Թե ինչու չեմ ընտրելու

Feb 13, 2013 01:44


Originally published at Կորեոլան. You can comment here or there.

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ սույն գրառումը պատվիրված է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՀՇ-ի, «Ժառանգության», ԿաԳէԲէ-ի, Մոսադի, ՑեԷռՈւի, Ֆրանսիական Մեծ Օթյակի, Մոսադի մի այլ բաժնի, Սերժ Սարգսյանի փեսայի, Ռոբերտ Քոչարյանի և Ապազգային Ուժերի Համաշխարհային Կոնգրեսի կողմից։ Եթե դուք քաղաքականապես ակտիվ եք և հատկապես երիտասարդ ու արդեն որոշել եք, թե ում եք տալու ձեր ձայնը, ապա սույն գրառումը կարող է առաջացնել ձեր արդարացի զայրույթը, վրդովմունքը, սակայն դա ինձ բոլորովին չի հետաքրքրում, քանի որ ничего личного, только бизнес։



Այս պահին 8 նախագահացու կա։ Չէ, արդեն 7։ Ճիշտ է, ընտրություններին դեռ մի քանի օր կա ու հայտնի չի, թե քանի թեկնածու մինչ այդ կենդանի կմնա, բայց չշտապենք ուրախանալ մեր սիրելի նախագահացուների անժամանակ մահով … ինչ լինելու է, իր ժամանակին թող լինի։ Ես ուղղակի հերթով կանցնեմ թեկնածուների ցուցակի վրայով և իմ հեղինակավոր, միակ ճիշտ, անառարկելի, ճշտմարտության էտալոն հանդիսացող կարծիքս կհայտնեմ։

1. Հրանտ Բագրատյան։ ” Այս պարոնն ամենաանմիջական պատասխանատվությունն է կրում 90-ականների ալան-թալանի ու բեսպրիդելի համար։ Նա ՀՀՇ-ական իր կուսակիցների հետ այսօրվա Հայաստանի բազմաթիվ խնդիրների հայրն է, և նրան ընտրելու մասին հնարավոր կլինի խոսել միայն վերջինիս կողմից երկարամյա հանրօգուտ և ուղղիչ աշխատանքների կատարումից հետո։ Օրինակ` միայնակ Հրազդանի ձորը աղբից մաքրելը։ Ի՞նչ վատ է որ։

Բայց, հանուն արդարության նաև փաստեմ, որ եզակի թեկնածուներից է, ով կարողանում է հայերեն կապակցված մտքեր արտաբերի։ Ավելին` այդ մտքերը նույնիսկ տրամաբանություն են պարունակում։ Եթե ես միայն մարդկանց խոսքերի վրա հենվելով որոշեի ընտրել, ապա միանշանակ կընտրեի Բագրատյանին։ Բայց բարեբախտաբար, թե դժբախտաբար հիշողության կորուստ չունեմ, այնպես որ … Բագրատյան դասվիդանիյա։

2. Պարույր Հայրիկյան։ ” Թեկնածուների ցանկում Հայրիկյանն այն եզակի անհատներից է, ում ես հարգում եմ …, երևի ավելի ճիշտ` հարգում էի։ Մահափորձից հետո նրա պահվածքին շատ սազեկան է «ծերուկն անտանելի է դառնում» խոսքը։

Ամեն դեպքում, եթե նույնիսկ այս վերջին պատմությունները հաշվի չառնեմ էլ, ապա միևույնն է, անհնարին եմ համարում Հայրիկյանին ձայն տալը, քանի որ վերջինս արդեն վաղուց է կորցրել իրականության զգացումը և, մեր մեջ ասած, ադեկվատությունը (մեր մեջ ասած 17 տարի սովետի բանտերում նստելուց հետո մարդ դժվար թե ադեկվատ լիներ, բայց դե)։

3. Րաֆֆի Հովհաննիսյանին և «Ժառանգություն» կուսակցությանը չեմ վստահել նրանց քաղաքականություն մտնելու առաջին իսկ օրվանից։ Րաֆֆին ծայրահեղ պոպուլիստ գործիչ է, այնքան ծայրահեղ, որ ՊՌ է սարքում նույնիսկ վարսավիրանոց գնալը, զոհերին հիշելը ևն։ Ընդ որում` ՊՌ ամենակպչուն ձևով։ Դեռ գոհ լինենք, որ զուգարան գնալն առայժմ չի սարքում ՊՌ-ի թեմա։ Մարդը բոլորի հետ համաձայնվում է, բոլորին ամեն ինչ խոստանում։ Եթե նախընտրական հանդիպմանը ընտրողը հարցնի, թե «ինձ առանձնատուն ու մեքենա կնվիրե՞ս, եթե նախագահ դառնաս», վստահ եմ, որ առանց վարանելու կխոստանա։ Չմոռանանք նաև Արցախը Հայաստանից անկախացնելու Րաֆֆու և կուսակիցների համառ ջանքերը, ինչից հետո հարցեր այլևս չեն մնում։

4. Անդրիաս Ղուկասյան ” այս մարդն իր ծոմապահությամբ այս ընտրությունների խինդն ու ուրախությունն ապահովեց։ Իսկ եթե ցինիզմն անջատենք. հասարակական-քաղաքական կյանքում անհայտ մարդ, անհասկանալի պահանջներով, բողոքներով, նպատակներով ևն։ Իսկ եսիմ քանի օր սոված մնալը դեռ պատճառ չէ, որ մարդուն ձայն տամ։

5. Արման Մելիքյան ” ևս մի նախկին նախագահացու, ԼՂՀ նախկին արտգործնախարար, բայց ընդհանուր դեպքում հասարակական-քաղաքական կյանքում ոչնչով աչքի չընկած մարդ։ Ես նույնիսկ արդեն չեմ էլ հիշում, թե իր անունը ում թայֆի հետ էին կապում։ Մի խոսքով, այս թեկնածուն էլ բացառվեց։

