Originally published at
Կորեոլան. You can comment here or
there.
«Ավելի լավ է, որ դու` որպես փայլուն ու հեռանկարային ֆիզիկոս, գնաս Չիկագո կամ Բոստոն ու դառնաս այդպիսի ֆիզիկոս: Հետո իմ երկրին ավելի շատ օգուտ կարող ես տալ քո կապերով, հմտություններով, քո գրանտերով և այլն, քան մնաս էստեղ կրտսեր լաբարանտ, եթե պետությունը այսօր` այս պահին, ամբողջական շղթան քո առաջխաղացման չի կարող ապահովել»: (C) Արմեն Աշոտյան։
Ես վաղուց, դեռ օտարալեզու դպրոցների վերաբացման ժամանակ էի հասկացել, որ Արմեն Աշոտյանն ընդհանրապես չի հասկանում, թե ինչի համար է ստեղծված իր ղեկավարած ոլորտը։ Եվ որպես ՀՀ «սրտացավ քաղաքացի» /(C) ՍՍ/ պարտքս եմ համարում բացատրել դա պարոն Աշոտյանին։
Աշխարհում այնպես է ստացվել, որ գոյություն ունեն բազմաթիվ մասնագիտություններ և դրանցից յուրաքանչյուրի համար մարդիկ, ովքեր տիրապետում են այդ մասնագիիտությանը։ Այդ մարդիկ կոչվում են մասնագետներ։ Աշխարհում գոյություն ունեն նաև պետություններ և այդ պետություններից յուրաքանչյուրը ամեն մի մասնագիտության համար որոշակի քանակի մասնագետների կարիք ունի (ընդ որում, այդ «որոշակի քանակը» կարող է նաև զրոյի հավասար լինել)։
Հիմա, ցավոք սրտի, անհրաժեշտ մասնագետները քյալամի թփերի տակ չեն հայտնաբերվում և ոչ էլ արագիլն է բերում։ Այդ մասնագետներին պիտի պատրաստել։ Ու դա բավական երկարատև պրոցես է, որը տևում է մի 15-20 տարի։ Լավ, բայց ո՞վ պիտի պատրաստի։ Ասեմ, առաջին հերթին տվյալ պետության կրթական համակարգը։ Առանձին դեպքերում, երբ այդ համակարգն ի վիճակի չէ կամ կա ցանկություն այլոց փորձն էլ կիրառել, օգագործում են նաև օտար պետությունների կրթական համակարգերի ընձեռած հնարավորությունները (միջպետական պայմանագրերը, ուսանողների փոխանակման ծրագրեր, ֆլան-ֆստան)։
Այսպիսով, պարոն Աշոտյան, ձեր մոտ մի տեղ գրեք. «երկրի կրթության համակարգը նրա համար է, որ պատրաստի այդ երկրին անհրաժեշտ որակի և քանակի մասնագետներ»։
Եվ սա, որքան էլ դա տարօրինակ է, վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետության կրթության համակարգին։
Իսկ ինչի՞ համար չէ կրթության համակարգը (մասնավորապես` Հայաստանի կրթության համակարգը)։
- Կրթության համակարգը օտար պետությունների համար մասնագետների պատրաստման համար չէ (սա չի նշանակում, թե վերոհիշյալ միջպետական ֆլան-ֆստանների շրջանակներում Հայաստանում չեն կարող սովորել օտարերկրացիներ)։
- Կրթության համակարգը օտար պետություններում հայաստանցիներիս ինտեգրումը հեշտացնելու համար չէ։
- Կրթության համակարգը երկրի համար ոչ պետքական մասնագետների պատրաստման համար չէ։
- Կրթության համակարգը դրսից Հայաստանին օգնողներ պատրաստելու համար չէ, քանի որ «Դրսից Հայաստանին օգնող» մասնագիտություն գոյություն չունի։
Այս 4 կետն էլ անպայման գրեք ձեր մոտ։
Որպեսզի թյուրիմացություն չառաջանա, նշեմ, որ «այսինչ մասնագետը պետք է» չի նշանակում, որ պետք է հենց կիրառական ոլորտում։ Օրինակ` եթե այսօր Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ մեծածավալ հետազոտական աշխատանքներ ֆիզիկայում, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանին ֆիզիկոսներ պետք չեն։ Նույնիսկ այդ պարագայում, երկրին անհրաժեշտ է ֆիզիկոսների գոնե այնպիսի մի մինիմալ քանակ, որը հնարավորություն կտա խուսափել գիտելիքների կորստից, մինչև պայծառ ապագան վրա հասնի։
Որ խոսքը սրան հասավ, էդ էլ ասեմ, պարոն Աշոտյան։ Ուրեմն գիտելիքները ժամանակի ընթացքում կուտակվում են։ Որպեսզի այդ կուտակված գիտելիքները չկորչեն, խելոք-խելոք գրքեր ունենալը գրադարաններում բավարար չէ (նույնիսկ, եթե այդ գրքերը գրված լինեն որևէ մրցունակ լեզվով)։ Անհարժեշտ է նաև, որ այդ գիտլիքները յուրաքանչյուր ավագ սերունդը, փոխանցի իր հաջորդ սերնդին։ Իսկ գիտելիքների կորուստը, պարոն Աշոտյան, ամենասարսափելի բանն է, որը կարող է պատահել որևէ երկրի, պետության կամ քաղաքակրթության հետ։
Հ.Գ.
Սիրելի իմ ոչ այնքան շատ ընթերցողներ, օգնեք պարոն Աշոտյանին, որ նա վերջապես իմանա, թե ինչի համար է նախատեսված իր ղեկավարած ոլորտը։ Ուղարկեք այս տեքստը կամ հղումը նրան կապի ձեր նախընտրած որևէ միջոցով, ձեր լուման ներդրեք կառավարություն-ժողովուրդ կապի ամրապնդման սրբազան գործում, հատկապես ընտրությանն ընդառաջ։ Շնորհակալություն, ուշադրության համար։