այսպիսի օր

Oct 05, 2015 11:54

Երբ սովորում էի դպրոցում, այնպես չէր, որ ինձ համար սովորելու հատուկ պայմաններ էին ստեղծում՝ մեր տանը լիքը մարդ կար միշտ, հյուրեր, որ իրենց մեր տանը իրենց տանն էին զգում, աղմուկ,... բայց մամաս գնում էր ծնողական ժողով հաճույք ստանալու: Գնում էր մի նախադասություն լսելու՝ դե... Ձեզ մենք բան չունենք ասելու... խոսք չունենք, ինչ ասե՞նք:
Գալիս էր տուն ու ինձ չէր գովում: Իր նորմը դա էր, այդպիսի «պլանկա» էր դրված ինձ համար:
Մեր տանը սովորելու կուլտ կար:

Իմ ուսուցիչները լավն են եղել: Ես դա չեմ ասում տարիների ետ-հայացքով: Ես դա միշտ իմացել եմ:

Մաթեմատիկայի ուսուցչուհիս դասավանդեց յոթ տարի, ու տառասխալի համար գնահատական էր իջեցնում. Ոչ ռացիոնալ լուծման համար, ճիշտ լուծումը իր ուզածից ուշ տանելու համար, փնթի գրելու համար, ... : Գերազանցը ոչ թե ուղղակի ճիշտն էր, այլ տեղին, ժամանակին ճիշտը:

Հայերենի ազատության շնորհիվ ես երկու թերթանոց բանաստեղծություն-շարադրություններ էի հանձնում:

Մի դասաժամ գրականություն պատմելիս, երբ զանգը տալիս էր, ուսուցչուհին ասում էր՝ ով ուզում է, թող շուտ գնա, չխանգարի, ես մինչև վերջ եմ լսելու իրեն...

Ռուսերենի ուսուցչուհիս տնից գրքեր էր բերում ինձ համար, որովհետև գտնում էր, որ ես բոլոր գրողներին, որ անցնում ենք, բնագրերով պիտի կարդամ:

Բուսաբանությունն էլ, կենսաբանությունն էլ: Բոլոր դասերին անցած ամեն ինչի քննումը, ամբողջ առարկան իմանալը, ոչ թե դաս-դաս... ես համարում եմ ինձ գրագետ դարձրեց: Ու բառերը որ առանց ճիգի կարող են դուրս լողալ,.. Նույնիսկ երբ բլոգում գրում էի «Քորդավորների պարը», հիշեցի իրենց:

Ես համակարգված կրթություն եմ ստացել: Իմ խոսքը, ասելիքը, կարծիքը գրողների մասին անգամ սահմանափակված չի եղել:
Ու այդպիսի կրթություն է, որ ուզում եմ այսօրվա համար:

Միակ հարցականս աշխարհագրության ուսուցչուհին էր, որ ասում էր՝ ով այդպես պատասխանի, հինգ կդնեմ, բայց քեզ չորս եմ դնում...
Ես ուզում, բայց չէի հարցնում՝ ինչու՞:
Կյանքը ցույց տվեց հետո, որ ինքն էլ է նման աշխարհագրության ուսուցչուհուս....

... Իմ երեխաների վերջին զանգի օրը ասացի՝ ես ձեզ ազատ եմ արձակում. եկեք մոտս, երբ դրա կարիքը կունենաք... բայց եթե ապրեք այնքան երջանիկ, որ երբ ծերանանք ու պարապությունից միայն հիշեք իմ մասին, չմտածեք հանկարծ, որ ինչ-որ բանով պարտավոր եք ինձ՝ այցելելու, հիշելու, խոսելու... Ես համաձայն եմ ձեր այսպիսի կյանքին: Ես ձեզ այսօրվանից ազատ եմ արձակում:

...Այսօր առավոտյան վաղ մայրս զանգահարեց: Թեպետ բավական ժամանակ է դպրոցում չեմ աշխատում: Ասաց՝ շնորհավոր տոնդ, աղջիկս, ես էլ քո աշակերտն եմ եղել...

Շնորհավոր, մեծեր ու փոքրեր, շնորհավոր բոլորիդ տոնը, ում աշակերտն եմ եղել ու եմ:

ՄԱՅՐՍ, Մեծեր ու Փոքրեր, ՏՈՒՆ, fizi-logus

Previous post Next post
Up