6. Սերժ Սարգսյան։ Գործող նախագահին, երևի, արժեր առանձին քլնգել, բայց դա հետո, եթե հավես ու ժամանակ ունենամ։ Իսկ հակիրճ ասեմ. նախորդ 5 տարիներն աչքի ընկան «հայ-թուրքական» սիլիբիլիյով, Արցախյան հարցում հրատապ հարցերի լուծման ԼԱՎԱԳՈՒՅՆ դեպքում անտեսումով (բնակեցում, ԼՂՀ-ն որպես Հայաստանի անքակտելի մաս գիտակցումի արմատավորում ևն), դեմոգրաֆիական խնդիրների խորացմամբ (այդ թվում` արտագաղթ, 12-ամյա դպրոց, ցածր ծնելիություն ևն, ևն), սահմանամերձ գյուղերի նկատմամբ անտարբերությամբ ևն, ևն։ Էլ չխոսեմ կրթական անհեռատես, չմշակված ռեֆորմների, այդ թվում` օտարալեզու դպրոցների մասին։ Ուրախալի չէին նաև տնտեսական «ձեռքբերումները». էլ արտաքին պարտք, էլ Ռուսաստանից կախվածության ուժեղացում, էլ օդում մնացած նոր ատոմակայանի և Հայաստան-Իրան ե/գ ծրագրեր, գյուղատնտեսության մասին էլ չասեմ։ Մի խոսքով, էլի եմ ասում, եթե հավես ունենամ, կարող եմ դեռ երկար քլնգել. նշված կետերից յուրաքանչյուրը մանրամասնել։ Այս պատճառներից ամեն մեկն արդեն իսկ բավարար կլիներ, որ Սերժ Սարգսյանին ընտրելը բացառվեր։

7. Վարդան Սեդրակյան։ Թեկնածուներից ոչ մեկի նկատմամբ իմ կարծիքն այնքան բացասական չէ, որքան այս մեկի։ Իմ բացասական վերաբերմունքի պատճառը, ի տարբերությունը շատ շատերի, Սեդրակյանի մեղմ ասած տարօրինակ խոստումներն չեն, այլ նրա «էպոսագիտական» գործունեությունը։ Այդպիսի մասնագիտություն` «էպոսագետ», գոյություն չունի, բայց եթե պայմանավորվենք էպոսագետ անվանել էպոսի ուսումնասիրությամբ պրոֆեսիոնալ զբաղվող մարդուն, ապա այդպիսին կարող է լինել օրինակ` ազգագրագետը, հայագետը, պատմաբանը, բայց ոչ երբեք ճարտարապետ-շինարարը։ Գիտությունում դիլետանտների նկատմամբ իմ վերաբերմունքը հայտնի է ինձ քիչ թե շատ ճանաչող բոլոր մարդկանց և իմ այդ վերաբերմունքն ընդհանուր սկզբունք է ու վերաբերում է բոլորին։ Կլինի Հերունի, կլինի Ֆոմենկո, կլինի Վարդան Սեդրակյան։

Ինչ վերաբերում է թեկնածու Սեդրակյանին, ապա, ինչպես և Անդրիասի և Մելիքյանի դեպքում, հասարակական-քաղքական կյանքում անհայտ, հետք չթողած թեկնածու է, ինչը բավարար պայման է, որ բացառվի նաև նրան ընտրելու տարբերակը։

Հիմա, ինչպե՞ս ստացվեց, որ մենք ունենք այսպիսի ընտրություններ։ Ես որ չեմ հիշում այսքան անայլընտրանք որևէ այլ ընտրություն մեր երկրում, բացի գուցե ամենաառաջինից, երբ ամբողջ ազգը սիրահարված էր Լևոնին։

Պատճառը պարզ է. քաղաքական դաշտն ուղղակի սրբված, մաքրված է։ Իսկ սրբել, մաքրել է գործող նախագահը (մի բան, որը չհաջողացրին անել ոչ Լևոնը, ոչ Քոչարյանը)։ Իր անձնական շահի տեսանկյունից, սա, իհարկե, արդարացված է ” աբվիճեի հաղթանակ, նորմալ ընտրություն անցկացնելու շանս, սպիտակամորթների կողմից մի քանի գլուխշոյանք ևն, ևն։ Ավելին, կարճաժամկետ իմաստով արդարացված է նույնիսկ հանրության շահի տեսանկյունից (կայունություն, բլաբլաբլա)։ Սակայն արդեն միջնաժամկետ և առավել ևս երկարաժամկետ հեռանկարում քաղաքական դաշտի այս վակուումը բերելու է լճացման իր բոլոր «ուրախ» հետևանքներով։ Ի դեպ, ևս մի պատճառ գործող նախագահին չընտրելու։

Ի՞նչ եմ անելու բա։ Նախ, այստեղից Վանաձոր չեմ գնալու, եթե հանկարծ այլ գործեր չլինեն։ Եթե այնուամենայնիվ գնամ էլ, քվեաթերթիկում ավելացնելու եմ Նիկոլա Տեսլայի անունը։ Չակ Նորիսն արդեն քյամանչա է և անհետաքրքիր, իսկ Տեսլան շատ խոստումնալից նախագահացու է. օրինակ` աչքի մեկ շարժումով կլուծի կարկտահարությունների և առհասարակ վատ եղանակների ու բնական արհավիրքների հարցը։ Ու շատ այլ բաներ էլ։



ընտրություններ, քաղաքականություն, Տեսլա նախագահ, Հայաստան

Previous post Next post
Up