պարզ էր, որ ադրբեջանական «Բարբարոսայի» երկրորդ էտապը ձախողվել է դեռ չսկսված։
Այսպիսով` հայկական բանակին ադրբեջանցիների առաջադրած խնդիրը եղել է բավականին բարդ ու հայկական բանակը կարողացել է հիմնականում խափանել ու հետ մղել թշնամու` խնամքով նախապատրաստված ու գրագետ իրականացված լայնամասշտաբ և անսպասելի հարձակումը։
Իսկ ադրբեջանցիներն իրենց առջև դրված ամբիցիոզ, բայց նաև իրատեսական խնդիրը չեն կատարել։ Այդ պատճառով այո, մենք հաղթել ենք, իրենք` պարտվել։
http://www.koreolan.org/blog/archives/4900